Գազի սակագինը կարող էին եւս 9-10 դրամով նվազեցնել: Այսօր «Մեդիա» կենտրոնում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նրա ներկայացմամբ՝ կան մի քանի գործոններ, որոնց հաշվին գազի գինը սպառողների համար հնարավոր է ավելի իջեցնել:
«1-ինը՝ տեխնոլոգիական, բնական կամ առեւտրային կորուստների չափն է: Գերնորմատիվային կորուստը եղել է 1.5-3%-ից ավելի, մինչեւ 6-7% կորուստ ենք ունեցել: Միայն 1% գերնորմատիվային կորուստը, 2 միլիարդ խորանարդ մետր գազի ներմուծման դեպքում, 20 միլիոն խորանարդ մետր գազ է լինում:
Շահութաբերության նորման 10%-է, եթե այս փուլում մրցունակ ապրանք ունենալու կամ, ընդհանրապես, արդյունավետ գազամատակարարման խնդիր, պարտադիր չի էդ 10%-ը, կարող է լինի 6-7%: Նաեւ գնումները, ուռճացված ծախսեր եւ ամորտիզացիան: Այս ամենը հաշվի առնելով, այո, կարելի է գազի սակագինը սպառողների համար իջեցնել»,- ասաց Մելքումյանը:
Հիշեցնենք, որ օրերս գազի սակագինը 9.3 դրամով նվազեցվեց:
Կարդացեք նաև
Էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման մասին էլ պատգամավորն ասաց, որ Էլեկտրաէներգիայի իջեցումը շաղկապված է գազի սակագնի հետ: Մելքումյանի դիտարկմամբ՝ նախկինում հոսանքի գնի բարձրացման հաշվին արդեն ծածկվել են ՀԷՑ-ի պարտքերը, ուստի հնարավորություն կա հոսանքի գինը նվազեցնել: Բացի այս, ըստ Մելքումյանի, ՀԷՑ-ի կորուստներն են նվազել, սա էլ կարեւոր հանգամանք է սակագնի իջեցման համար:
Էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների իջեցման ազդեցությունը մրցունակ ապրանք արտադրելու համար մեծ չի լինելու այս փուլում:
Քննարկման մեկ այլ բանախոս՝ Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ կարծիք հայտնեց, որ այն գործարանների համար, որոնք գազով են արտադրություն իրականացնում, գազի սակագնի նվազեցումը էական նշանակություն կունենա: Օրինակ, ինչպես ասաց Սաֆարյանը, Հրազդանի ցեմենտի գործարանը, որը գազով է աշխատում, գազի սակագնի նվազեցումը դրական կազդի եւ կարող է ցեմենտի ինքնարժեքի վրա ազդել, այսինքն՝ սակագինը կարող է նվազեցվի:
Սաֆարյանի խոսքերով՝ «Պետք է ձգտենք իրանական կողմից ավելի շատ գազ ներմուծենք: Երեւանի ՋԷԿ- 2-րդ էներգաբլոկը կառուցենք՝ ճապոնական վարկով, եթե հասնենք նրան, որ իրանական կողմից գազ ավելի շատ ծավալներով ներմուծենք, էլեկտրաէներգիա ավելի շատ կվաճառենք իրանական կողմին: Բաշխիչ ցանցերին էլ ինքնարժեքից ցածր հոսանք կարող ենք մատակարարել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի