Այսօր Գյումրու ծննդատանը լույս աշխարհ են եկել Սպարտակ Մկրտչյանի ու Արմինե Բերնեցյանի երկվորյակները, չորս դուստրերից հետո նրանք վերջապես արու զավակներ են ունեցել: Նրանցից մեկը ծնվել է 1 կգ 900 գրամ քաշով, մյուսը՝ 2 կգ 600 գրամ քաշով:
Մայրը՝ Արմինե Բերնեցյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արու զավակ ունենալը յուրաքանչյուր հայ ընտանիքի պարտքն է, հատկապես այս պատերազմից հետո մեզ տղաներ են պետք: Ու թեեւ իրենք սոցիալապես վատ պայմաններում են ապրում. աշխատանք չունեն, նպաստի հույսին են, իսկ 4 աղջիկներ մեծացնելն այնքան էլ հեշտ չէր, սակայն միշտ երազել են արու զավակ ունենալու մասին:
Ըստ Արմինեի, ամուսինը արցախյան պատերազմի մասնակից է եղել ու միշտ ասել է, որ բանակին հարկավոր է զինվորներ ծնել: Արմինե Բերնեցյանի ասելով, եթե պետությունը աշխատատեղեր ստեղծի, ամեն մի հայ ընտանիք էլ բազմազավակ կդառնա, որովհետեւ երեխաներ ունենալը ամենահաճելի զգացողությունն է:
Արմինեն մեզ հետ զրույցում ասաց, որ տղաներից մեկին անվանելու են Ռոբերտ՝ ի պատիվ սկեսրայրի, սակայն մյուսի անունը դեռ չեն որոշել:
Կարդացեք նաև
Քիչ անց մեզ հետ կապ հաստատեց երեխաների հայրը՝ Սպարտակ Մկրտչյանը՝ փոխանցելով, որ իր որդիներից մեկի անունը դնելու է Թալիշում նահատակված Գեւորգ Վարդանյանի անունով:
«Գեւորգը սուրբ է, նրա արարքը սուրբ է, սուրբ գործի համար իր արյունն է թափել, ցավը տանեմ իր: Ես վառոդի հոտ առած մարդ եմ, ես պարտական եմ մեր հերոսներին, մեռնեմ նրանց: Իմ էրեխեքս Աստծո տված են, ես միշտ մտածել եմ Սրբի անուն դնելու մասին, Գեւորգը ինքը հուշեց ինձ, որ ես իր անունը դնեմ, իմ բալիկիս անունը Սուրբ Գեւորգ է, այդպես էլ գրեք: Սիրտս պայթում է ուրախությունից, հպարտությունից, որ Գեւորգի անունը պիտի կրի իմ որդին: Ես էլ Արցախում եղած մարդ եմ, ճիշտ է՝ հիմա աշխատանք չունեմ, միջոցներս սուղ են, սրա-նրա մեքենան եմ գնում, քշում, որ բալիկներիս պահեմ, բայց սիրտս է լայն: Ես ապրիլյան պատերազմի ժամանակ պնդում էի, որ ինձ էլ տանեն Արցախ, չտարան, թե բազմազավակ հայր ես, երբ որ կարիքդ եղավ, կկանչենք: Ես սնայպեր եմ, նաեւ տանկիստ եմ եղել, երկու զինվոր եմ պարգեւում հայ ազգին, նրանք պարտադիր կծառայեն, որ թուրքը չգա, հասնի իրենց դուռը»,- Aravot.am-ին ասաց Սպարտակ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Թալիշում նահատակված Գեւորգ Վարդանյանը մեծացել էր Ռուսաստանի Դաշնությունում, սակայն ծնողներին հարկադրել էր իրեն Հայաստան ուղարկել ծառայության: Ռուսական միջավայրում մեծացած երիտասարդը հայերեն գրել-կարդալ սովորել էր բանակում: Հայրը հիշում է, որ Գեւորգը կարճ ժամանակ անց մեծ շրջապատ է ստեղծել հայրենիքում, նա գնդացրորդ է եղել: «Բոլորին հավասար կռվել է, ամենակարեւորը՝ մեզ խայտառակ չի արել», -ասում է հայրը: Գևորգ Վարդանյանը մի քանի անգամ իր ընկերների հետ ետ է մղել տարբեր դիվերսիաներ՝ արժանանալով խրախուսանքների:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ