«Հունիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է Բնապահպանի օրը` միանալով Երկիր մոլորակի բնակչությանը, ով նշում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: Այսօր համաշխարհային հանրությունը կանգնած է համամարդկային մի շարք հիմնահարցերի` առաջին հերթին բնապահպանական խնդիրների առաջ: Շրջակա միջավայրի համաշխարհային օրը ողջ մարդկությունն իր ձայնն է բարձրացնում՝ ի պաշտպանություն մեր ընդհանուր տան` Երկրի:
Աշխարհում տնտեսության թռիչքային զարգացման գերակայության պայմաններում Հայաստանը չէր կարող զերծ մնալ բնապահպանական խնդիրներից: Որպես աշխարհում հարուստ կենսաբազմազանություն ունեցող երկրներից մեկը` օրվա խորհուրդը մեզ համար առանձնահատուկ է: Համարվելով ժողովուրդների կայուն զարգացման հենասյուներից մեկը` շրջակա միջավայրի պահպանության գաղափարը պետք է իր կայուն տեղը զբաղեցնի մեր պետության արժեհամակարգում: Մենք մեծ պատասխանատվություն ենք կրում մեր ուսերին. պահպանել և արժանապատվորեն սերունդներին փոխանցել մեր պատմական բնօրրանի այս փոքր հատվածի անկրկնելի կենդանական և բուսական աշխարհը:
ՄԱԿ-ի հռչակած Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Միացիր պայքարին`աշխարհն ավելի լավը դարձնելու համար»: Կարգախոսի խորհուրդն այն է, որ շրջակա միջավայրի պահպանության գիտակցումը պետք է ուղեկցի յուրաքանչյուրիս` անընդհատ և ամենուր: Յուրաքանչյուր օրը մենք պետք է օգտագործենք բնապահպանական խնդիրները վերհանելու և լուծելու համար՝ ի շահ մեր քաղաքացիների բարօրության ու բարեկեցության:
Ղեկավարվելով օրվա խորհրդով` դիմում եմ մեր քաղաքացիներին՝ համատեղելու մեր ուժերը բնապահպանական խնդիրների արդյունավետ լուծման, բնապահպանական նոր մարտահրավերների կանխարգելման, հայրենի բնաշխարհի պահպանության և այն սերունդներին փոխանցելու կարևորագույն առաքելությունն իրականացնելու համար»:
Կարդացեք նաև
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան
ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն