Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ քանակությամբ մածուն սպառող ազգերի մոտ երկարակեցների թիվն ավելի շատ է

Հունիս 04,2016 13:30

Չորացած պանիրը դնել մածունի կամ կաթի մեջ՝
թարմությունը վերականգնելու համար

Կաթնամթերքը մեր սննդակարգի կարեւոր բաղկացուցիչ մասն է կազմում, որից մենք ամեն օր ստանում ենք անհրաժեշտ նյութեր:

Կաթն ամենաօգտակար սննդամթերքն է բոլոր տարիքի մարդկանց համար։ Նրա ամենօրյա օգտագործումը ցանկալի է։

Կաթն անհրաժեշտ է պահել մութ տեղում կամ լույս չթափանցող տարայի մեջ, քանի որ լույսի ազդեցությունից քայքայվում է B2 վիտամինը։ Այսպես շատ լավ են պահպանվում նաեւ մնացած վիտամինները եւ չի թթվում։

panir
Նույնիսկ շոգ ամռանը կաթը չի թթվի, եթե լցնեք ապակե կամ արծնապատ՝ էմալապատ ամանի մեջ, դնեք սառը ջրով լի կաթսայի մեջ կամ կաթի երեսը ծածկեք սրբիչով այնպես, որ սրբիչի ծայրերը մնան ջրի մեջ։

Որպեսզի կաթը չվառվի, եփելիս մեջը մի կտոր շաքար կամ 1 թեյի գդալ շաքարավազ ավելացնել։ Շաքարով կաթը կարելի է նաեւ երկար ժամանակ պահել։
Կաթը եռացնելիս չի թափվի, եթե կաթսան նախապես ողողեք սառը ջրով եւ կաթսայի հատակին դնեք շուռ տված ափսե կամ նախապես կաթսայի եզրերին կարագ քսեք։
Որպեսզի կաթի վիտամինների կորուստ չլինի, եփել կաթը փակ կափարիչով կաթսայի մեջ, իսկ փրփուրը չհանել, դրանից կկորչի կաթի սննդարարությունը, այլ ժամանակ առ ժամանակ խառնել:

2
Որպեսզի կաթը չթթվի, մեջը մի պտղունց աղ գցել։

Խորհուրդ չի տրվում կաթը եռացնել, այն պետք է կրակից վերցնել բարձրանալուն պես, որպեսզի նրա մեջ պահպանվեն սննդարար նյութերը։
Կաթը ամռանը երկար ժամանակ թարմ կմնա, եթե եփելիս ավելացնեք մի քիչ սոդա։
Եթե կաթը այրվել է, դատարկել մաքուր ամանի մեջ, ծածկել մի քանի տակ ծալած խոնավ սրբիչով եւ եռացնել։

Այրվածի հոտը կվերանա, եթե սալօջախի վրա թափված կաթի վրա աղ ցանեք։
Վառված կաթի տհաճ հոտը կանցնի, եթե կաթով լի ամանը դնեք սառը տեղ, իսկ կաթի մեջ մի պտղունց աղ գցեք։

Այրված կաթը քամել սպիտակ, մաքուր կտորով այնքան անգամ, մինչեւ անցնի տհաճ հոտն ու համը։ Յուրաքանչյուր անգամ կտորն անհրաժեշտ է լվանալ ջրով։
Ամռանը կարող եք կաթով ըմպելիք պատրաստել, որի համար անհրաժեշտ է
հարող սարքի մեջ լցնել մի քանի կտոր սառույց, ավելացնել 100 գրամ պաղպաղակ, 1 ձու, 50 գրամ թարմ բալ կամ օշարակ, 100 գրամ կաթ։

3
Հարել 1 րոպե, լցնել գավաթների մեջ, վրան քերել շոկոլադե սալիկներ ու հրամցնել։
Մասնագետներն ապացուցել են, որ կաթից առավել օգտակար է կաթնաշոռը, հատկապես՝ տնային պայմաններում պատրաստած: Այն առավել համեղ եւ վիտամիններով հարուստ կլինի, եթե եռացրած կաթին ավելացնեք կիտրոնի թարմ հյութ։ Կարելի է կաթնաշոռ ստանալ նաեւ հավասար քանակությամբ կաթ եւ մածուն եռացնելով, որը մի փոքր պինդ է ստացվում։

Եթե կաթնաշոռը թթու է, ապա խորհուրդ է տրվում նույնքան քանակությամբ կաթ ավելացնել, թողնել 1 ժամ, ապա քամել թանզիֆով։

Ջրալի կաթնաշոռը կպնդանա եւ ավելորդ հեղուկը կհոսի, եթե փաթաթեք անձեռոցիկով եւ դնեք ծանրության տակ։

Կաթնաշոռից ոչ պակաս կարեւոր կաթնամթերք է մածունը: Միայն պետք է հաշվի առնել, որ թարմ մածունն ունի փորը թուլացնող, իսկ հինը` պնդացնող հատկություն:
Հատկապես հղի կանանց խորհուրդ է տրվում առատորեն մածուն օգտագործել, քանի որ մածունը, համեմատած այլ կաթնամթերքների հետ, նվազ քանակությամբ յուղ է պարունակում:

Նրանք, ովքեր հետեւողական մածուն են օգտագործում, կարգավորվում է մարմնի դիմադրողականությունը եւ հենց մածուն բառը բուլղարերեն նշանակում է «երկար կյանք»: Հաստատված է, որ մեծ քանակությամբ մածուն սպառող ազգերի մոտ երկարակեցների թիվը ավելի շատ է:

Պանիրը երկար ժամանակ թարմ վիճակում կլինի, եթե այն խորանարդաձեւ կտրատեք, վրան ձիթայուղ ավելացնեք եւ պահեք փակ ամանի մեջ։
Պանրի կտորը 12 օր առանց սառնարանի կպահվի, եթե այն փաթաթեք կարագով ծեփված մոմե թղթի մեջ։

Չորացած պանիրը կարող եք չթափել, այլ քերել մանր քերիչով եւ օգտագործել մակարոնեղենով փլավների մեջ։

Ոչխարի պանրի հոտը պակասեցնելու համար հարկավոր է դանակով շատ բարակ հանել պանրի կտորի վերին շերտը եւ պանիրը փաթաթել քացախի մեջ թրջված կտորով։

Որպեսզի քերիչով քերվող պանիրը չկպչի քերիչին, նախապես քերիչը պատել բուսական յուղով։

Պանիրը ուշ կչորանա, եթե փաթաթեք աղաջրի մեջ թրջված անձեռոցիկով։
Չորացած պանիրը փաթաթել կաթի մեջ թրջած կտորով։
Որպեսզի պանրի շերտերը լինեն համաչափ եւ չփշրվեն, շերտել տաք ջրի մեջ մի քանի վայրկյան պահված դանակով։

Սառնարանում պահելիս պանիրը հեռու դնել սառնախցիկից, փաթաթել փայլաթիթեղով։ Թղթով փաթաթած պանիրը շուտ է փչանում։
Պանիրը չի չորանա, եթե պանրամանի մեջ դնեք մի քանի կտոր շաքար։
Չորացած պանիրը դնել մածունի կամ կաթի մեջ՝ թարմությունը վերականգնելու համար:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

03.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930