Լրահոս
Օրվա լրահոսը

«Է~ մեզ ի՞նչ ռուսական ռազմաբազայում ինչ զենքեր կան» (Տեսանյութ)

Հունիս 03,2016 14:38

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր քննարկում էր 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:

Հիմնական զեկուցող, Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ասաց` այսօր Հայաստանում կան տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգեր, բայց այս համաձայնագրով խոսքը գնում համատեղ գործողությունների մասին:

«Անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարո՞ղ է միայնակ որոշումներ կայացնել՝ իր օդային պաշտպանությունը կազմակերպելու համար»,- հետաքրքրվեց Ալեքսանդր Արզումանյանը:

«Խաղաղ ժամանակ Հայաստանը կարող է ինքնուրույն որոշել, իսկ պատերազմական իրավիճակում Ռուսաստանի հետ միասին»,- ասաց Արա Նազարյանը:

Պատասխանը վրդովվեցրեց Նիկոլ Փաշինյանին: Նա գտնում է, որ հենց պատերազմական իրավիճակում պետք չէ մեր երկրի հակաօդային պաշտպանությունը կազմակերպել Ռուսաստանի հետ. «Չորսօրյա պատերազմի փորձը վախեցնում է, որ պատերազմի ժամանակ մենք մեր օդային պաշտպանությունն իրականացնելու ենք Ռուսաստանի հետ: Մենք ընդհանրապես ի՞նչ ենք ստանում, ինչո՞ւ ենք մեր հակաօդային պաշտպանությունը դնում Ռուսաստանի հետ համատեղության տակ»:

Փոխնախարարի պատասխանը` տեսանյութում

Tevan_Pogosyan-10Թեւան Պողոսյանն էլ հարց տվեց համակարգերի կառավարման շղթայի մասին եւ իր հարցի պատասխանից գոհ մնաց, ուստի, ավելի ուշ, իր ելույթում ասաց, որ այս պայմանագիրը դրական է ու ինքն էլ կողմ է քվեարկելու: Նա վստահ է, որ այս պայմանագիրը Հայաստանին ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն է տալիս:

Մանրամասները` տեսանյութում

Իսկ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ սա հերթական «բուտաֆորիա համաձայնագիրն» է, որը նպատակ ունի պատրանք ստեղծել, թե Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանի օդային անվտանգությունը: Իր ելույթում նա ասաց. «Սա հերթական բուտաֆորի համաձայնագիրն է, երբ որ Հայաստանի պաշտոնյաները կամ իշխանության ներկայացուցիչները Հայաստանի՝ անվտանգության աստիճանի բարձրացնելու կարիքներից ելնելով, պատրանք ստեղծելու համար մի համաձայնագիր են ստեղծում Ռուսաստանի հետ, թե տեսեք այս համաձայնագրով ուժեղացնում ենք օդային պաշտպանությունը: Այս դահլիճում Ռուսաստանի մի ներկայացուցչի, երբ որ նրանք «Սմերչ» համակարգ էին վաճառել Ադրբեջանին, ասեցի`գիտե՞ք, որ հիմա մենք ձեզ հետ միասին գտնվում ենք այդ «Սմերչի» ուղիղ նշանառության տակ: Պատասխանեցին, թե գիտե՞ք ռուսական ռազմաբազայում ինչ զենքեր ունենք: Է~ մեզ ի՞նչ ռուսական ռազմաբազայում ինչ զենքեր կան: Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը ինքը կորոշի այդ զենքը օգտագործի Հայաստանը պաշտպանելո՞ւ, թե՞ ծնկի բերելու համար»:

11Պատգամավորը կարծում է, որ Պաշտպանության նախարարությունը պետք է ուժեղացնի հետախուզական ծառայությունները. «Փոխանակ մեր հետախուզական ծառայությունը ուժեղացնեն, սենց պայմանագրեր ես ստորագրում, թե Ռուսաստանը մեզ հետախուզական տվյալներ է տալու. տվեց բա չտվե՞ց: Ապրիլին տեսանք ոնց սխալ տվյալներ տվեց: Մենք անվտանգության փուչիկ ենք ստեղծում: Սա անթույլատրելի է, ես դեմ եմ քվեարկելու: Արդեն հոգնել ենք, երբ աչքով-ունքով հասկացնում են, թե գաղտնի բաներ կա: Էդ փուչիկը պայթեց ապրիլին, ոչ մի գաղտնի բան էլ չկա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930