ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի համոզմամբ, Կառավարության համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավրեպ է:
«Մարդիկ դեռ պատրաստ չեն նման փոփոխությունների: Մենք պետք է հասկանանք՝ բազմաթիվ խնդիրներ կլինեն, սկսած տարածքայինից մինչեւ աշխատատեղերի: Մենք բացե՞լ ենք արդոք այդքան աշխատատեղ, որ հիմա էլ կրճատում ենք: Ես կարծում եմ, որ մենք երբեմն սայլը եզից առաջ ենք գցում»,- այսօր «Հայելի» ակումբում համայնքների խոշորացման ծրագրի մասին նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը,- հետո շարունակեց, թե այնպես չէ, որ դեմ է խոշորացմանը, պարզապես դեմ է հիմա եւ այս պայմաններով. «Մենք ոչ մի կոպեկ եկամուտ չենք ավելացրել մարդկանց համար, մարդիկ չեն կարող այդպես իրենց համայնքից տասը-քսան կիլոմետր անցնել, գնալ համայնքապետարան, եթե խնդիր լինի, ո՞նց պետք է արագ հասնեն իշխանավորները գյուղացուն»:
Պատգամավորի կարծիքով, եթե այսօր փոքր համայնքներում մարդիկ կարողանում են ինչ-որ կերպ իրենց հարցերը լուծել, ապա նույնը չեն կարող անել խոշորացման դեպքում. «Հիմա համայնքներում մարդիկ կան, որ հողի վարձ չեն մուծում, ջրի վարձ չեն մուծում, գյուղապետը ինքը լուծում է այդ հարցերը, իսկ եթե խոշոր համայնքապետ նշանակվի, այդպես չի լինի, չմուծեն, դատարան կընկնեն»:
Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանն էլ կիսեց պատգամավորի կարծիքը, ասաց՝ կողմ է խոշորացմանը, բայց ոչ այս կերպ եւ ոչ այս պահին. «Պետք է տնտեսական հիմք լինի, հետո նոր միայն այսպիսի քայլերի դիմեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ