«Հռոմի պապի այցը համացանցում ներկայացվեց իբրև տարածաշրջանային այց, սակայն Վրաստան և Ադրբեջան այցելելու է սեպտեմբերին՝ մեկ այցի շրջանակում: Հաշվի առնելով Հայաստանի բացառիկությունը՝ իբրեւ առաջին քրիստոնյա երկիր, Հռոմի պապն առանձին է այցելելու Հայաստան: Սա առանձին այց է մի երկիր, ուր Հովհաննես Պողոս պապն իր այցելությունը (2001 թվական) բնութագրել էր որպես ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Տեր Շահեն նշեց, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանսիցսկոս պապի այցելությունը Հայաստան ինչ-որ իմաստով պատմական է և բացառիկ՝ հաշվի առնելով Ֆրանցիսկոս պապի անձն իբրև հայ ժողովրդի բարեկամ, որ Հովհաննես Պողոս Երկրորդից հետո բացահայտ կերպով Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Ծայրագույն վարդապետը ներկայացրեց Ֆրանցիսկոս պապի օրակարգը. նա Հայաստանում կլինի 3 օր, ժամանելու է հունիսի 24-ին` ժամը 15:00-ի սահմաններում. «Օրը սկսվելու է արարողակարգային միջոցառումներով: Օդանավակայանում պետական արարողակարգի բարիգալստյան ընդունելությունից հետո Հռոմի պապն ուղևորվելու է Էջմիածին, որտեղ տեղի է ունենալու բարիգալստյան արարողությունը: Այդ արարողությունը նախատեսված է հատուկ եկեղեցական պետերի համար: Արարողությունից հետո պապը նախագահի նստավայրում հանդիպում է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչից հետո արդեն Էջմիածնում նախատեսված են առանձնազրույց և պատվիրակությունների ներկայացում»:
Տեր Շահեն հավելեց, որ երկրորդ օրը՝ Հռոմի պապը այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հռոմի սրբազան քահանայապետը մասնակցելու է Հայոց եղեռնի սուրբ նահատակների համար կատարվող բարեխոսական աղոթքին, ինչպես նաև ծաղկեպսակ է դնելու հուշահամալիրի մոտ. «Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Պապի այցելությունը ևս մեկ անգամ հնչեղություն կհաղորդի Հայոց ցեղասպանության հարցին»:
Կարդացեք նաև
Այնուհետև նա մեկնելու է Գյումրի, որտեղ նախատեսված է Հռոմի սրբազան քահանայապետի պատարագը Վարդանանց հրապարակում: Կլինի այցելություն Գյումրիի Յոթ վերք եկեղեցի, այնուհետև` Հայ կաթողիկե եկեղեցի: Այցելություններից հետո Հռոմի պապը անմիջապես ինքնաթիռով կվերադառնա Երևան:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք որն է Պապի այցելության նպատակը Գյումրի, ծայրագույն վարդապետը պատասխանեց. «Գյումրի այցը պայմանավորված է այն հանգամանքով, որ այնտեղ կա հայ կաթողիկե համայնք, բացի այդ՝ Հռոմի պապը սովորություն ունի այցելել այնպիսի վայրեր, որոնք խոցելի են, տարերային խնդիրների պատճառով հասարակությունը սոցիալական խնդիրների առաջ է կանգնած: Բայց հիմնականն այն է, որ Գյումրին ավանդաբար համարվում է մի վայր, որտեղ հայ կաթողիկե և հայ առաքելական եղբայրակցությունն ամուր է»:
Նույն օրը երեկոյան, Երևանում `Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և խաղաղության համար կհնչի միջեկեղեցական աղոթք: Արարողությանը հնարավորություն կունենա մասնակցել 50-60 հազար մարդ: Կհնչեն խաղաղության կոչեր, որ զինված բախումների խնդիրը լուծվի խաղաղությամբ:
Հռոմի պապի այցելության վերջին օրը՝հունիսի 26-ին, կլինեն հանդիպումներ Հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսների, քահանաների հետ: Դրանից անմիջապես հետո նախատեսվում է պատարագ Մայր Աթոռ սուրբ էջմիածնի «Սուրբ Տրդատ» բաց խորանի վրա: Պատարագը մատուցելու է Վեհափառ Հայրապետը: Հռոմի պապը հանդես է գալու ողջույնի խոսքով: Պատարագից հետո նախատեսվում է միջեկեղեցական ճաշ: Վերջում կլինի համատեղ հայտարարության ստորագրում:
Տեր Շահեն ավելացրեց, որ հայտարարության տեքստը մի քանի օր առաջ կտրվի մամուլին. «Կլինի այցելություն Խոր վիրապի վանք. այն խորհրդանշական վայր է, որտեղ Գրիգոր Լուսավորիչն անցկացրել է 15 տարի, դուրս գալով, հիմնել է քրիստոնեական եկեղեցի: Խոր վիրապում կլինի փոքրիկ ծես, որից հետո Հռոմի պապը կմեկնի Վատիկան»:
Վերջում միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատուն փաստեց, որ Մայր Աթոռը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին հրավեր է ուղարկել՝ այդ օրերին նույնպես լինել Հայաստանում, բայց դեռևս պատասխան չի ստացել:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ