Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաների համար կանաչ-կարմիր տոմսեր կգնեն

Հունիս 04,2016 17:00

Պաշտոնյաների համար կառավարությունը որոշել է կանաչ-կարմիր տոմսեր գնել՝ բյուջեի փողերը խնայելու նպատակով: Երեկ այս մասին կառավարության նիստում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ինչպես մենաշնորհների դեմ պայքարելու, այնպես էլ պաշտոնյաների թռիչքների հաշվին խնայողական ռեժիմին անցնելու մտադրությունը կառավարության մոտ հասունացել է ապրիլյան պատերազմից հետո, երբ պարզվեց, որ մեր բանակը առաջնագծի համար մի շարք կարեւոր տեխնիկա չունի, իսկ ասենք՝ մեկ անձից գնումներում գերատեսչություններն իրենց թույլ են տալիս միլիոնների ավելի ծախսեր:

Նկատենք, որ մինչ օրս պետական գնումներով պաշտոնյաների համար ավիատոմսերը հիմնականում ձեռք են բերվել ուռճացված գներով: Սրանում համոզվում ենք, երբ ուսումնասիրում ենք ավիատոմսերի մասով գերատեսչությունների կատարած գնումները: Օրինակ՝ բոլորովին վերջերս՝ ապրիլին, պաշտպանության նախարարությունը դեպի Մոսկվա եւ հետադարձ ուղղությամբ էկոնոմկարգի ավիատոմս էր ձեռք բերել 205 հազար դրամով՝ այն դեպքում, երբ այդ ամսին Երեւան-Մոսկվա-Երեւան տոմսն արժեր 126-136 դրամ: Կամ Երեւան-Մոսկվա-Դուշանբե-Մոսկվա-Երեւան ավիատոմսը ՊՆ-ն գնել էր 470 հազար դրամով, մինչդեռ այս ուղղությունն ամենաթանկ գներով հաշված՝ մեկ անձի համար արժե 360 հազար դրամ: Այսպիսի տարբերություններ կարելի է հանդիպել նաեւ մյուս գերատեսչությունների գնումներում:

cն առաջարկեց ներդնել միջազգային փորձը, որն այլ երկրներում արդյունավետ գործում է:

Սկզբնական փուլում մի քանի գերատեսչություններում ստեղծվելու է էլեկտրոնային հարթակ, որի միջոցով ամրագրվելու են ավիատոմսերն ու գնվելու են:
Առաջարկվում է, որ բյուջետային միջոցներից ցանկացած ավիատոմս ձեռք բերելու համար լինեն հետեւյալ կանոնները: Կանոն առաջին՝ հենց որ պաշտոնական մակարդակով ստացվում է գործուղման մեկնելու թույլտվություն, 24 ժամվա ընթացքում պետք է էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացվի ամրագրումը: Դրանից հետո յուրաքանչյուր մարմնում պատասխանատու անձը պետք է հաստատի ու թույլ տա այդ տոմսի գնումը:

«Առանձնահատկությունն այն է, որ այդ համակարգը թույլ է տալու էկրանին տեսնել առավել էժան տոմսերը, ամենաէժան տոմսը եւ նրանից առավելագույնը 8 տոկոս ավելի թանկ տոմսերը, այդ տոմսերն անվանում ենք կանաչ տոմսեր, այդ տոմսերից յուրաքանչյուրը համապատասխան անձը կարող է գնել: Բայց կան բացառիկ դեպքեր, երբ հնարավոր է գնել ոչ միայն կանաչ, այլ նաեւ կարմիր տոմս: Խոսքը գնում է այսուհետ միայն էկոնոմդասի տոմսերի մասին: Ո՞ր դեպքերում է հնարավորություն ընձեռվում, որպեսզի գնվի կարմիր տոմսը: Մի քանի կանոններ կան, որոնցից առաջինը ուղիղ չվերթի կանոնն է»,- ասաց պարոն Հարությունյանը: Նա նաեւ ասաց, որ կանաչ տոմսերը բոլորը նախատեսում են տարանցիկ թռիչք, կարմիր տոմսերը, որոնք նախատեսում են ուղիղ թռիչք՝ մի պայմանով, եթե այդ կարմիր տոմսն ամենաէժան տոմսից իր գնով տարբերվում է ոչ ավելի, քան 15 տոկոսով: Երկրորդ կանոնն, ըստ Դավիթ Հարությունյանի, առավելագույն տարանցիկ ժամանակի կանոնն է: Եթե բոլոր կանաչ տոմսերը նախատեսում են տարանցիկ թռիչք, եւ տարանցիկ օդանավակայաններում անձը պետք է ավելի քան 6 ժամ անցկացնի, բայց կա ոչ ավելի, քան 15 տոկոսով ամենաէժան տոմսից թանկ կարմիր տոմս, որը նախատեսում է 6 ժամից պակաս ժամանակի անցկացում օդանավակայանում, ապա իրավունք է տրվում գնել այդ տոմսը:

Ի պատասխան Դավիթ Հարությունյանի այն մտահոգությանը, որը նրան նաեւ հայտնել էին գերատեսչությունների ղեկավարներն այս հարցը քննարկելիս, թե տարանցիկ ճանապարհով մեկնելու դեպքում լավ կլինի, եթե նախարարները ոչ թե մինչեւ 6 ժամ սպասեն օդանավակայանում, այլ գոնե 4 ժամ, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ինքն էլ է այդ կարծիքին. «Վեց ժամը մի քիչ ավելի շատ է, էլի, փոխենք 4 ժամով, որ նախարարները շատ չմնան օդակայաններում»,- ասաց վարչապետը:

Աշխատակազմի ղեկավարը նաեւ հայտնեց, որ պետական գնում է անցկացվել, եւ մասնակիցներից հաղթել է «Ամադեուս» ընկերությունը: Ըստ նրա՝ ներկայումս ավարտին է մոտենում «Ամադեուս» ընկերության հետ պետական կարիքների համար ավիատոմսերի ամրագրման միասնական էլեկտրոնային հարթակի ներդրման աշխատանքների իրականացումը:

Պարոն Հարությունյանը վստահեցրեց, որ կառավարությունների սպասարկման առումով ամենամեծ փորձը հենց «Ամադեուս»-ինն է:

Կառավարության նիստի մասնակից նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, սակայն, հորդորեց ուշադիր լինել, քանի որ ըստ նրա. «Բոլոր մեծ ընկերությունները, այդ թվում՝ «Ամադեուս»-ը, դրված են խելացի կառավարման մոդելի վրա: Երբ իրենք գիտեն, որ դուք միայն իրենցից եք տոմս գնում, սկսում են մենաշնորհային ձեզ թանկ տոմսեր առաջարկել, ընենց, որ դուք չեք նկատում: Այսինքն՝ այստեղ շատ կարեւոր է, որ մենք չընկնենք մի իրավիճակի մեջ, երբ որ ունքը ուղղելու տեղը աչքն ենք հանում եւ սկսում ենք մի այլ ընկերության անընդհատ հարստացնել՝ միայն իրենցից գնելով ավիատոմսերը»:

Դավիթ Հարությունյանը, սակայն, պարոն Սարգսյանի մտահոգությունը փարատեց՝ ասելով, որ նման մտահոգության հիմք բացարձակապես չկա, քանի որ տոմս վաճառողն «Ամադեուս» կազմակերպությունը չէ, եւ նա պարզապես ամրագրման համակարգ է, որն իր գումարը ստանում է ամրագրողից, եւ այս պարագայում ընդամենը կապ ապահովողն է:

Կառավարության ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման նպատակով պիլոտային աշխատանքներում ընդգրկված հանրապետական գործադիր մարմինների համար www.govtravel.am ինտերնետային կայքը հանդիսանում է ավիատոմսերի գնման միակ թույլատրելի աղբյուր՝ բացառությամբ որոշ դեպքերի:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

03.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930