Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ հանձնաժողովը «Դոգին» մերժել է

Հունիս 04,2016 16:00

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանի, որը հայտնի է «Դոգ» մականունով, պաշտպան Արա Ղարագյոզյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, թե բողոքարկելու է իր պաշտպանյալի նկատմամբ կայացրած որոշումը:

Վարդան Ղուկասյանը դատապարտվել էր 2 տարի 11 ամիս 28 օր ժամկետով ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է «Համաներման մասին» ԱԺ որոշումը, եւ նա մեղադրվել էր շորթման եղանակով առանձնապես խոշոր չափի գումարներ յուրացնելու համար:

Նա դիմել էր Անկախ հանձնաժողովին՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու խնդրանքով: Վ. Ղուկասյանին մնացել էր պատիժը կրելու 1 տարի 3 ամիս, եւ Քրեական դատավարության օրենսգրքի 76 հոդվածով նա իրավունք էր ստացել վաղաժամկետ պայմանական ազատվելու համար:

Ըստ Ա Ղարագյոզյանի, Անկախ հանձնաժողովը 3 օր առաջ իր որոշմամբ մերժել էր դատապարտյալին:

«Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Ա.Ղարագյոզյանն ասում է, որ կբողոքարկի այդ որոշումը, քանի որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն էլ տվել էր դրական բնութագիր: Ի դեպ, նկատենք, որ նախկին ոստիկանը պատիժը կրում է ոչ թե ուժային կառույցների նախկին աշխատակիցների համար առանձնացված քրեակատարողական «Վարդաշեն» հիմնարկում, այլ իր դիմումի համաձայն՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ըստ պաշտպանի, նա իր ցանկությամբ էր գտնվում նշյալ հիմնարկում, քանի որ մտավախություն ուներ, թե այնտեղ կիսաբաց ռեժիմում լինելով՝ հնարավոր էր ինչ-որ «բան սարքվեր»:
Մեր հարցին, թե քրեական տարրերի հետ ավելի ապահո՞վ է, քան նախկին գործընկերների՞, պաշտպանը փոխանցեց հետեւյալը. «Դա իր ցանկությամբ է, եւ օրենքը թույլ է տալիս»:

Ա.Ղարագյոզյանի տեղեկացմամբ, իր պաշտպանյալի բնութագիրը դրական էր, տույժ ու տուգանք չուներ, պատժի կրելու ընթացքում չէր ենթարկվել կարգապահական պատասխանատվության:

Պաշտպանի գնահատմամբ՝ Անկախ հանձնաժողովի որոշումը պատճառաբանված եւ հիմնավորված չէր: Հանձնաժողովն ընդամենը մի տողով գրել էր, թե «նպատակահարմար չէ» եւ վերջ:

«Իմ բողոքն ուղղված է Անկախ հանձնաժողովի գործողությունների դեմ: Ինձ մոտ երեք գործ կա: Մարդիկ նույն դրական բնութագրերով են բնութագրվել, տույժ ու տուգանք չունեն, սակայն դատապարտյալի նկատմամբ չեն կիրառում պայմանական վաղաժամկետ ազատումը: Ունենք նաեւ օրենսդրական խնդիր. Անկախ հանձնաժողովի գործունեությունը որեւէ օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետությունում սահմանված չի: Դա էքսնախագահի հրամանն է, սակայն կոնկրետ չի գրած, թե դատապարտյալը կոնկրետ ինչ իրավունք կամ պարտականություններ պիտի ունենա, որպեսզի պայմանական վաղաժամկետով նրան ազատեն: Մինչդեռ ունենք մի շարք պարտավորություններ Եվրոպայի խորհրդի կողմից 2003թ. ստանձնած, որով պետք է կատարելագործվեր ոլորտը, եւ դատապարտյալները պետք է հնարավորություն ունենային ուղղվելու»,- ասում է Ա.Ղարագյոզյանը:

Անկախ հանձնաժողովի ոլորտը չի կարգավորվում, եւ Ա. Ղարագյոզյանը, շատ փաստաբանների նման, հակված է այն մտքին, որ ավելի լավ է դադարեցվի Անկախ հանձնաժողովի գործունեությունը, որպեսզի դատապարտյալներն այլեւս հույս չունենան, թե կարող են մի օր պայմանական վաղաժամկետ ազատվեն:
«2 մասնագետ գալիս են, չգիտես՝ ինչ մասնագետ են, դատապարտյալի հետ զրուցում, գնում երրորդ անձին են փոխանցում տեղեկությունը, եւ Անկախ հանձնաժողովը որոշում է մերժել դատապարտյալի դիմումը»,- ասում է պաշտպանը:
Ըստ վերջինի, Սահմանադրական դատարանը ընթացակարգ է սահմանել, համաձայն որի՝ Անկախ հանձնաժողովի որոշումները չպետք է կամայական լինեն, ինչը, չգիտես ինչու, անտեսվում է:

«Հիմա մենք բողոք ենք ներկայացրել Անկախ հանձնաժողովի որոշման դեմ, որը դատարանի միջոցով պետք է լուծվի:

Ցավալին այն է, որ Անկախ հանձնաժողովի անդամները չեն մասնակցում, ՔԿՀ-ի վրա հսկողություն իրականացնող դատախազներն են մասնակցում դատական նիստերին: Վարդան Ղուկասյանն էլ կմասնակցի»,- ասում է իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ պաշտպանը, որը միջազգային դատական փորձն է ներկայացնելու: Վերջինի տպավորմամբ, ստորադաս դատարաններն էլ են կաշկանդված, նրանք չեն ցանկանում գնալ այդ քայլին, այն դեպքում, երբ նմանատիպ գործեր կան Վճռաբեկ դատարանում:
Ի դեպ, մեր պետությունը ստանձնել է Եվրոպայի խորհրդի հանձնարարականները, Վճռաբեկ դատարանի եւ ԵԴ նախադեպային որոշումներն ավելի լայն շրջանակ են ընդգրկել, մասնավորապես, ցմահ դատապարտյալները կարող են 20 տարվա ազատազրկումից հետո ներման հնարավորություն ունենան:
Նկատենք, որ Անկախ հանձնաժողովի անդամներն ուժային կառույցների ներկայացուցիչներ են, եւ պարզ չի, թե նման իրավասություն ունե՞ն դատապարտյալին բնութագրելու:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.- Իրավապաշտպան կառույցի ներկայացուցչին դիմել են նմանատիպ հարցով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից Քրիստինե Պետրոսյանը, եւ՝ «Արմավիրից»: Քրեակատարողական հիմնարկը դեմ չի, միայն դատախազն է դեմ:

 

«Առավոտ»

03.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930