Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Հորիզոն-2020» ծրագրով բարձր մրցունակություն ունեցող բիզնեսներն են ֆինանսավորվելու, սկսնակներն էլի կտուժեն (Տեսանյութ)

Հունիս 03,2016 17:15

«Մեզ էժան, երկարաժամկետ փող է պետք, այլ ոչ թե բիզնեսի համար տունը գրավ դնենք»,-այսօր ասաց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը` Եվրամիության հետազոտությունների եւ նորարարությունների «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցությանը նվիրված միջազգային գիտաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր Մատենադարանի դահլիճում:

Ըստ եվրոպացի եւ հայ պաշտոնյաների՝ Եվրամիության «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի մասնակցությունը մեր երկրին հնարավորություն կտա հայկական գիտատեխնիկական ներուժը լիովին օգտագործել: Եվրոպական գործընկերների հետ համագործակցությամբ հնարավոր կլինի բերել ձեռնտու պայմաններով ֆինանսավորում այն ծրագրերի համար, որոնցով հետաքրքրված է Եվրոպան:
HorizonԳիտաժողովի մասնակիցներից մեկը հետաքրքրվեց, թե Հայաստանը որքա՞ն է վճարել «Հորիզոն-2020»-ին միանալու համար, ինչին ի պատասխան, պարոն Մելքոնյանն ասաց, որ հստակ չի կարող ասել, բայց` ծախսն արդարացված է: Ավելի ուշ կազմակերպիչներից պարզեցինք, որ «Հորիզոն-2020» ծրագրին միանալու համար մեր երկիրը 450 հազար եվրո է վճարել:

Aravot.am-ը տնտեսագետ Վիլեն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե այսքան տարիներ կայուն բանկային համակարգ ունենալով, ինչպես որ վստահեցնում են տնտեսական ոլորտի պատասխանատուները, ինչո՞ւ չի հաջողվում բիզնեսին երկարաժամկետ ու ցածր տոկոսներով վարկեր տալ:

«Փողերի ներգրավման առաջին աղբյուրը հանդիսանում են բնակչության խնայողությունները: Սովետական միության փլուզման արդյունքում ունենք ընդհատված ժամանակահատված, ինչի արդյունքում մարդկանց խնայողությունները, կարելի է ասել, կտրվել են: Մինչեւ 96 թվականը խնայողությունների ձեւավորման հիմքեր չեն առաջացել, որովհետեւ եղել է բարձր ինֆլյացիոն ժամանակահատված, ցածր տնտեսական աճ եւ այլն: Վերջին 20 տարում է դա պետք դիտարկել եւ երկար փողեր, որպես այդպիսին, չկան:

Հիմա, օրինակ` փորձում են ստեղծել կենսաթոշակային հիմնադրամի մոդելը, այսինքն` երկար փողերի կենտրոնացվածությունը տվյալ պարագայում կարող է տեղի ունենալ, բայց այդ գումարների մեծ մասը ներդրվում է ոչ թե Հայաստանի տնտեսության զարգացման նպատակներով, այլ մեծամասամբ արտասահմանյան կորպորացիաների շրջանակներում են փորձում ներդրում անել եւ դրանց շրջանակում կոնկրետ ապահովել շահույթ, որովհետեւ ընտրել են շահութաբերության որոշակի շեմ, որը, կարծում եմ, բարձր է եւ դժվար է ապահովել»,-ասաց պարոն Խաչատրյանը:

Նրա մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

Փոքր ու միջին բիզնեսին գրավի, մասնավորապես՝ անշարժ գույքի դիմաց վարկ տրամադրելու առնչությամբ էլ, ինչի վերաբերյալ մտահոգություն հայտնեց նաեւ էկոնոմիկայի փոխնախարարը, Վիլեն Խաչատրյանն ասաց, որ մեր երկրում ճիշտ է՝ բանկերը նախընտրում են ֆինանսավորել, բայց այդ ռիսկն ամբողջությամբ չեն կարողանում իրենց վրա վերցնել:

Խոսելով «Հորիզոն-2020» ծրագրից, տնտեսագետ Խաչատրյանը նշեց. «Այս ծրագրի շրջանակներում նաեւ կա բիզնեսի ֆինանսավորման գաղափարներ, բայց շատ բարձր մրցունակություն ունեցող բիզնեսներն են ֆինանսավորվելու, հետեւաբար սկսնակ բիզնեսի ֆինանսավորումը, ես կարծում եմ, մրցունակ ու հայտը չշահելու հավանականություն ունեցող խմբին կարող է պատկանել, որովհետեւ մրցակցությունը բավականին բարձր է եւ տասը տոկոսից ավել չի գերազանցելու շահող հայտերի թիվը: Այսինքն` այն ՓՄՁ-ները, որոնք ունեն բարձր մրցունակություն, միայն նրանք են կարողանալու մտնել այդ ծրագրերի մեջ, ստանալ ֆինանսավորում»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930