Լրահոս
Օրվա լրահոսը

Մենաշնորհի դեմ պայքարի մեխանիզմների արդյունավետությունը` հարցականի տակ. «Հայոց աշխարհ»

Հունիս 04,2016 09:14

Մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունից երեք շաբաթ անց կառավարությունը դեռեւս փորձեր է անում հիմքեր ստեղծել այն տեղափոխելու գործնական դաշտ։ Եվս մեկ ամիս կպահանջվի փաստաթղթային բազայի ձեւավորման համար, որը պետք է հնարավորություն տա շուրջ մեկուկես տասնյակ ապրանքային շուկաներում ներմուծման ժամանակ ստեղծել հավասար պայմաններ։ Ու դեռ հարց է, թե ներդրվելիք մեխանիզմները որքանո՞վ արդյունավետ կգործեն։

Կառավարությունում աստիճանաբար ուրվագծվում են այն հիմնական թիրախները, որոնք իսկապես դարձել են Հայաստանի տնտեսության մենաշնորհայնացման գլխավոր պատճառները։ Դրանք են՝ ներմուծման սահմանափակումները, տարբեր տեսակի խոչընդոտների գործադրումը, անհավասար հարկային եւ մաքսային ձեւակերպումները, տարբերակված գնային քաղաքականության կիրառումը եւ այլն։

Այդ ամենի հետեւանքով բազմաթիվ ապրանքային շուկաներում գոյություն ունեն մենաշնորհային հարաբերություններ կամ բարձր կենտրոնացվածություն։

Բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաներում մրցակցային միջավայրի բարելավումը կառավարությունը մտադիր է սկսել սոցիալական նշանակության ունեցող ոլորտներից։ Խոսքը հատկապես այնպիսի ապրանքային շուկաների մասին է, որոնք սոցիալական լինելուց բացի, ասոցացվում են մենաշնորհների հետ։

Որպես առաջին քայլ նախատեսվում է մեկամսյա ժամկետում մշակել հստակ ուղեցույցներ՝ հիշյալ ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրությամբ. «Ուշադրության կենտրոնում պետք է լինի բոլոր տնտեսավարողների համար հավասար պայմանների ապահովումը, իսկ յուրաքանչյուր չհիմնավորված շեղում պետք է դառնա ծառայողական քննության առարկա»։

Սոցիալական կարեւոր ապրանքային շուկաներում կառավարությունը պատրաստվում է քննարկել «նույն խոշոր տնտեսավարողի կողմից միաժամանակ մանրածախ եւ մեծածախ վաճառքով զբաղվելն արգելելու գաղափարը»։ Ըստ այդմ` «խոշոր տնտեսավարողը մեծածախ վաճառք պետք է իրականացնի միայն պետականորեն հսկվող էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ վաճառքի պայմանները պետք է լինեն թափանցիկ եւ հավասար բոլոր ձեռքբերողների համար»։ Այլ կերպ ասած, վաճառքը պետք է իրականացվի բորսայում։

Որպես այդպիսին, Հայաստանում ապրանքային բորսան կայացած չէ: Այնպես որ, նման գաղափարի իրականացումը, նախեւառաջ, ենթադրում է այդպիսի հարթակի ձեւավորում։

Անշուշտ, լավ է, որ մեծածախ վաճառքով զբաղվողի համար մանրածախ ոլորտում գործելու դեպքում սահմանափակումներ լինեն։ Այն անտարակույս դրական քայլ է հավասար տնտեսական դաշտի ձեւավորման համար, սակայն միաժամանակ պարունակում է որոշակի գնաճային ռիսկեր։ Թեեւ կա նաեւ դրա լուծումը. անհրաժեշտ է հաստատել արդար մրցակցային հարաբերություններ, եւ շուկան ինքն իրեն կկարգավորի։

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930