Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադահայ նկարիչը կհաստատվի Հայաստանում

Հունիս 04,2016 15:00

Հարի Քեթենջյանը դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

Քեթենջյան եղբայրները հայտնի են Տորոնտոյում: Շուրջ 30 տարի ոչ միայն Կանադայի, այլեւ ԱՄՆ-ի քաղաքներում իրենց հիմնած խմբով բեմ են բարձրացել համերգասրահներում, մասնակցել հայկական շրջանակների կողմից կազմակերպված տարբեր միջոցառումների: Հարի Քեթենջյանն այսօր ճանաչված նկարիչ է, բայց ժամանակ է գտնում միանալ մյուս եղբայրներին, որոնցից մեկը երգիչ է, մյուսը՝ ստեղնաշարային, երրորդն էլ հարվածային գործիքների երաժիշտ:
Ապրիլյան դեպքերից հետո, կոնկրետ Տորոնտոյում, դադարել են հայկական զվարճալի միջոցառումները՝ պարահանդեսները, հարսանիքները եւ այլն: Այս մասին հայտնեց «Առավոտի» հյուրը՝ կանադահայ նկարիչ Հարի Քեթենջյանը: Նրա անունը կերպարվեստի հայաստանցի սիրահարներին ոչինչ չի ասի, երբեք նրա աշխատանքները չեն ցուցադրվել հայրենիքում: Ի դեպ, արվեստագետը դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, նպատակ ունի Երեւանից դուրս հիմնել իր արվեստանոցը ու իր հաշվարկով՝ արդեն մեկ տարի անց կարող է ներկայանալ համերկրացիներին:

leftandright
Մեզ հետ զրույցում Հարի Քեթենջյանն ասաց, որ առաջին անգամ հայրենիք է եկել 2012թ., դեռեւս չի հասցրել ծանոթանալ գործընկերների հետ, սակայն 1997թ., Տորոնտոյում առաջին անհատական ցուցահանդեսից սկսած, հետո էլ ընդլայնելով ցուցադրությունների աշխարհագրությունը, առաջնային տեղ է հատկացրել հայկական թեմային: «Տեւական ժամանակաշրջան ապրելով ու ստեղծագործելով որեւէ երկրում, օրինակ՝ Մեքսիկայում, անպայման այդ երկրի շունչը զգացվում է իմ կտավներում:

greeceM

Ինչ վերաբերում է հայկական թեմային, դրանք հիմնականում Երեւանի հին թաղամասերն են՝ այդ թվում Կոնդը: Երբեւէ չլինելով հայրենիքում, ես այդ աշխատանքները իրականացրել եմ՝ օգտվելով լուսանկարներից: Կամ, ասենք՝ «Ծիծեռնակաբերդը», որն աբստրակտ ոճում է, ունեմ նաեւ դիմանկարների շարք եւ այլն: Ավելի քան 20 տարի ձգվող նկարչական կարիերայիս արդյունքում ստեղծված աշխատանքներս գտնվում են տարբեր հավաքածուներում, ցուցադրվում հեղինակավոր սրահներում, համագործակցում եմ նաեւ ճանաչված գալերիստների հետ եւ այլն: Ի վերջո, հասկացել եմ մի բան՝ լինի երաժիշտ կամ նկարիչ, թե դերասան, մարդու մեջ պետք է «նստած» լինի արտիստը»,- ասաց Հարի Քեթենջյանը: Դիտարկմանը՝ հասկանալի է, որ հայկական թեմաներով գործերը ձգում են ձեր հիմնական ապրելավայրում՝ Տորոնտոյի շուրջ 70 հազար մեր հայրենակիցներին, նկարիչը հակադարձեց. «Հայկական թեմաներով աշխատանքներս գնում են միայն կանադացիները, ընդ որում՝ առանց գինը սակարկելու»: Հետաքրքրությանը՝ հայկական կուսակցություններին չի՞ հետաքրքրում նույնիսկ Հայաստանի դրոշը կամ դրա գույներով արված տարբեր վարիացիաներով նկարները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, կուսակցությունս էլ Հայաստանն է: Մի ցանկություն ունեմ. Հայաստանում եւ Արեւմուտքում գործող մեր կուսակցությունները գոնե աշխատեն միասին հաշտ ու համերաշխ, ախր մեկ նպատակ են հետապնդում, չէ՞…»:

elportal

Հարի Քեթենջյանի աշխատանքներից:

Հարցին՝ ժամանակակից բարձր տեխնոլոգիայի նվաճումների աշխարհում չի՞ կարծում, թե նկարչությունը կարծես հետին պլան է մղվում, Հարի Քեթենջյանը հայտնեց. «Ամուր կապեր ունեմ տարբեր երկրներում ապրող արվեստակից ընկերների, մշակութային միությունների բարձրաստիճան որոշ ղեկավարների հետ: Նրանք էլ կեսկատակ-կեսլուրջ ասում են, որ նկարչությունը կարծես իր տեղը կամաց-կամաց զիջում է համակարգչին, ինչն անկասկած ցավալի է: Ես էլ եմ համակարծիք, դրա դեմը ոչ մեկը չի կարող առնել, բայց եթե դա մի օր տեղի ունենա, ապա կլինի շա՜տ-շատ հեռու ապագայում, գուցե դարեր անց…»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

03.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930