ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը, որը բխում է նոր Սահմանադրությունից: Այն այսուհետեւ սահմանադրական օրենքների շարքին է դասվում:
Օրենքում հստակեցվում են պաշտպանին ներկայացվող պահանջները, պաշտպանի լիազորությունների դադարեցման դեպքերը, որոնք նույնպես Սահմանադրության դրույթներին են համապատասխանեցվում: Քրմոյանը կարեւորեց պաշտպանի անձեռնմխելիության հետ կապված հարաբերությունները, աշխատակազմին հարցաքննելու հետ կապված դեպքերը, որը կարող են անել բացառապես ՄԻՊ-ի գրավոր համաձայնությամբ:
Նախագծի քննարկմանը ներկա էր նաեւ օմբուդսմենը՝ Արման Թաթոյանը, նա կարեւորեց, որ նախագծով պաշտպանի կապը ԱԺ-ի հետ ուժեղանում է. «Հատուկ պնդեցինք դրույթ, որ պաշտպանն ԱԺ-ում ունենալու է իր մշտական ներկայացուցիչը»: Դա, ըստ Թաթոյանի, հնարավորություն կտա մշտապես ծանոթ լինել այն նախագծերին, որոնք մտնում են ԱԺ եւ համապատասխան քննարկումներին մասնակցել՝ մինչ օրենքն ընդունվելը, ոչ թե ընդունվի օրենքը, նոր հետեւանքները քննարկվեն:
Այսօր ընդամենը 3 մարզում՝ Շիրակում, Գեղարքունիքում եւ Սյունիքում պաշտպանն ունի ներկայացուցիչ, այն էլ՝ 2-ական հոգի: Արման Թաթոյանն ասաց, որ արագ արձագանքման խմբի շրջանակներում անհնար է Երեւանից ապահովել արդյունավետություն: Հիմա ուզում են գոնե այն մարզերում, որտեղ կա հոգեբուժարան, քրեակատարողական հիմնարկ, գոնե այդ հատվածներում ՄԻՊ-ն ունենա իր ներկայացուցիչները: Դա ամրագրվում է օրենքով:
Կարդացեք նաև
Արման Թաթոյանը կարեւորեց նաեւ, որ օրենքում ամրագրվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հարցաքննելու արգելքը. «Այսօրվա գործող օրենքը նախատեսում է արգելել միայն պաշտպանի համար, բայց այդ նորմի նպատակը ո՞րն է՝ ոչ թե պաշտպանին ֆիզիկապես պաշտպանելը, որ չտանեն հարցաքննության, այլ ինֆորմացիան պաշտպանել: Աշխատակցի համար չկար երաշխիք, եւ եթե փորձեին հարցաքննել՝ ինֆորմացիան իրենից կստանային: Հաճախ աշխատակիցը ավելի շատ ինֆորմացիայի է տիրապետում, հաճախ ես իրենից եմ ստանում ինֆորմացիա»:
ՀՀԿ պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը հարցրեց՝ «Այն, որ օրենքում ամրագրվում է, որ բոլոր մարզերում պաշտպանը պետք է ունենա իր 4-5 ներկայացուցիչը, սրա գինն ինչքան է, հաշվա՞ծ է բյուջեում եւ տալո՞ւ են այդ գումարը»:
Արման Թաթոյանը պատասխանեց, որ հույս ունի, բյուջեով կնախատեսվի դա. «Վերջնական չեմ կարող ասել, թե քանի հոգի կլինեն, չեմ կարծում, որ մեծ ծավալ է լինելու»:
Էլինար Վարդանյանն էլ հավելեց, որ եթե նախագիծը կառավարությունն է բերել, նշանակում է բյուջեով պետք է նախատեսի:
Օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ