Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիեւը նախօրեին Բաքվում համատեղ մամուլի ասուլիսում բավական ուշագրավ հայտարարություններ էին արել: Նրանք վերահաստատել են հայտնի թեզը, որ ադրբեջանցիներն ու թուրքերը մեկ ազգի երկու ներկայացուցիչներ են: Իլհամ Ալիեւը հստակեցրել է, որ թուրք-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունները գտնվում են դաշնակցային բարձրագույն կետում: Թուրքիայի նորանշանակ վարչապետը նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանի ընկերը Թուրքիայի ընկերն է, Ադրբեջանի թշնամին Թուրքիայի թշնամին է: Իլհամ Ալիեւը իր համաձայնությունն է հայտնել թուրք պաշտոնյայի հետ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ այս հայտարարությունները տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումների առումով բավական հետաքրքիր հեռանկար կարող են բացել: Aravot.am-ի հետ զրույցում, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այդ պաշտոնյաների հայտարարություններում ինքը հետեւյալ ուղերձներն է տեսնում. «Թուրքիան վերահաստատեց ԼՂՀ հարցում միակողմանիորեն Ադրբեջանին եւ նրա հանցագործ գործողություններին սատարելու իր կեցվածքը: Դա էլ հանցագործություն է: Եվ`եթե կային երկրներ, նաեւ մեր տարածաշրջանում, որոնք իլյուզիաներ էին տածում, թե Ադրբեջանին կարելի է Թուրքիայից պոկել, ադրբեջանաթուրքական հարաբերությունները թուլացնել, այլ ազդեցություններ ուժեղացնել, իր հայտարարությամբ Ալիեւն ուղղակի ասաց`ընկերներ, մեզնից հեռու գնացեք, քանի որ, ինչ էլ անեք`թուրք-ադրբեջանական հարաբերությունները բարձրագույն կետի վրա են, դրան հնարավոր չէ խզել եւ եթե կա մի պետություն, որը կարող է լինել Ադրբեջանի դաշնակիցը, դա նախեւառաջ Թուրքիան է»:
Aravot.am-ի հարցին`տարածաշրջանում միակ երկիրը, որն ամեն կերպ ջանում է պոկել Ադրբեջանին Թուրքիայից`Ռուսաստանն է. Ալիեւի նման հայտարարություններից հետո ի՞նչ հետեւություններ եւ քայլեր պետք է անեն ՌԴ-ում, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Անշնորհակալ գործ է այլ պետության շահն իրեն բացատրել: Իբրեւ քաղաքական գործիչ, ես ընդամենը փաստն եմ արձանագրում`երկու երկրների ղեկավարները վերահաստատեցին, որ Թուրքիան եւ Ադրբեջանը դաշնակից պետություններ են, մեկի թշնամին մյուսի թշնամին է, մեկի բարեկամը`մյուսի բարեկամն է: Բոլորս էլ գիտենք, թե ո՞ր պետությունները խնդիրներ ունեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Հետևություններ, կարծում եմ, պետք է բոլորս անենք, քանի որ ևս մեկ անգամ բացահայտվեց Ադրբեջանի եւ Թուրքիայի պանթյուրքիստական էությունը: Այդ երկրները հերթական անգամ ցույց տվեցին, որ առաջնորդվում են միասնական, պանթյուրքիստական նկրտումներով»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի`Գերմանիայի Բունդեսթագի`Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին արած հայտարարությանը, թե այն կեղծիքի վրա է հիմնված, Էդուարդ Շարմազանովի դա պարզապես տարօրինակ, զվարճալի, նույնիսկ ծիծաղել է համարում. «Ադրբեջանի բռնակալ ղեկավարը Գերմանիայի Բունդեսթագի ժողովրդավար պատգամավորներին մեղադրում է կեղծիքի եւ պրովոկացիայի մեջ`ավելացնելով, որ Ադրբեջանը դա չի հանդուրժի»: Ալիեւը հիշեցրել է նաեւ, որ անցյալ տարի հունիսի 12-ին Բունդեսթագը Ադրբեջանին մեղադրել էր հակաժողովրդավարական գործողությունների մեջ: Ալիեւը մեղադրել է Բունգեսթագին`անարդարացի որոշումների կայացման համար:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնի է, հունիսի 7-8-ին տեղի է ունենալու Իլհամ Ալիեւի այցը Գերմանիա եւ հանդիպումը Կանցլեր Անգելա Մերկելի հետ: Գերմանիա այցից առաջ նման հայտարարություններ անելը ըստ ԱԺ փոխխոսնակի ոչ այլ ինչ է, քան «Գերմանիայի վրա մատ թափ տալ», ինչը բավական զարմանալի ու հետաքրքիր է: «Պատասխանը կտեսնենք Գերմանիայում»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ երկու ոչ ժողովրդավար երկրների ղեկավարի եւ վարչապետի`դեմոկրատիայի մասին զրույցները իրեն հիշեցրել են երկու ագռավների պատմությունը. «Երբ երկու ագռավ նստած իրենց գովոմ են եւ դժգոհում, թե ինչո՞ւ մյուս թռչուններն իրենց չեն սիրում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ