Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էրդողան. Գերմանիայի խորհրդարանի որոշումն ոչ մի արժեք չունի. «Հաբերլեր»

Հունիս 04,2016 11:07

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Աֆրիկա կատարած շրջագայության ընթացքում իրեն ուղեկցող լրագրողները հնարավորություն են ստացել հարցեր ուղղել նախագահ Էրդողանին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Էրդողանը բավական երկար անդրադարձ է կատարել 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին։ Անդրադառնալով այդ թեմային՝ Էրդողանը հենց սկզբում ասել է. «Գերմանիայի խորհրդարանի որոշումն ոչ մի արժեք չունի»։

Լրագրողներից մեկն Էրդողանին հիշեցրել է նրա հայտնի «Խնդիրները նվազեցնել, բարեկամներին ավելացնել» խոսքը և հարցրել, թե Գերմանիայում տեղի ունեցածից հետո ինչպե՞ս է դա հնարավոր։ Հարցին ի պատասխան, Էրդողանն ասել է. «Մենք ջանքեր կգործադրենք, որպեսզի ավելացնենք մեր բարեկամներին, իսկ մեզ դեմ գնացողները, կարևոր բարեկամ կկորցնեն։ Մենք Գերմանիայում մոտավորապես 3 միլիոն հայրենակից ունենք։ Գերմանիայի տնտեսության վրա նրանք շատ լուրջ ազդեցություն ունեն։ Այդ թեմայով խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների սղագրությունները դեռևս ինձ չեն հասել։ Այդ քննարկումների վերաբերյալ գնահատական կտանք։ Գերմանիայի խորհրդարանի կայացրած վճիռն ոչ մի արժեք չունի։ 1915թ. դեպքերի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է։ Որոշները այդպիսի օրինագծեր ընդունելով՝ չեն կարող փոխել մեր պատմությունը։ Նրանք պետք է գիտակցեն հետևյալը՝ այժմ կանգնած են Թուրքիայի նման բարեկամին կորցնելու վտանգի առջև»։

Թուրքիայի նախագահն ասել է նաև, որ անհնար է որևէ նմանություն գտնել Հոլոքոսթի և «1915թ. դեպքերի» վերաբերյալ՝ հիշեցնելով նաև այդ թեմայով ՄԻԵԴ-ի կայացրած վճիռը։ Լրագրողները հարցրել են նաև, թե ինչ պատասխան քայլեր է ձեռնարկելու Թուրքիան։ Նախագահ Էրդողանն ասել է. «Գերմանիայի խորհրդարանի որոշումը դրական չէ։ Նախևառաջ` պետք է անհրաժեշտ գնահատական տանք։ Բարկությամբ և զայրույթով վճիռ կայացնելը մեզ չի սազում»։

Էրդողանը փորձել է նաև դավադրություն տեսնել Գերմանիայի խորհրդարանի գործողությունների մեջ. «Հետաքրքիր մի բան կա։ Պատկերացրեք՝ քվեարկության արդյունքում եղել է մեկ դեմ, մեկ ձեռնպահ և մարդիկ, որոնք չեն մասնակցել քվեարկությանը։ Մի՞թե դա Գերմանիայի համար այդքան ազգային հարց էր։ Անցյալ տարի 1915թ. դեպքերի 100-ամյակն էր, ինչո՞ւ այդ նախագիծը քվեարկության չդրվեց անցյալ տարի և ընդունվեց այս տարի։ Սա, իհարկե, մտահոգիչ է։ Նշանակում է բարձր օղակներից նման հրահանգ է եղել, որ այդպիսի որոշում է կայացվել։ Հիմա ինձ հետաքրքրի է՝ այսպիսի որոշումից հետո գերմանացի ղեկավարներն ինչպե՞ս են նայելու ինձ, մեր վարչապետին»։

Նախագահ Էրդողանը մեկնաբանել է նաև Մերկելի՝ քվեարկությանը չմասնակցելու փաստը. «Մի քանի օր առաջ, մեր հեռախոսազրույցի ընթացքում, ասաց, որ կանի իրենց կախված ամեն ինչ (Մերկելն ասել էր, որ կանի ամեն ինչ, որպեսզի օրինագիծը չընդունվի,-խմբ.)։ Ես 40 տարի է զբաղվում եմ քաղաքականությամբ և չեմ կարողանում հասկանալ թե ինչպես չի ստացվել համոզել իր խմբակցությանը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930