Պետք էր ընդամենը մի քառօրյա պատերազմ, որ անհավանական թվացող բաներն իրականություն դառնան: Ասենք` պաշտպանության նախարարությունում մի շարք պաշտոնանկությունները:
Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի ամենակայացած համակարգը, այնուամենայնիվ, բանակն է, ըստ այդմ էլ` միգուցե ռազմական գերատեսչությունը: Եթե այնտեղ մարդկանց փոխում են, քանի որ, այո, մեծ թվով զոհեր ենք ունեցել ինչ-որ բացթողումների պատճառով, ուրեմն, միգուցե այնպես անենք, որ ամեն ոլորտում պատերազմին համարժեք այնպիսի գործողություններ կազմակերպենք, որ ի վերջո ակնհայտ երեւա` ո՞վ է միայն իր ու իր հարազատների գրպանների համար աշխատում, ո՞վ է խանգարում ոլորտների զարգացմանն ու արդյունավետությանը (չնայած` չենք կարծում, որ ՊՆ-ում որեւէ մեկն առանց կենտրոնացված համակարգման որեւէ բան ինքնուրույն կարող էր անել, այս իմաստով չէինք ուզենա կրկին միայն սլաքավարներ առանձնացնելու իմիտացիայի դրսեւորում տեսնել, դա աղետալի ճանապարհ է):
Միգուցե չափազանցում ենք ոլորտներում ցնցումներ առաջացնելու առումով, բայց Հայաստանում ամեն ինչ այն աստիճանի է կանգ առած, որ շարժում առաջացնելու համար իսկապես արտակարգ միջոցառումներ են պետք:
Մեզ թվում էր` ապրիլյան պատերազմից հետո մերոնք կգնահատեն պետությանն ուղղված սպառնալիքը, եւ միգուցե դանդաղորեն ձեռքները հանեն պետության գրպանից, բիզնեսում գոնե մեկումեջ թույլ կտան սովորական մարդկանց ու նախաձեռնողներին շնչել, զարկ կտան պետության անվտանգության` տնտեսական ու ռազմական բաղադրիչների արագ վերաբեռնմանը: Սակայն ոչ մի նշան չկա առայժմ այդ առումով:
Կարդացեք նաև
Մենաշնորհների դեմ պայքար իբր սկսելու ժամկետներն էլ անընդհատ էս ամսից մեկել ամիս են հետաձգում` լրիվ անլրջացնելով գաղափարը, իսկ իրականում տարբեր հնարամտություններով ժամանակ ձգելով մինչեւ եկող` ընտրական տարվա մոտենալը: Այն աստիճան անշարժություն է, որ անգամ սովորական հարցազրույցը կարող է տատանել թվացյալ հանդարտությունը, բազմաթիվ ենթադրությունների ու վախերի պատճառ դառնալ… Խոսքը «Սիվիլնեթին» Սամվել Բաբայանի տված հարցազրույցի մասին է:
Հարցազրույցում նոր բան կա` չորսօրյա պատերազմը Բաբայանը հակառակորդի դիվերսիա է անվանում, այն եւս` չպլանավորված, որի պատճառով մենք դիրքեր ենք կորցրել, իսկ հետո փորձել ենք հետ բերել:Պաշտոնյա չլինելը նրան թույլ է տալիս առանց հերոսական հռետորաբանության ասել այն, ինչ պաշտոնյաներն իրենց թույլ տալ չեն կարող, եւ ինչ վաղուց ուզում է հասկանալ հայ հանրությունը: Միգուցե` դա իր ըմբռնումն է տեղի ունեցածի մասին, սակայն դա Արցախի, արցախյան պատերազմի ամեն մանրամասնին ժամանակին տիրապետած ռազմական ղեկավարի տեսակետ է: Այս դեպքում, հավանաբար, պետք է վերանալ Բաբայանի վերաբերյալ ոչ միանշանակ ընկալումներից, որոնք առաջացնող պատճառները վերագնահատելու ժամանակ Բաբայանն ինքն էլ ունեցած կլինի, եւ խնդրին նայել ազգային-ռազմական անվտանգության տեսակետից:
Եթե այլ նպատակներ կամ պայմանավորվածություններ չկան միջազգային կառույցներում, որոնք հիմա, միեւնույն է, չեն աշխատի, քանի որ հայ հանրության դիրքորոշումն է կոշտացել զիջումներ անելու վերաբերյալ, գտնում ենք, որ որեւէ բան, անգամ Բաբայանի հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունքը խանգարիչ դեր չպետք է ունենա նրա առաջարկները լսելու, եւ, եթե դրանք ընդունելի են, իրականացնելու, եթե նույնիսկ պետք լինի Բաբայանին ինչ- որ լծակներով օժտելու: Ի վերջո` երկրի պաշտպանունակության եւ անվտանգության խնդիրը բարձր է բոլոր տեսակի ամբիցիաներից ու վիրավորանքներից, որոնք այդ մի հարցի առաջնայնությամբ կարելի է հաղթահարել: Բայց մեր ասածը, իհարկե, աշխատող է, եթե չկան թաքնված նպատակներ նաեւ Սամվել Բաբայանի պարագայում. ինձ, օրինակ, դուր չի գալիս նրա վերաբերյալ վերլուծությունների չարախինդ եւ ամեն տեսակ որակումներով հագեցած տոնը` ուղղված Բաբայանի ընդդիմախոսներին:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում