Հունիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Հայ կանանց միջազգային միավորման, Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայի, Հայաստանի նկարիչների միության Արտ-Կովկաս տարածաշրջանային ասոցիացիայի աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Վարդանյանի և նրա դստեր՝ Ամալյա Վարդանյանի աշխատանքների ցուցահանդեսը:
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական և հասարակական գործիչներ, արվեստագետներ:
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նա նշեց.«Էդուարդ Վարդանյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում իրենց ինքնատիպությամբ և ուրույն ձեռագրով: Երկար տարիներ Վարդանյանը նվիրել է գեղարվեստի ակադեմիային՝ կրթելով բազմաթիվ սերունդներ: Նրա աշխատանքները յուրահատուկ են և կրկնելն անհնար: Շնորհավորում եմ այս գեղեցիկ ցուցահանդեսի առթիվ՝ ցանկանալով Էդուարդ Վարդանյանին մեծ եռանդ և աշխատանքային բեղուն գործունեություն»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Կարդացեք նաև
Շնորհավորելով նկարչին 70-ամյա հոբելյանի առթիվ՝ նախարարը նշեց. §Սիրելի° բարեկամներ, գեղարվեստի ակադեմիան իսկապես հարուստ է Վարդանյանով: Մեր սիրելի Էդուարդը տարիներ շարունակ սերունդներ է կրթել՝ իր արվեստն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ նկարիչներին: Վարդանյանի արվեստում գրավում են կերպարները՝ մարդը և կենդանին՝ որպես բնության հրաշքներ: Մարդկանց և կենդանիների պատկերները նրա աշխատանքներում արված են լակոնիկ, վրձնի ճշգրիտ և սահուն շարժումներով: Հետաքրքրական է, որ Վարդանյան ընտանիքում հայրը վերարտադրում է ավանդական հայկական, պատմական անցյալը, իսկ դուստրը մեզ է ներկայացնում եվրոպական քաղաքակրթությունը¦:
Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան¬Սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար նախարար Հրանուշ Հակոբյանը նկարիչ էդիկ Վարդանյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:
Էդուարդ Վարդանյանի արվեստի մասին դրվատանքի խոսքով հանդես եկավ Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:
Միջոցառման վերջում հանդես եկավ հեղինակ Էդուարդ Վարդանյանը: Արվեստագետը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը և հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանին՝ իր արվեստը բարձր գնահատելու և աշխատանքների ցուցադրությանն աջակցելու համար:
ՀՀ սփյուռքի նախարարություն