ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին: Դեմ քվեարկեցին Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը հորդորեց իր ընկերներին` «մի քիչ ավելի գլոբալ նայեք հարցին»: Ասաց`Թուրքիան չի հապաղելու որեւէ հնարավորության դեպքում ու դա ցույց տվեց նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմը. «Մեր արեւմտյան սահմանն ապահովելու համար այսպիսի պայմանագրերը կարեւոր են»: Արտաշես Գեղամյանն էլ հավելեց` եթե նոր բարեկամ ձեռք չենք բերում, եղածներին էլ թշնամի չդարձնենք. «Նախիջեւանում Թուրքիայի դաշտային երրորդ բանակն է տեղակայված` ամենաժամանակակից զենքով»:
Էդմոն Մարուքյանը հակադարձեց իշխանական պատգամավորներին` դրանով մենք ահաբեկում ենք մեր ժողովրդին: Հակաօդային պաշտպանության առումով լուծում չեմ տեսնում, դեմ եմ:
Փոխարենը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն է կիսում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի արտահայտած անհանգստությունը: Կարծում է, որ դրանք հիմքեր ունեն: «Մեր անվտանգության խնդիրները ինքներս պարտավոր ենք լուծել: Անվտանգությունն այն հարցն է, որ չպետք է կոմպենսացնենք այլ ներգրավվածությամբ: Բայց վերջին ապրիլյան իրադարձությունները հարցերի մի բույլ է բացել եւ մենք մեզ պարտավոր ենք չխաբել`ոչ ՀԱՊԿ-ը, ոչ ՌԴ-ն, ոչ որեւէ ռազմաքաղաքական դաշինք երբեւէ չի օգնելու մեզ: Սխալ երեւակայություն կամ մեկնաբանություն է, եթե որեւէ մեկս մտածել է, որ ԼՂՀ-ում ռազմական գործողություններ լինեն, ռուսական բանակը կռվելու է Ադրբեջանի դեմ»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ նման համաձայնագրերը կգործեն բացառապես մեկ պարագայում`եթե կա քաղաքական նպատակահարմարություն:
Կարդացեք նաև
«Ցանկացած պետություն ունի իր հակաօդային պաշտպանության համակարգը: Ուժեղացրեք այն, որքան ուզում եք, եւ այս միասնական համակարգի մասին համաձայնագիրը մեզ չի խանգարելու մեր համակարգը ուժեղացնենք: Սա չպետք է բթացնի մեր անվտանգության ընկալումները»,- կարծում է Սամվել Ֆարմանյանը:
Ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ ամբողջովին կիսում է Նիկոլ Փաշինյանի ասածները, բայց համաձայն է նաեւ Համլետ Հարությունյանի հետ` եթե այս քննարկումը լիներ մինչեւ ապրիլյան դեպքերը, քննարկումն այլ կերպ կընթանար:
Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ այս համաձայնագիրը Սիրիայի դեպքերից հետո է առաջ եկել ու հավանաբար ապահովում է մեր`այդ մեծ խաղերի մեջ չմտնելու հնարավորությունը: Բայց նա համաձայն է նաեւ Արտաշես Գեղամյանի հետ: Արտառոց բան չի տեսնում համաձայնագրում, բայց սա նաեւ վստահության քվեարկություն է համարում`«չվստահելով մեր գործընկերոջը պատգամ ենք ուղարկում»:
ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը նաեւ ասել էր, թե այսօր Հայաստանում տոտալ անվստահություն է Ռուսաստանի հանդեպ, պատճառն էլ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն է: «Այդ նույն զինատեսակը ուղիղ ընկնում է մեր տան գլխին: Մենք պետք է մեր ձայնը հասցնենք եւ ասենք, որ իրադարձությունը այսպիսին է: Որոշ բարի ռուս գործիչներ խելքները գլուխները պետք է հավաքեն, որպեսզի կորցնեն իրենց ամենահավատարին բարեկամին: Ես գերադրական ցանկացած աստիճանով կարող եմ ասել, որ հայերը ապացուցել են իրենց բարեկամությունը: Նա պետք է օբյեկտիվ գնահատի հայ ժողովրդի պատմական դերը եւ կարծում եմ՝ առաջիկա մի քանի ամսից հետո, եթե նմանատիպ մի պայմանագիր մենք սկսենք քննարկելը, արդեն ուրիշ ոգով եւ ուրիշ մտայնությամբ մենք ելույթներ ունենանք: Գնդակը գտնվում Ռուսաստանի դաշտում»,- ասաց Հարությունյանը:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ հորդորեց այս խնդրին չմոտենանք հայ-ռուսական հարաբերությունների կամ մեր գործողությունները սահմանափակելու տեսանկյունից: Նա վստահ է`համաձայնագիրը դրական ազդեցություն է ունենալու ռազմաօդային եւ հակաօդային պաշտպանության ոլորտում, լրացուցիչ հնարավորություն է:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն էլ նկատեց, որ քաղաքական հարթակ է, կան քաղաքական շահեր. «Բայց չեմ կարծում, որ պետք է այդ համատեքստում իմիտացիա ստեղծել, թե չունենք հակաօդային պաշտպանության ուժեր: Վստահեցնում եմ, ունենք: Մենք ենք մեր խնդիրները լուծողը եւ որեւիցե երկրի վրա հույս չենք դնում, որ գան մեր հարցերը լուծեն: Քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ եւ շահեր: Նայեք քաղաքական շահի տեսանկյունից»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ