Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ թե սողանքի հետեւանքով, այլ պատճառով…». մասնագետը` լեզվական սխալների մասին

Հունիս 03,2016 23:55

«Ազգ»-ի խմբագրատանը հունիսի 3-ին «Մշակութային խորհրդարանի» նախաձեռնությամբ կազմակերպված հերթական քննարկումը նվիրված էր հայոց լեզվի հիմնախնդիրներին: ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն ընդգծեց, որ արդեն մեկ տարի է` իր ղեկավարած կառույցը չի իրականացնում տեսչական գործունեություն, իսկ խորհրդակցական գործունեության շրջանակում չեն կարող օրենսդրական համապատասխան նախաձեռնություններով հանդես գալ. «Մեկ տասնամյակից ավելի է` օրենսդրական անկատարության պատճառով Տերմինաբանական խորհուրդը չի գործում: Այս տարիներին, ցավոք, այդ անկատարությունն այնքան խորն է, որ լուծում չկա առաջարկելու: Մեկ տարի առաջ Արդարադատության նախարարության հետ փորձեցինք այնպես անել, որ մեր որոշումները հնարավոր լինի պետականորեն հաստատել, որպեսզի գոնե կրթական կամ պետական հաստատություններում լեզվի հետ կապված ինչ-ինչ կանոնների հետեւեն: Մեզ ասում են` ընդունեք նման որոշումներ, իսկ հաստատությունները կուզենան` կկատարեն, չեն ուզենա` չեն կատարի»:

FILE0944 FILE0947 FILE0955

Մյուս խնդիրն, ըստ Սերգո Երիցյանի, հեռուստատեսության լեզուն է, որի առնչությամբ հրատարակվել է «Լեզվական մեղանչումները հեռուստառադիոեթերում» գիրքը. «Հեռուստատեսության մասին օրենքում լեզվի առնչությամբ պատասխանատվություն սահմանված չէ: Մենք ունենք օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում ենք տուգանքներ սահմանել այն հեռուստաընկերությունների հանդեպ, որոնք շարունակում են ոչ հայեցի հաղորդումներ ցուցադրել, էլ չենք խոսում լեզվական անաղարտության եւ մաքրության մասին: Այդ օրենսդրական նախաձեռնությունը երկու տարի է` պտտվում է աջ ու ձախ: Եթե այն ընդունվի, հեռուստաընկերությունները ֆինանսական լուրջ խնդիրներ կունենան: Հեռուստառադիոեթերում խմբագիրը կարծես թե վերացել է: Պետք է վերականգնել խմբագիրների հաստիքը»:

Լեզվաբան, բանասեր Ռոմա Դալլաքյանը նշեց, որ ներկայում հայոց լեզուն խիստ աղավաղվում է ամենուրեք, հատկապես` բանավոր խոսքում: Մասնագետն առանձնացրեց նաեւ մամուլի լեզվում առկա եւ հաճախ հանդիպող մի շարք սխալներ, օրինակ` «դարձրեցին» (փոխարենը` «դարձրին»): «Մեր մամուլը չի տարբերում «հետեւանքը» «պատճառից»: Օրինակ` ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է` «առաջացել է սողանք, ինչի հետեւանքով…», մինչդեռ պետք է լինի «ինչի պատճառով», որովհետեւ հետեւանքն է ծնվում պատճառից, ոչ թե հակառակը»,-նկատեց Դալլաքյանը:

arevshat-avagyan

Aravot.am-ի հետ զրույցում «Մշակութային խորհրդարանի» հիմնադիր, բանաստեղծ, նկարիչ Արեւշատ Ավագյանը նշեց, որ քննարկումների ընթացքում բարձրաձայնում են ազգապահպանությանը, հայոց լեզվին, գրականությանը, տնտեսությանն առնչվող խնդիրներ: Մասնավորապես կոռուպցիայի խնդրի շուրջ պարոն Ավագյանն ասաց. «Կոռուպցիան օտար մի բան է, որը մեզ պարտադրում են, որպեսզի չկայանա մեր պետականությունը, քանդվի ու քայքայվի երկիրը: Անկախ նրանից` մեզ` մտավորականներիս լսում են, թե ոչ, մենք մեր գործն անում ենք` հայրենասիրական եւ մարդասիրական գործը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Լեզվի տեսչությանը ով պետք է տուգանի,,

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930