«Ցինիկաբար կարող եմ ասել` պարզվեց, որ փաստաթղթային առումով չունենք մենաշնորհներ: Փորձեցին ապացուցել, որ փաստաթղթերը չեն ապացուցում մենաշնորհների գոյությունը: Հասկանանք` արդյոք իրավունք ունե՞նք այլեւս առաջնորդվելու փաստաթղթերով, այլ ոչ թե իրական կյանքով: Եկեք իրական կյանքից խոսենք. այո, ունենք մենաշնորհներ եւ պետք է կարողանանք գտնենք պայքարի ուղիներ, կոռուպցիոն խնդիրը լուծենք, եւ եթե դա մնալու է խոսքերի մակարդակում, ուրեմն մեղավորը Դուք եք լինելու: Եթե ի սկզբանե քաղաքական կամք լիներ, կունենայիք կոռուպցիայի դեմ պայքարի մասին սպասված տեղեկություններ»,-այսօր` հունիսի 3-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը` անդրադառնալով երեկ կառավարությունում մենաշնորհների շուրջ քննարկմանը:
Պողոսյանի բնորոշմամբ` մենաշնորհ ունեցողներն այնքան են ամրապնդել դիրքերը, որ եթե մեկ այլ ներկրող զբաղվի ինչ-որ ապրանքի ներկրմամբ, մենաշնորհների տերերը գինն այնքան կնվազեցնեն, որ մյուսները հաջողություն չեն ունենա:
Պատգամավորը նշեց, որ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը մարդկային եւ արժեքների առումով չի փոխվել, իսկ պաշտոնական առումով միշտ հասանելի է. «Հասկանանք, որ նրա գործելու հնարավորությունները գալիս են նրանից, թե ինչքան է տրվում այդ գործելու հնարավորությունը: Այո, պետական-գործադիր մարմնում աշխատելու հնարավորություններն այնպիսին չեն, ինչպիսին յուրաքանչյուրը կերազեր: Աշխատելու ազատություն չկա գործադիրում, շահերի բախում կա»:
Խոսելով ՊՆ պաշտոնյաների ձերբակալության մասին` պարոն Պողոսյանը նկատեց. «Ձերբակալվել են, նշանակում է` ցուցմունք չեն տվել: Այս քննությունը պետք է թափանցիկություն ունենա: Եթե չեղավ, կասկածներ են ի հայտ գալու: Խնդիրը համակարգային գործիքների մեջ է: Բանակն օրենքով օգտվել է իր բոլոր գնումներից, իսկ մյո՞ւս ոլորտների գնումները: Սա նշանակում է, որ փորձում են արհեստական խնդիրներով զբաղվել: Պարզվեց` 800 մեքենայի անհրաժեշտություն չի եղել: Սխալ կառավարման համար ի՞նչ են անում` պատժում են, բայց լսե՞լ եք, որ պատժվի ինչ-որ մեկը: Ե՞րբ է լինելու պատասխանատվություն, որպեսզի զգանք, որ սխալ պլանավորումը կոռուպցիոն ռիսկեր է ի հայտ բերում»:
Կարդացեք նաև
Ըստ Թեւան Պողոսյանի` ներկայում մի մեծ խնդիր կա` իրավական ձեւակերպում տալ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ ռազմաքաղաքական պայմանագրին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ