Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանի նախագիծը չընդունվեց. նրան խոստացան տալ էժան ծառայություն մատուցող փաստաբանի կոնտակտներ (Տեսանյութ)

Հունիս 03,2016 15:06

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, ոը հետաձգվել էր մինչեւ 1 տարի ժամկետով, այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում նորից քննարկվեց: Գործող օրենսդրությամբ քաղաքացիներն իրավունք ունեն օգտվելու իրավաբանական ծառայությունից վճարովի հիմունքներով՝ բացառությամբ որոշ դեպքերի:

Վճարը տատանվում է 300 հազար դրամի շրջանակներում, իսկ ՀՀ-ում 50 հազար աշխատավարձ ստացող քաղաքացու համար դա խնդիր է, չեն կարողանում օգտվել այդ ծառայությունից, հայտնվում են ֆինանսական լուրջ բեռի տակ:

Մարդիկ կան, որ ունեն իրավաբանական գիտելիքներ եւ կարող են դատարանում շահերը ներկայացնել անվճար: Այսինքն, փաստաբանները կկարողանան առանց արտոնագրի հանրային պաշտպանի դեր ստանձնել՝ միայն անվճար պայմանագրերի դեպքում:

Հիշեցնենք, որ նույն հանձնաժողովում նախորդ քննարկման ժամանակ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դեմ էր արտահայտվել նախագծին՝ ասելով, որ «Պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել որակյալ իրավաբանական օգնություն, իսկ դա դատարաններում կարելի է կազմակերպել փաստաբանների միջոցով: Եթե համեմատություն անենք բժշկության հետ, ապա դա նույնն է, որ հեքիմին թույլատրվի վիրահատություն կատարել, քանի որ բժիշկների քանակը քիչ է, կամ հիվանդները վճարունակ չեն: Նույնն է, որ գյուղի անասունից ծնունդ ընդունողին թույլ տանք, որ մարդուց ծնունդ ընդունի»:

Urixanyan_YesayanՀանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հիշեցրեց, որ կա հանրային պաշտպանի ինստիտուտը, որը գործում է նաեւ քաղհայցերի դեպքում: Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ում համար հայտնի չէ, որ դա իրականության մեջ չգործող տարբերակ է: Քրեական դաշտում ոչ բոլոր դեպքերում է գործում, իսկ քաղաքացիական գործերի դեպքում չի գործում»:

Էլինար Վարդանյանը չհամաձայնեց, որ հանրային պաշտպանի ինստիտուտը չի գործում. «Սա մեկ քայլ ետ կլինի որակյալ իրավաբանական եւ փաստաբանական օգնություն ցույց տալուց: Իսկ արտոնագիր չստացողների որակը կասկածելի կարող է լինել, նույնն է, որ դատախազները, դատավորները, համապատասխան դպրոց չանցնելով՝ նշանակվեն դատավորներ: Արտոնագիր ստանալը եւս մեկ քայլ է՝ առավել որակյալ ծառայությունների»:

Նա նաեւ տարակուսանք հայտնեց Տիգրան Ուրիխանյանի նշած գնի առնչությամբ, թե փաստաբանի ծառայությունը 300 հազար դրամի շրջանակներում է. «Չկա այդպիսի վիճակագրական տվյալ, որ օգնությունը կազմում է հենց 300 հազար դրամ, գինը սահմանում է փաստաբանը՝ ելնելով տարբեր հանգամանքներից: Դա ասաց նաեւ փաստաբանների պալատի նախագահը»:

Ուրիխանյանն արձագանքեց. «Հավատո՞ւմ եք, որ ՀՀ-ում կա փաստաբան, որը 50-100 հազար դրամով միջին ծանրության քաղաքացիական գործ կվերցնի: Համատարած սովի, ընչազրկության պայմաններում ինչո՞ւ չտալ այս հնարավորությունը մարդկանց: Հանրային պաշտպանի ինստիտուտին մինչեւ դիմեմ, կանցնի 2 ամիս, կպարզվի, որ պաշտպանը էն փաստաբաններից է, որ զբաղված է դատավորների հետ տուր ու առով՝ արանքում միջնորդավճար ստանալով: Եկեք իրականությունը հաշվի առնենք»:

Էլինար Վարդանյանը խոստացավ տրամադրել փաստաբանների կոնտակտներ, ովքեր այդ գումարի շրջանակներում իրավաբանական օգնություն են ցուցաբերում:

ՀՅԴ պատգամավոր Կարեն Շախմուրադյանը նույնպես դեմ արտահայտվեց նախագծին՝ ասելով, որ դրանով պետք է զբաղվեն համապատասխան մասնագետները, ոչ թե պատահական մարդիկ:

Նախագիծը դրվեց քվեարկության եւ 4 դեմ քվեարկության արդյունքներով բացասական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930