2016թ. հունիսի 3-ին Ադրբեջանի մայրաքաղաք ժամանեց Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, որը հանդիպեց երկրի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրիեթ» լրատվականը։
Բինալի Յըլդըրըմն ու Իլհամ Ալիևը համատեղ մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում անդրադարձել են երկու երկրների հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի։
Օգտվելով առիթից՝ Ադրբեջանի նախագահ Ալիևն արտահայտվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի ընդունած օրինագծի մասին. «Մենք քննադատում ենք Գերմանիայի խորհրդարանի որոշումը։ Այն չունի որևէ տրամաբանություն և մենք լուրջ չենք վերաբերվում դրան։ Հայկական հարցը Գերմանիայի համար պատրվակ է։ Ադրբեջանը, ինչպես միշտ, Թուրքիայի կողքին է»։
Նախագահ Ալիևն անդրադարձել է նաև Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին. «Մենք միայն Թուրքիայի հետ կարող ենք ուժեղ լինել։ Թուրքիան տարածաշրջանային ուժ է։ Թուրքիայի ուժը մեր ուժն է։ Թուրքիայի հաջողություններով ուրախանում ենք, ինչպես մեր հաջողություններով»։
Կարդացեք նաև
Ադրբեջանում հյուրընկալվելու համար շնորհակալություն է հայտնել Բինալի Յըլդըրըմը՝ ասելով, որ առաջին անգամ Բաքու է ժամանել 2003թ.. «Այսօր Բաքուն այլ քաղաք է։ Այս քաղաքը այս տեսքին Դուք եք (նկատի ունի Ալիևին,-խմբ.) բերել, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում Ձեզ»։
Յըլդըրըմը չի շրջանցել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների թեման. «Ադրբեջանի բարեկամը՝ մեր բարեկամն է, թշնամին՝ մեր թշնամին է։ Ժամանակը եկել է, որպեսզի վերջ դնենք Հայաստանի արածներին։ Որպես Թուրքիա, մենք ուշի ուշով հետևում ենք։ Այս խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ վերադարձվեն ադրբեջանական հողերը»։