Վերջերս «Առավոտում» հրապարակվեց մի հոդված «Քարկտիկ» ֆիլմի մասին, որում պատմվում է Քարահունջի աստղադիտարանի մասին: Այդ հոդվածում մեր լրագրողի զրուցակցի ասածները դուր չեկան մեր ընթերցողներից մեկին, որը ներկայանում է որպես մասնագետ: Բայց այդ հրապարակումից դժգոհ մարդը սկսեց բանավիճել ոչ թե տեսակետ հայտնողների, այլ «Առավոտի» հետ` ինչպես մենք համարձակվեցինք հրապարակել նման սխալ, նման անգրագետ հոդված` առանց գիտնականների հետ զրուցելու:
Նման վրդովմունք ընթերցողները հաճախ են հայտնում` մի երկու շաբաթ առաջ էլ նույն «խարազանումներն» եմ կարդացել պատմական թեմայով հրապարակման վերաբերյալ: Բայց լրատվամիջոցը, կարծում եմ, չի կարող դատավոր լինել եւ «ճշմարտություն» որոշել որեւէ, այդ թվում նաեւ` գիտական հարցերում` մեկը կարծիք է հայտնում, եթե մեկ ուրիշը համաձայն չէ, համեցեք, «Առավոտը» բաց է բոլոր կարծիքների համար:
Սամվել Բաբայանը քննադատում է իշխանություններին՝ առայժմ հիմնականում մնալով «ռազմական թեմաների» շրջանակում, լավ է անում, շատ մի նեղվեք, փորձեք գտնել այդ քննադատության մեջ ռացիոնալ հատիկը: Իշխանության ներկայացուցիչները չեն համաձայնում այդ քննադատության հետ, էլի լավ են անում, կարծում են, որ դա քաղաքական հայտ է, դարձյալ` դա նրանց կարծիքն է: Անձնապես ինձ թվում է, որ ոչ այս կողմում, ոչ էլ այն կողմում «փերիներ», «ազգափրկիչներ» եւ «սպինոզաներ» չկան, բայց բոլորին պետք է լսել, կարծիքը հաշվի առնել, բոլորի վաստակը պետք է գնահատել: Թե՛ այս երկու կողմերի եւ թե՛ մնացած կողմերի տեսակետը պետք է տեղ գտնի «Առավոտում», ես բոլորի տեսակետների հրապարակումը ողջունելի եմ համարում:
Իսկ ի՞նչ վատ բան կա քաղաքական հայտ ներկայացնելու մեջ: Ոչ մի՝ էլ ե՞րբ պիտի այդ հայտը ներկայացվի, եթե ոչ՝ խորհրդարանական ընտրություններից առաջ: Որքան շատ լինեն քաղաքական հայտերը, այնքան լավ: Անհանգստանալ է պետք, երբ քաղաքական հայտեր չկան, քանի որ դա կնշանակեր, որ պայքարն ընթանալու է ոչ քաղաքական մեթոդներով:
Կարդացեք նաև
Կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Բաբայանը, «Համախմբումը» եւ նրանց լրատվական ռեսուրսները մեկ քաղաքական թի՞մ են կազմում: Շատ հնարավոր է, բայց դա նորմալ է: Խանդավառ կողմնակիցների եւ «թարախակալած» հակառակորդների աժիոտաժը հավերժ չի տեւի: Բայց մինչեւ այս աշխուժության մարումը՝ եթե խանդավառներն ու «թարախները» բան ունեն ասելու՝ համեցեք «Առավոտ»: Միայն թե չմտածեք, որ որեւէ մեկին մենք համարում ենք վերջին ճշմարտության կրողը:
Վերջերս երեխայի համար ծնողների ինչ-որ կռվի էինք անդրադարձել՝ ներկայացրել էինք թե՛ հոր, թե՛ մոր կողմի փաստարկները: Դրանից հետո երկու կողմն էլ մեզ հանգիստ չէր տալիս՝ «բայց չէ՞ որ ճշմարտությունը մեր կողմն է»:
Մեկ էլ շատ եմ զվարճանում, երբ որեւէ մեկից հարցազրույց ենք վերցնում, իսկ ընթերցողը տակը գրում է՝ «որն էր այդ հոդվածի նպատակը»: Հարցազրույցի, ոչ թե «հոդվածի» նպատակը տվյալ անձի տեսակետը ներկայացնելն է: Երկրորդ նպատակն էլ այն է, որ դուք այդ հոդվածը կարդաք:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պարզ է թէ այս յօդուածի թաքուն նպատակն է՝ քողազերծել այն սոսկալի գաղտնիքը թէ Քարահունջից աստղերի մասնագիտական ուսումնասիրութեամբ է միայն որ կարելի է թափանցել Սամվել Բաբայանի խօսքերի ճշմարիտ իմաստը, զորս, քննարկվելէ ետք Ազգային Ժողովի կողմէ, որպէս վերջին վաւերացում՝ պէտք է որ արժանանայ իրարու միջեւ խնդիրներ ունեցող հեթանոս ամուսինների կատարեալ համախոհութեան, մամլոյ ասուլիսի մը ընթացքին:
Եթէ չնկատեցիք, ուրեմն մի հատ եւս կարդացէք…