ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` դեսպան Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը եւ Պիեռ Անդրյոն հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել են, թե Բրյուսելում մայիսի 31-ին հանդիպում են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ հունիսի 2-ին Փարիզում` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
«Նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Համանախագահները կողմերի ուսումնասիրության նպատակով նախարարներին են հանձնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը»,- ասված է հայտարարության մեջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ նշված է, որ ԱԳ նախարարները հաստատել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համաձայնությունը` բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել հունիսին` նպատակ ունենալով վերսկսել համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցությունները: