Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական անվտանգության որոշ խնդիրներ

Հունիս 04,2016 16:30

Պետության ամենադժվար գարուններից մեկն ավարտվեց: Ինչպես երկու ամիս առաջ, այսօր էլ նույնն է անորոշությունը, նույնն են անհանգստությունները, ու նույնն են երկրի անվտանգության շուրջ բազմաթիվ հարցերը, որոնք, կարծես թե, ոչ ոք չի էլ պատրաստվում քննարկել: Իշխանությունը փորձում է ապրել իր նախաապրիլյան ռեժիմով:

Իսկ հարցերը մնացել են: Բարձրացնել դրանցից որոշները գոնե հոդվածի ֆորմատով` համարում եմ նաեւ իմ խնդիրը, քանի որ այլ ֆորմատի, այլ լրջության քննարկում առայժմ պետության պատասխանատուները չեն նախաձեռնում:
Պետական անվտանգության հետեւյալ բաղադրիչներն եմ առաջարկում այս պահին քննարկել. ա) անվտանգության հայ-ռուսական համակարգը, բ) տնտեսական անվտանգություն, գ) տեղեկատվական անվտանգություն:

Անվտանգության
հայ-ռուսական համակարգը

Վերջին երկու ամսվա ընթացքում մենք ականատես եղանք հետաքրքիր դրսեւորումների. ուղղորդված հակառուսական ակցիաներ, հակառուսական ուղղորդված մեդիաարշավ, ինչպես նաեւ, ինչ խոսք, հասարակության կողմից որոշակի բնական ու բացատրելի ռուսաֆոբ տրամադրություններ: Չտրվելու համար զգացմունքներին` շատ կարեւոր է հասկանալ, թե ինչի՛ շուրջ ենք ընդվզում եւ ի՛նչն է փոխվել հայ-ռուսական հարաբերություններում: Սա կարեւոր է` խնդիրները բացառապես ռացիոնալ դաշտ տեղափոխելու եւ լուծումներ գտնելու համար: Մեր նպատակը ռուսաֆոբ հասարակություն ձեւավորելը չէ, այլ մի շարք բարդ խնդիրներ լուծելը:

Թե՛ ուղղորդված եւ թե՛ բնական հակառուսական տրամադրությունների կրողները մինչ այսօր հստակ չեն նշում խնդիրները: Եթե մենք անընդհատ Ռուսաստանի առաջ դնենք Ադրբեջանին զենք վաճառելու բարոյական խնդիրը, ապա ոչ մի բանի չենք հասնելու. դա կայացած փաստ է: Մյուս կողմից` մենք միշտ ստանալու ենք «դա ընդամենը բիզնես է» պատասխանը: Դրանից հետո ռուսներն ավելացնում են. «Ադրբեջանը չգներ մեզնից` կգներ ուրիշից, իսկ մենք ձեզ առաջարկում ենք շատ ավելի էժան` ներքին գներով»: Հարցը սրանով մտնում է փակուղի:
Վերջին տարիներին խախտվել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության տրամաբանությունը: Եվ այս բանաձեւն է, որ մենք ժամանակին եւ համարժեք կոշտությամբ չենք դրել ռուսների առաջ: Ռուսաստանը միշտ Ադրբեջանին զենք վաճառել է, միեւնույն ժամանակ երբեք չի խախտվել տեխնոլոգիական հավասարակշռությունը, իսկ որոշ դրվագներում առավելությունը հայկական կողմինն է եղել: Սա՛ է ամենակարեւորը: Զինվորականությունը սա շատ լավ գիտի: Սա Հայաստանին թույլ է տվել փոխհատուցել քանակական տարբերությունը եւ պահպանել ռազմական հավասարակշռություն:

2011-ից փոխվել է հենց այս կանոնը` Ադրբեջանը տեխնոլոգիական առավելություն է ստացել: Հայաստանը չի կարողացել պահպանել իր առավելությունը կամ գոնե հավասարակշռությունը: Հայկական կողմը բոլոր հնարավոր մեթոդներով չպետք է թույլ տար այսպիսի փոփոխություն: Սա կյանքի խնդիր էր: Հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների օրակարգում Հայաստանը այս խնդիրը պետք է ձեւակերպեր որպես թիվ մեկ: Չպետք է կնքեր ռուսական ռազմաբազայի երկարաձգման պայմանագիրը` մինչեւ այս հարցը չլուծեր, չպետք է մտներ ԵՏՄ` մինչեւ այս հարցը չլուծեր: Այդ եւ նմանատիպ այլ փուլերում Հայաստանն ուղղակի պարտավոր էր կոշտ բանակցել այս խնդրի շուրջ եւ հասնել արդյունքի: Կարող է ծագել հանդիպակաց հարցը` ինչո՞ւ Ռուսաստանը գնաց ռազմական հավասարակշռությունը խախտելու ճանապարհով: Պատասխանը հետեւյալն է` ռազմական որոշումները չեն լինում առանց քաղաքական համապատասխան նպաստավոր պայմանների: Ռուսական էլիտան բավականին բարդ օրգանիզմ է, եւ այնտեղ ակնթարթային որոշումներ հազվադեպ են կայացվում: Էլիտան կայացնում է կոնսոլիդացված որոշում, եթե քաղաքական ֆոնը դա թույլ է տալիս: Հայ-ռուսական երկար տարիների բավականին նորմալ քաղաքական հարաբերությունների որակն աչքի առաջ փոխվեց: Դա մեկ սխալի կամ մեկ բանակցության արդյունք չէ: Հարաբերությունների որակը փոխվեց մի քանի տարվա ընթացքում. այդտեղ մեծ դեր խաղաց ակնհայտորեն օր օրի ուժեղացող ադրբեջանական լոբբին ռուսական վերնախավում (որի դեմ կայի՛ն հակաքայլեր, պարզապես պետք էր ճիշտ աշխատել) եւ Հայաստանի` ամորֆ ու սխալներով լի քայլերը: Հայաստանը երեք տարի շարունակ Վրաստանի եւ Ուկրաինայի հետ նույն փաթեթում բանակցում էր եվրաասոցացման շուրջ: Ադրբեջանը չմտավ այդ խաղի մեջ եւ համբերատար լավացնում էր իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ի վերջո` ստանալով ռազմատեխնոլոգիական անթույլատրելի առավելություն Հայաստանի նկատմամբ: Արդյունքում մենք ունենք այսօրվա բարդ իրավիճակը: Մենք կաթիլ-կաթիլ փչացնում էինք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները` սկսած անձնական շփումների որակից մինչեւ ռուսական քաղաքական, քաղաքագիտական եւ լրատվական վերնախավի հետ աշխատանքն ու հարաբերությունները: Արդյո՞ք սա արվել է միտումնավոր: Իհարկե` ոչ: Բայց իրականությունը դրանից քիչ է փոխվում:

Տնտեսական անվտանգություն

2009 թվականի 14 տոկոսանոց տնտեսական անկումից հետո ցանկացած երկրում կլինեին լրջագույն փոփոխություններ: Եվ ճգնաժամից հետո բազմաթիվ երկրներում դրանք իսկապես եղան: Մեզ մոտ չեղան, որովհետեւ իշխանությունից դուրս չկար փոփոխությունների համար բավարար այդ ռեսուրսը, իսկ իշխանությունն ինքն իր շահերի դեմ փոփոխությունների, բնականաբար, չէր գնա: Մենք հանդուրժեցինք Տիգրան Սարգսյանի խայտառակ տապալումները: Սա ցույց տվեց, թե որքան զուրկ է դիմադրությունից մեր հասարակությունը եւ սնանկ` քաղաքական վերնախավը: Հետագա տարիներին տնտեսական վիճակն անշեղորեն վատանում էր: Մենք հանդուրժում էինք: Մենք ամեն ինչ հանդուրժում էինք: Մենք երկար տարիներ հանդուրժեցինք տնտեսական կոպիտ սխալները, որոնց արդյունքում ուղղակի ոչնչացավ փոքր ու միջին բիզնեսը, իսպառ վերացավ շինարարությունը, երկրի արտաքին պարտքն անցավ 5 միլիարդից: Աղքատության ցուցանիշը մեծացավ: Ընդամենը մեկ օրինակը հերիք է` հասկանալու համար սխալների մասշտաբը. Եվրամիության հետ բանակցությունների ժամանակ Հայաստանը եվրաբոնդերով վաղաժամ փակում է Ռուսաստանին ունեցած 500 մլն պարտքն ու հետո մեկ օրում խնդրում մտնել ԵՏՄ: Ռուսաստանը ներեց այլ պետությունների շատ ավելի մեծ պարտքերը, իսկ մենք չկարողացանք բանակցել մեզ համար որեւէ կարեւոր դրվագի շուրջ: Ո՞րն էր իմաստը` ժամկետից շուտ փակել ռուսական վարկն ու հետո խնդրել ԵՏՄ անդամակցություն: Սրանք կոնկրետ մարդկանց կոնկրետ սխալներն էին, որոնց դիմաց շատ թանկ վճարում է պետությունը: Այն ժամանակ ասում էին` հանուն անվտանգության: Ապրիլը ցույց տվեց, որ դա բլեֆ էր:

Տնտեսության փլուզումը բերում է երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների` այս կամ այն չափով փլուզման: Բացառություններ չեն լինում: Տնտեսության փլուզումը բերում է երկրում բարոյահոգեբանական փլուզումների: Եվ պետք չէ զարմանալ, թե ինչ հեշտությամբ էր իշխանությունը գնում լրատվամիջոցներ, հասարակական գործիչներ, ամբողջական կուսակցություններ, քաղաքացիական շարժումներ եւ այլն: Տնտեսական փլուզումների ժամանակ բոլոր չափանիշները խախտվում են: Տնտեսական փլուզումը դառնում է պետության անվտանգությանը սպառնացող իրողություն: Ու կարեւոր է հիշել, որ տնտեսության փլուզումը շատ երկար պրոցես է: Մենք ժամանակ ունեինք` դիմադրելու, ընդվզելու, փոխելու: Քաղաքական ուժերի մեծամասնությունը, սնանկացող բիզնեսը, աղքատացող հանրությունը, 300 հազար արտագաղթողները. բոլորն այս կամ այն կերպ համակերպվեցին: Թեեւ փոխելու հնարավորություն մի քանի անգամ եղավ: Հիմա արդեն Հայաստանի տնտեսական անվտանգությունը վտանգված է: Պետության ահռելի արտաքին պարտք, ներդրումների բացակայություն, ծայրից ծայր վարկերի տակ գտնվող ժողովուրդ, չվերադարձվող վարկերի տակ ճռռացող բանկային համակարգ, սնանկացած գյուղատնտեսություն, որեւէ ռեալ հեռանկարային ծրագրի բացակայություն: Սա փակ շղթա է, որի լուծումն արդեն չափազանց բարդ է:

Տեղեկատվական
անվտանգություն

Ապրիլից սկսած` հայկական լրատվամիջոցներում տպագրվել են բազմաթիվ նյութեր, տեղեկություններ, վերլուծություններ, որոնք ուղղակիորեն հարվածում են մեր պետության անվտանգությանը: Դրանք անմիջապես հայտնվում են ադրբեջանական լրատվամիջոցներում, դրանց շատերին հետեւում են ռուսաստանցի, իսրայելական, ամերիկյան վերլուծաբանների վերլուծությունները` հղում անելով հայկական լրատվամիջոցներին: Սա վտանգավոր վիճակ է: Ես ինքս պետք է զերծ մնամ ավելի բաց խոսելուց` փորձելով չանցնել այդ նուրբ սահմանը: Պատերազմի լրագրությունն ունի իր կանոնները: Քարտեզների, դիրքերի լուսանկարների, զինտեխնիկայի տեղակայման, առկայության, որակի, զորքերի տեղաշարժի, ներքին հրամանների եւ այլ նմանատիպ, որպես կանոն, փակ տեղեկատվության հանրայնացումը վերջին երկու ամսում գրեթե սովորական էր դարձել: Ես հակված չեմ մեղադրել լրատվամիջոցներին, որովհետեւ մինչ այդ պետք է հարցնել` իսկ ո՞ւր է պետությունը, ինչպե՞ս է ձեւակերպված պետական անվտանգության բանաձեւը: Խնդիրը խոսքի ազատությունը սահմանափակելը չէ, խնդիրը պետական շահի շրջանակներում լրատվամիջոցների հետ ճիշտ աշխատանքն է: Ինչպե՞ս մեղադրես լրատվամիջոցներին, եթե ապրիլից սկսած` նույն հարցի վերաբերյալ իշխանությունը մի քանի անգամ փոխեց իր տեսակետը` ամեն անգամ ցնցելով պետական ծանր քարոզչամեքենան, եւ վտանգավոր անորոշություններ մտցրեց հասարակության մեջ:

Մեր, հուսով եմ՝ չգիտակցված բացությունը, ինքներս մեզ վնասելու չհիմնավորված պատրաստակամությունը իրոք մտահոգիչ ծավալների է հասնում: Նրանք, ովքեր կարեւորություն չեն տալիս այս խնդրին, չարաչար սխալվում են եւ պարզապես չեն պատկերացնում, թե ինչպես են հայկական ծագման սկզբնաղբյուրով նյութերն ազդում հիմնախնդրի միջազգային լուսաբանման եւ բանակցությունների մթնոլորտի վրա:

Ադրբեջանական եւ միջազգային մամուլը հեղեղված է մեր «ապրիլյան պարտությունների եւ կորուստների» մասին վերլուծություններով ու կանխատեսումներով` հայկական սկզբնաղբյուրների հղումներով: Դրանք հետո միջազգային տարբեր ատյաններում, տարբեր մրջազգային կազմակերպություններում դառնալու են զեկույցներ, հայտնվելու են տարբեր փաստաթղթերում:

Օտարի կամ հակառակորդի աչքերով նայենք` ինչե՞ր են ասում հայաստանյան ներկա ու նախկին պաշտոնյաները: Ու անկեղծորեն անհանգստանում ես, թե որոշ դեպքերում ովքեր են եղել ու կան մեր պետության պատասխանատու պաշտոններում:

Տեղեկատվական անվտանգության տապալումը ապրիլից հետո բացարձակ է: Ուղղակի նայեք հակահայկական նյութերի եւ վերլուծությունների քանակին, որոնք որպես ինֆորմացիայի սկզբնաղբյուր են նշում հայկական լրատվամիջոցները: Նայեք ադրբեջանական եւ միջազգային մամուլը ու կհասկանաք մեր անլրջության չափը: Դա արդեն անվտանգ չէ:

Նախկին եւ ներկա պաշտոնյաների, նախկին եւ ներկա զինվորականների, քաղաքական գործիչների չկշռադատված, չմտածված հայտարարությունները, կոչերը եւ կանխատեսումները. մենք արդեն սովորել ենք ծիծաղել դրանց վրա, բայց արդյո՞ք ծիծաղելի են դրանց հետեւանքները մեզ համար: Ընդ որում` խոսքը երկու ծայրահեղ մոտեցումների մասին է` ծայրահեղ պարտվողականից մինչեւ ծայրահեղ արկածախնդրային: Շատ զգույշ պետք է լինել հողեր հանձնելու, ամայի տարածքների կամ հակառակը` Բաքուն ռմբակոծելու, Կիրովաբադը պայթեցնելու եւ այլ ձեւակերպումներում: Դրանք միշտ ունենում են որոշակի հետեւանքներ: Դրանք հակառակորդին տալիս են լեգիտիմ իրավունք` հակադարձ քայլերի:
Պատերազմը չոր ու կոշտ գործ է: Իսկ տեղեկատվական անվտանգությունը չափազանց կարեւոր ոլորտ է, բառի բուն իմաստով` ռազմավարական դիրք ու բարձունք: Այստեղի պարտությունները շատ դառը կարող են լինել, իսկ հաջողությունները` իսկապես արժեքավոր ու շոշափելի: Այստեղ ուղղակի բացառվում է իշխանություն-ընդդիմություն բաժանումը, ընդհակառակը` հենց այդ տարբեր ռեսուրսների, ինչպես նաեւ սփյուռքի ռեսուրսների գրագետ օգտագործումը, փոխհամաձայնեցված աշխատանքը հաջողության գրավական կլինի: Խնդիրն ավելի խորը արմատներ ունի ու խորը լուծումներ է պահանջում, քան պարզունակ արգելքների համակարգը, որը նման դեպքերում ընդունված է կիրառել: Հետեւաբար տեղեկատվական անվտանգության խնդիրը ապրիլից հետո նոր սրությամբ է մտնում օրակարգ, որտեղ նոր լուծումներ են պետք գալու: Ընդգծենք նաեւ, որ սրան զուգահեռ, մենք ունենք նաեւ բացառիկ զսպվածությամբ եւ կշռադատվածությամբ աչքի ընկնող նախկին եւ ներկա բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնատար անձինք: Դրա մասին էլ մի օր կխոսենք:

Պետության անվտանգության բարձրացման ճանապարհային քարտեզը

Այսօր Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը հայկական բանակն է: Ընդգծում եմ` հայկական կանոնավոր բանակը: Մեր բանակի սիրողականացման ցանկացած փորձ պետք է կանխվի ամենայն խստությամբ: Ցանկացած կամավորի, կամավորական ջոկատների` դեպի դիրքեր ճանապարհը պետք է անցնի զինկոմիսարիատներով ու ՊՆ-ով: Ղարաբաղը, պատերազմը, զինվորականը, դիրքերը շատ լուրջ հասկացություններ են: Դրանցից է կախված պետության ապագան: Հայաստանը փոքր երկիր է. ճակատ եւ թիկունք հասկացությունները շատ հարաբերական են: Երկիրն առժամանակ պետք է ապրի կիսապատերազմական մթնոլորտում: Այսօր սա է խաղաղության պահպանման միակ տարբերակը:

Հայաստանը պետք է վերականգնի ռազմական, տեխնոլոգիական հավասարակշռությունը հակառակորդի հետ: Իրավիճակն այլ լուծում չունի: Ռուսաստանի այսօրվա հիմնական կոնֆլիկտային երկրներն այս տարածաշրջանում` Թուրքիան եւ Վրաստանը, Ադրբեջանի հետ երեքով պայմանավորվում են համատեղ զորավարժությունների մասին` Ռուսաստանի սահմանին, եւ Հայաստանը ստանում է բացառիկ հնարավորություն` Մոսկվայի հետ լուրջ բանակցությունների եւ լուրջ խնդիրներ լուծելու համար: Կկարողանա՞ն, արդյոք, Հայաստանի իշխանությունները: Պե՛տք է կարողանան: Չեն կարողանա` պետք է զիջեն իրենց տեղը նրանց, ովքեր կկարողանան:
Հայաստանի տնտեսության առողջացումը եւ զարգացումն այլեւս հապաղում թույլ չեն տալիս: Եվ կոսմետիկ լուծումների հնարավորությունը սպառված է: Մենք պետք է պարզ ասենք. ներդրումներ չկան, որովհետեւ չեն վստահում: Մենք հասել ենք այն հանգրվանին, որտեղ տնտեսական տեսանելի փոփոխություններ հնարավոր չեն` առանց քաղաքական փոփոխությունների:

Վերջին տարիներին ռազմաքաղաքական, տնտեսական եւ պետական կազմակերպվածության առումով Հայաստանը փոխել է իր քաշային կատեգորիան: Սա ցավոտ փաստ է: Բայց ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ հասարակության մեջ կա հսկայական ռեսուրս, ու դա ամենակարեւոր գործոնն է, որը համոզում է, որ Հայաստանը կարող է ոչ միայն դուրս գալ հերթական պատմական կորստի շրջապտույտից, այլեւ ունենալ մեծ թռիչքներ:

Մենք թեւակոխել ենք հին էլիտայի մայրամուտի փուլը, ու մեր խնդիրը դրա միջով նվազ կորուստներով անցնելն է: Հիմա եկել է սպառված էլիտայի` փուլային հեռացման ժամանակը: Բոլոր շրջանակներում` իշխանության մեջ եւ իշխանությունից դուրս, կան մարդիկ, որոնք կարող են ձեւավորել վերելքի քաղաքական վերնախավը:

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Աժ պատգամավոր, «Համախմբում»
կուսակցություն

Հ.Գ. Պետական անվտանգությանն առնչվող այս առաջին երեք թեմաները, հասկանալի է, ներկայացված են շատ սեղմ: Համապատասխան ձեւաչափերում, այդ թվում` փակ քննարկումների, դրանք կարելի է բացել ու դետալայնացնել: Առաջիկայում կփորձեմ քննարկման առարկա դարձնել հաջորդ թեմաները` արտաքին քաղաքական անվտանգություն, դեմոգրաֆիկ անվտանգություն եւ ներհասարակական հոգեբանական անվտանգություն:

«Առավոտ»

03.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել