Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն – Եվրոպան ողջունում է Բունդեսթագի` հունիսի 2-ին ընդունած բանաձևը, որը նվիրված է «հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակին»: Բանաձևի տեքստում Գերմանիայի խորհրդարանը նաև «իր բողոքն է արտահայտում ժամանակին երիտթուրքերի կառավարության գործողությունների դեմ, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ապրող հայերը գրեթե ամբողջությամբ բնաջնջվեցին»:
«Գերմանիայի խորհրդարանի ճանաչումը բացառիկ կարևորություն ունի», – ասել է ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադիա Գործունյանը. «Գերմանիան քննել է իր սեփական պատմությունը, ինչպես արել են մի քանի այլ երկրներ ևս: Այդ երկրի հանրությունը և հաստատությունները գիտակցում են անցյալի հանցանքների տևական ազդեցությունը, երբ դրանք չեն բացահայտվում և չեն հիշատակվում»: Հայոց ցեղասպանությունը հիշատակելուց բացի Բունդեսթագի բանաձևը նաև դատապարտում է Գերմանիայի մասնակցությունը այդ իրադարձություններին` որպես Թուրքիայի հիմնական դաշնակից Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում:
«Մենք պետք է շնորհակալություն հայտնենք հատկապես խորհրդարանի անդամներից մեկին` Ջեմ Օզդեմիրին», – ասել է Գերմանիայում ՀԲԸՄ ներկայացուցչության նախագահ Սահակ Արտազյանը: «Ջեմը կատարեց անցյալ տարի ապրիլի 24-ին իր տված խոստումը: Թուրքական ծագմամբ այս պատգամավորը, որը բանաձևը առաջ տարավ խորհրդարանում, հսկայական նշանակություն ունի Եվրոպայում մեզ բոլորիս համար»:
Աշխարհի մի շարք խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում` Եվրոպական խորհրդարանը: ՀԲԸՄ Եվրոպան ակտիվորեն աշխատում է Թուրքիայի քաղաքացիական հանրության հետ և Եվրոպայի քաղաքական առաջնորդների հետ` մատնանշելով ցեղասպանության հետևանքները, որոնք ներառում են Թուրքիայում ապրող փոքրամասնությունների նկատմամբ շարունակական հետապնդումները և ճնշումները հարևան Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
Կարդացեք նաև
ՀԲԸՄ Եվրոպան համակարգում և զարգացնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համաեվրոպական ծրագրերը: Ստեղծված 1906 թվականին` ՀԲԸՄ-ն աշխարհի ամենախոշոր հայկական շահույթ չհետապնդող կազմակերպությունն է: ՀԲԸՄ Եվրոպան իրականացնում է մի շարք ծրագրեր գիտական հետազոտությունների, ժառանգության պահպանման և տարածման, կրթության և մշակույթի ոլորտներում, ինչպես նաև իրազեկման բարձրացման, շահերի պաշտպանության և առաջնորդության ուսուցման բնագավառներում:
Մամլո հաղորդագրություն