Երբ առաջին անգամ տեսա տիեզերքից լուսանկարված մեր մոլորակի պատկերը, ապշեցի, թե ինչքան գեղեցիկ է մեր բոլորի տունը՝ անկախ պետությունների սահմանագծերից, անկախ կրոններից, քանի որ այդ ամենը կապույտ, կիսաամպամած ու լուսավոր, թրթռուն կենդանության մեջ էր երեւում: Եվ մեր Երկիրը ինձ թվաց անհավատալի ստեղծագործություն՝ անվախճանության կնիքը վրան: Եվ երիցս սխալ են իրապաշտ գիտնականները, թե այդ ամեն ինչը պատահականություն է, այսինքն թե՝ տիեզերական քմահաճույք կամ թյուրիմացություն:
Այնինչ այսպիսի փխրուն գեղեցկության նման անպաշտպան ստեղծագործությունը անհավատալի հավասարակշռության մեջ է բոլոր մյուս մոլորակների հետ, եւ ինչքան էլ որ երբեմն թվա, թե ուշանում է, գարունը միշտ էլ ժամանակին է գալիս:
Եվ ահա այստեղ է, որ մոլորվում են զգայուն հոգիները, երբ չեն կարողանում թափանցել, առնչվել, հասկանալ Աստծո գաղտնի միտքը եւ արարման նպատակը, եւ պոետի անվստահ ձայնով բարբառում, ձեւակերպում են՝ Մենք բոլորս, բոլորս, մանուկներ ենք որբ, այսինքն՝ պիտի իրար ձեռք մեկնենք, որպեսզի վերջնականապես չմոլորվենք:
Այնինչ նույն այդ աստվածային ներդաշնակության մեջ միշտ հայտնվում է հակամարդը եւ թելադրում իր կանոնները աններդաշնակության. Աթիլլա, Չինգիզ խան՝ մինչեւ վերջին ծովը, Անգլիա՝ բոլոր ծովերը, Խորհրդային Միություն՝ համաշխարհային հեղափոխություն եւ այլ խաներ ու ամերիկաներ: Երկիր, ուր դերասանուհու ներքնազգեստը հարյուր հազարներով վաճառում են աճուրդներում՝ մոռանալով, որ իրենց մոլորակի բնակիչների գրեթե կեսը կիսասոված է, որոնց երկրների հաշվին են հարստացել իրենք: Եվ հետո զարմանում ու վիրավորվում են, որ աշխարհում հայտնվում է ահաբեկիչը՝ որպես հակապարտադրանք պարտադրվող աններդաշնակությանը…
Եվ եթե շարունակվի բութ ուժի միջոցով պարտադրվել ազգերին ներդաշնակության սեփական պատկերացումը, վաղը նորից կհայտնվեն այլ ահաբեկիչներ ու ցեղասպաններ, եւ դա կլինի անվերջ, քանի որ խախտվել է աշխարհի հավասարակշռությունը: Մի բան, որը կարծես թե վաղուց հասկացել է ծերուկ Եվրոպան, եւ փորձում է գնալ ներդաշնակության ճանապարհով, քանի որ հակամարդու հայտնությունը ստեղծում է հակաազգեր, իսկ հակաազգերը՝ անվերջանալի պատերազմներ: Օրինակը՝ երեկ Գերմանիայի Բունդեսթագի՝ ուշացումով, բայց արդարամիտ, մարդամեծար որոշումը:
Կարդացեք նաև
Այնինչ մենք բոլորս մանուկներ ենք որբ տիեզերական անսահմանության առաջ. ասում եմ ինքս ինձ ու վերադառնում իմ մեծ ժողովրդին, բայց առայժմ փոքրիկ երկրիս, ուր մեր թշնամու հրահրած քառօրյա պատերազմում Հայ Զինվորը հաղթեց նրան եւ իր՝ սեփական երկիրը պահելու անսասանությունը նկատվեց աշխարհում: Եվ ես բոլորովին վերջերս տեսա Հայ Զինվորին սահմանի վրա, ով պաշտպանում էր ոչ միայն Արցախը, այլեւ համայն հայության սահմանները: Ես մեր Զինվորի աչքերի մեջ տեսա մաքուր ջրի զուլալ գետը եւ իմ ներսում հագա նրա զրահաբաճկոնն ու զինվորական զուգսը, եւ անմիջապես էլ հասկացա, որ ես էլ եմ զինվորներից մեկը:
Ես վերադարձա հավատով, որ այսու սկիզբ կառնի մի նոր ոգեղեն ծփանք, մենք կհագնենք հավատի լուսավոր զգեստը եւ մեր տաք ու փոքրիկ երկրում կվերականգնենք աշխարհի խախտված ներդաշնակությունը եւ կշարունակենք ընթանալ մեր կապույտ եւ փխրուն մոլորակի բնականոն ծիրով՝ թվացյալ գիտունների եւ հաստատուն անգիտության այս աշխարհում:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ