Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Կոնստանտին Օրբելյանը

Հունիս 03,2016 18:22

Ս. թ. հունիսի 3-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով և թատրոնի տնօրեն Ա. Արզումանյանի հրամանով նշանավոր դիրիժոր Կոնստանտին Գարիի Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար:

Կոնստանտին Գարիի Օրբելյանը ծնվել է 1956 թ. Սան Ֆրանցիսկոյում, Սյունյաց Օրբելյանների իշխանական տոհմից սերած ընտանիքում: Չորս տարեկանից արդեն սովորել է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիային կից մանկական երաժշտական դպրոցում, իսկ որպես դաշնակահար դեբյուտով հանդես է եկել 11 տարեկանում՝ Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ավարտել է Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական բարձրագույն դպրոցը:

1980-90 թթ. որպես վիրտուոզ դաշնակահար 750 համերգային ելույթներ է ունեցել  մի շարք հեղինակավոր սիմֆոնիկ նվագախմբերի հետ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում։ Ամերիկյան հանրահայտ երաժիշտների հետ շրջագայել է ռուսական երաժշտական կենտրոններում և ռուս արտիստների հետ՝ Հյուսիսային Ամերիկայում:

Շոտլանդական թագավորական ազգային նվագախմբի և դիրիժոր Նեեմե Յաարվիի հետ նրա ձայնագրած Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը Միացյալ Թագավորությունում արժանացել է «Տարվա լավագույն կոնցերտի ձայնագրություն» մրցանակին։

Դաշնակահարի փայլուն կարիերային զուգահեռ Կ. Օրբելյանը մեծ գործունեություն է ծավալել նաև օպերային արվեստում, հանդես գալով որպես դիրիժոր և գեղարվեստական ղեկավար: 1991-2009 թթ. եղել է Ռուսաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 2010 թ. ղեկավարել է Պ. Սլոբոդկինի թատերա-համերգային կենտրոնի կամերային նվագախումբը: 2013-ից համարվում է Վոլգոգրադի «Ցարիցինյան օպերա» պետական թատրոնի գլխավոր պրոդյուսերը, հրավիրյալ գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 2014-ից ղեկավարում է Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը:

Կ. Օրբելյանը հաճախ է համագործակցում աշխարհահռչակ այնպիսի երգիչների հետ, ինչպիսիք են՝ Էվա Պոդլեսը, Գալինա Գորչակովան, Ռոբերտո Ալանիան, Ռենե Ֆլեմինգը, Սոնդրո Ռադվանովսկին: Համագործակցության արդյունքն են «Դելոս» ֆիրմայի թողարկված երեք տասնյակ ձայնասկավառակները: Այս շարքում Դմիտրի Խվորոստովսկու հետ իրականացված «Որտեղ եք, իմ եղբայրներ» և «Մոսկովյան գիշերներ» ձայնագրությունները ներկայացվել են բազմաթիվ շրջագայությունների ժամանակ և կենդանի հեռարձակմամբ, այդ թվում՝ Մոսկվայի Կարմիր հրապարակից։

Որպես պրոդյուսեր, Օրբելյանի առաջին կինոաշխատանքը կոչվում է «Ռենե Ֆլեմինգ և Դմիտրի Խվորոստովսկի. մի ոդիսական Սանկտ Պետերբուրգում», որը նկարահանվել է Պետերբուրգի պատմա-մշակութային վայրերում և ներկայացնում է Ռենե Ֆլեմինգին և Դմիտրի Խվորոստովսկուն։

«Օպերա նյուզը» Օրբելյանին անվանել է «երգիչների երազած գործընկեր» և նշել, որ վոկալ երկացանկը նա իրականացնում է «առաջնորդ դաշնակահարի զգայունությամբ»։

2001 թ. Կ. Օրբելյանին շնորհվել է Էլիս Այլենդի Պատվո մեդալը, որին արժանանում են  ԱՄՆ-ում բացառիկ ներդրում ունեցած ներգաղթյալները կամ նրանց զավակները։

2003 թ. Կ. Օրբելյանը պարգևատրվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչմամբ, որը մինչ այդ երբևէ չէր շնորհվել Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող որևէ օտարերկրացու։

2012 թ. պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ ռուսական մշակույթը երկրից դուրս ճանաչելի դարձնելու գործում ունեցած ներդրման համար։

2015 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։

2014 թ. թողարկված ձայնասկավառակը՝ Ռոսինիի օպերաների արիաները՝ տենոր Լոուրենս Բրանուլիի ու Կ. Օրբելյանի ղեկավարած Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դարձել է «Գրեմմիի» նոմինանտ՝ «լավագույն դասական ալբոմ» անվանակարգում:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930