Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիան ժխտում է Թուրքիայի սպառնալիքները, հաստատում Հայոց ցեղասպանությունը

Հունիս 03,2016 16:15

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է Բունդեսթագում՝ Գերմանիայի ազգային խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը հաստատող՝ այսօրվա գրեթե միաձայն քվեարկությամբ ընդունված որոշումը: §1915 և 1916 թթ.  հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ  իրագործված  ցեղասպանության ոգեկոչում ու հիշատակ¦ վերնագրված բանաձևը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվեց, չնայած Թուրքիայի կողմից հնչող սպառնալիքներին: Նախքան քվեարկությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախազգուշացրել էր, որ Թուրքիայի և Գերմանիայի միջև դիվանագիտական, տնտեսական, առևտրային, քաղաքական և ռազմական երկկողմ հարաբերությունները կվատթարանան:

Բացի այդ, բանաձևի մասին գրող Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները և լրագրողներն արդեն սպառնալիքներ էին ստանում, ինչպես օրինակ`§Ձեզ կվերացնեն¦, կամ §Ձեր վերջն էլ կլինի այնպիսին, ինչպիսին Հրանտ Դինքին էր¦. վերջինս թուրքահայ լրագրող էր, ով 2007 թ. հունվարին օրը ցերեկով սպանվեց ճշմարտությունն ասելու համար:

Քրիստոնյա-դեմոկրատական միության (CDU) անդամ և Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը դատապարտել է այն, ինչ նա բնութագրեց իբրև սպառնալիքներ, այդ թվում`մահվան սպառնալիքներ ընդդեմ թուրքական ծագումով գերմանացի պատգամավորների, եթե վերջիններս բանաձևին կողմ քվեարկեն: §Մեզ չեն վախեցնի¦, – ասել է նա:

Լամերթը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ տպավորիչ ելույթ է ունեցել: §Այն ինչ տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում, աշխարհի աչքի առաջ, ցեղասպանություն էր¦ , – ասել է Լամերթը: §Մենք, գերմանացիներս, իրավունք չունենք որևէ մեկին սովորեցնել, ինչպես պետք է վարվեն իրենց անցյալի հետ: Սակայն մեր սեփական փորձից ելնելով, մենք կարող ենք քաջալերել ուրիշներին առերեսվել իրենց պատմության հետ, նույնիսկ, երբ այն ցավալի է. ինքնաքննադատական նվիրվածությունը ճշմարտությանը կարևոր է հաշտեցման համար¦:

Ոչ պաշտոնական թարգմանությամբ, բանաձևի տեքստում նշվում է, որ §Բունդեսթագը ցավում է Գերմանական Ռայխի անփառունակ դերակատարության համար, որը, որպես Օսմանյան կայսրության ռազմական դաշնակից, ոչինչ չի արել կասեցնելու մարդկության դեմ այդ հանցագործությունները, չնայած գերմանացի միսիոներների ու դիվանագետների կողմից հստակ տեղեկություններ էր ստացել հայերի կազմակերպված տեղահանությունների և բնաջնջման մասին: Գերմանիայի Բունդեսթագի կողմից այս ոգեկոչումն իբրև հատուկ հարգանքի արտահայտում է երկրագնդի հնագույն քրիստոնյա ժողովրդի հանդեպ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնել է, որ Օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածը պետք է ճանաչվի որպես ցեղասպանություն: Իր խոսնակ տիկին Քրիստիան Վիրտցի միջոցով Մերկելն երեկ առավոտյան հայտնել է լրագրողներին, որ նա §սատարում է իր խորհրդարանական խմբին¦ հօգուտ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի:

Նշելով, որ երբեք էլ հարմար պահ չկա խոսելու մի այնպիսի զազրելի բանի մասին, ինչպիսին ցեղասպանությունն է, Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը (թուրքական ծագումով գերմանացի) 1915թ. գերմանացի պաշտոնյաների հայտարարություններ  կարդաց, որոնք ցույց էին տալիս, որ նրանք տեղյակ էին արտաքսված հայերի մինչև 90 տոկոսի սպանվելու մասին: Բանաձևում նշվում է, որ հայերի ճակատագիրը §20-րդ դարի վրա սարսափելիորեն սպի թողած զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, բռնագաղթերի, ցեղասպանությունների պատմության օրինակ է¦:

Գերմանական խորհրդարանի որոշումը հաջորդում է եվրոպական այլ երկրների կողմից պատմության այս ցավալի էջի ընդունմանը, ինչպես նաև Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևերին, որոնցում Թուրքիայի ԵՄ անդամակցությունը պայմանավորվում է  իր ցեղասպան անցյալի հետ հաշտվելու հետ¦, – հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Համագումարը բարձր է գնահատում Բունդեսթագի սկզբունքային դիրքորոշումը, հատկապես, երբ Թուրքիան շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը՝ Եվրոպայում վերջին փակ սահմանը և հրաժարվում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նաև անվերապահորեն աջակցել է Ադրբեջանի վերջին փորձը՝ Լեռնային Ղարաբաղում ևս մեկ անգամ սրբել հայերին քարտեզի վրայից, – շարունակել է Արդունուն:

 

Ամերիկայի հայկական համագումարը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930