Իրանցի ճանաչված կինոդերասանուհի Տարանե Ալիդոստիի անունը իր իսկ երկրում սկսել է շրջանառվել սկանդալի համատեքստում: Պատճառն այն է, որ հայրենակիցները դերասանուհու ձեռքին ֆեմինիստական դաջվածք են տեսել:
Տարանե Ալիդոստիի մասնակցությամբ Ասգար Ֆարխադիի «Հաճախորդը» ֆիմը վերջերս Կաննի կինոփառատոնում երկու մրցանակ էր ստացել:
The New York Times-ի փոխանցմամբ, այդ առիթով Թեհրանում կայացած Ասգար Ֆարխադիի ասուլիսի ժամանակ, որին ներկա էր նաեւ 32-ամյա Տարանեն, տեսախցիկները ֆիքսել են նրա ֆեմինիստական դաջվածքը՝ բռունցքը՝ Վեներայի հայելիով: Այնուհետեւ դերասանուհին հայտնվել է տեղական ԶԼՄ-ների «հարձակման» թիրախում, աջուձախ նրան սկսել են մեղադրել որպես աբորտի իրավունքի կողմնակից եւ Ընտանիքի ինստիտուտի թշնամի:
Իր Twitter-յան էջում Ալիդոստին բոլոր աղմուկ բարձրացնողներին խնդրել է հանգստություն պահպանել, ապա բացատրություն է զետեղել այն մասին, թե ինչ է նշանակում իր ձեռքին պատկերված խորհրդանիշը:
Ընդհանրապես Իրանում կանանց իրավունքների համար պայքարն ընկալվում է բացասական համատեքստում, եւ ում անունն առնչվում է նման բովանդակությամբ միջադեպի հետ, արժանանում է հասարակության քննադատությանը:
«Առավոտ»
03.06.2016