Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չսկսել փոխնախարարներից

Հունիս 04,2016 17:00

Պետական ծախսերի կրճատման առաջարկ

Պետական ծախսերը կրճատելու, ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու` ՀՀ վարչապետի այս տարվա մայիսի 12-ի հայտարարությունը դեռ նոր զարգացումների պատճառ է դառնում: Մեր տեղեկություններով՝ բոլոր նախարարություններում լարվածություն է առաջացել, շատերը փորձում են «մարդ մեջ գցել», որ հանկարծ չկրճատվեն: Առաջին անգամը չէ, որ Հայաստանում փորձում են բարձրացնել պետական ծախսերի արդյունավետությունը, ու արդյունքում մի երկու հոգու ազատում են աշխատանքից եւ վերջ:

Այսօր Հայաստանի կառավարությունը 19 նախարարություն է, կառավարությանն առընթեր 7 մարմին: Բոլոր նախարարություններում միասին 60 փոխնախարար կա. ամենաքիչը միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունում` ընդամենը մեկ, ամենաշատը գյուղատնտեսության եւ էկոնոմիկայի նախարարություններում` հինգական: Հավանաբար հենց այս պատճառով վարչապետի վերը նշված հայտարարություն-պահանջից հետո գյուղնախարար Սերգո Կարապետյանը առաջինն է կրճատումների սեփական ցուցակով շտապել վարչապետի մոտ: Սրանով գյուղնախարարը փաստորեն ընդունել է, որ կարող է նվազ աշխատակազմով աշխատել: Իսկ թե ինչո՞ւ էր համակերպվել ուռճացված համակարգի հետ` չի ասել: Ակնհայտ է, որ մի նախարարության մի վարչության մի առաջատար մասնագետին աշխատանքից ազատելը հարցի լուծում չէ, ինչպես հիմա փորձում են անել: Ինչպես շատ են ծառայողական ավտոմեքենաները, այնպես էլ շատ են փոխնախարարները: Եվ զուտ թվաբանորեն. մեկ փոխնախարարի հաստիքի կրճատումը ավելի շատ գումար կտնտեսի` աշխատավարձ, օգնական-քարտուղարուհի, ծառայողական մեքենա, վարորդ եւ այլն, քան 3 առաջատար մասնագետի, որը պետությունից փող ստացող օգնական-քարտուղարուհի չունի, ծառայողական մեքենա եւ հետեւաբար վարորդ չունի: Ինչո՞ւ պիտի հանրապետության բնությամբ զբաղվող նախարարը աշխատի երկու, իսկ հանրապետության տարածքային զարգացմամբ զբաղվող նախարարը` երեք, տնտեսությամբ զբաղվող նախարարը` հինգ, տեղակալով: Ժամանակին երբ տարածքային կառավարման այսօրվա նախարարը գյուղնախարար էր, մեկով ավելացրեց տեղակալների թիվն ու նկատեց, որ կարելի էր աշխատել նաեւ առանց նոր տեղակալի: Փաստորեն նախապատվություն տվեց ուռճացված համակարգին, ինչպես գյուղատնտեսության ներկայիս նախարարը:

Վարչապետի մայիսի 12-ի հայտարարությունից վեց ամիս առաջ` 2015-ի նոյեմբերին, Հանրապետական մեծամասնության կամոք ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալների թիվը կրկնապատկվեց` մեկից դարձավ երկու. ասացին՝ չեն հասցնում ամեն տեղ գնալ: Սրանով ընդունեցին, որ ԿԲ աշխատակազմում մասնագիտական որակները առաջնային չեն, մասնագետ չկա, որ ԿԲ-ն ներկայացնի: Մասնագիտական որակներով չփայլող մարդկանցով լցված եւ իրար կրկնող պետական կառույցների մասին արդեն գրել ենք` «Ինչպես տնտեսել 100 միլիոն դրամ»:

ԿԲ-ում աշխատավարձերը փոքր չեն: ԿԲ-ն պետբյուջեից փող չի ստանում, բայց պետությունից ստացած լիազորությունների արդյունքում ստացած գումարներից է սնվում: ԿԲ-ն ՊԵՏԱԿԱՆ փողերով ապրող կառույց է: Եթե չավելացվեր ԿԲ նախագահի տեղակալների թիվը, եթե կրճատվի նախարարների տեղակալների թիվը, պետական ծախսերի արդյունավետությունը կբարձրանա: ՀՀ ԱԳՆ-ում կա սփյուռքի բաժին ու բազմակողմ եւ երկկողմ տնտեսական համագործակցության վարչություն: Այս օղակները հզորացնելու փոխարեն՝ ստեղծվեցին Սփյուռքի նախարարություն եւ Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն:
Ասում են՝ եթե ուզում ես մի բան ապահով թաքցնել, դիր ամենաերեւացող տեղում, բոլորը կտեսնեն ու չեն նկատի: Դատելով կառավարության` պետական ծախսերը կրճատելու ուղիների փնտրտուքից` կառավարությունում չեն տեսնում այն, ինչ դրված է աչքի առաջ. փոխնախարարների ավելորդ հաստիքներ:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Գ. Սույն հրապարակումը պետական ծախսերի կրճատման առաջարկ է եւ [email protected] էլեկտրոնային հասցեից ուղարկել եմ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի [email protected] էլեկտրոնային հասցեին, ինչպես խնդրել էր վարչապետը:

 

«Առավոտ»

03.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Նելլի ջան, ռուսերեն մի խոսք կա, держи карман шире: Շատ լավ բան ես ասում, բայց դա լինելու բան չի: Ինչպես եւ լինելու չի անգամ այն նվազագույնը, որ ասում են:

  2. կարկտահարված մեքենայի վարորդ says:

    Շատ լավ հոդված է գրել Նելլի Գրիգորյանը: Օդից բաներ չի գրել, այլ լավ անալիզ է արել: Ո՞վ կսպասեր` մի փոքրիկ երկրում 60 փոխնախարարներ կան:
    Շատերից եմ կարծիք լսել, որ ցանկացած նախարարի համար մի տեղակալն էլ է բավական: Մեր աղքատ երկրի համար շատ շռայլ չէ՞ 19-ի փոխարեն 60 փոխնախարար պահել: Դրանք բոլորն էլ փողկապավոր ճառ ասողներ են, ոչ թե գործ անողներ: Գործը միշտ էլ ներքևի օղակներում է կատարվում: Փոխնախարարները պարզապես ուրիշի արած գործը որպես սեփական գաղափարներ նախարարին գեղեցիկ կերպով ներկայացնելու խորամանկություն ունեն: Նախարարներն էլ քանի-որ միայն փոխնախարարների հետ են շփվում, վախենում են, որ առանց նրանց գործը կտապալվի: Ավելորդ վախեր են:
    Այդքան փոխնախարար իրենց քարտուղարուհիով, օգնականով վարորդով, ծառայողական մեքենայով, մեքենայի վառելիքով, պահեստամասերով, ԱՊՊԱ-ի ու տեխզննության գումարներով` խայտառակ կերպով ավելացնում են մեր խղճուկ բյուջեի առանց այն էլ մեծ ծախսերը: Եվ սա կատարվում է այն իրավիճակում, երբ մեր ժողովուրդը հանգանակություն է անում, որպեսզի դրանով հնարավորինս աջակցի պատերազմի մեջ գտնվող մեր երկրի պաշտպանունակությանը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930