Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ստեփանյան. «Նժդեհը երկար, գանգուր մազեր է ունեցել» (Տեսանյութ)

Հունիս 03,2016 14:12

Գարեգին Նժդեհի արձանը կերտած քանդակագործ Գագիկ Ստեփանյանը հունիսի 3-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ ցանկացել է ստեղծել հայ պետական և ռազմական գործիչ Նժդեհի հավաքական կերպարը:

«2011 թվականից` մրցույթից անմիջապես հետո սկսվել են արձանի պատրաստման աշխատանքները: Բազմաթիվ էսքիզներ, տարբերակներ են արվել: Առաջին փուլի ժամանակ իմ էսքիզով նա ձեռքը դրել էր սրի վրա և ոչ թե սուր էր ճոճում: Առաջին փուլում ոչ մի նախագիծ հավանության չարժանացավ, հայտարարվեց երկրորդ փուլը, որի ժամանակ ներկայացրել եմ այս տարբերակը»,- ասաց Գագիկ Ստեփանյանը:

Քանդակագործը վստահեցնում է`արձանը ստեղծելու նպատակով ուսումնասիրել է Գարեգին Նժդեհի լուսանկարները, հավաքել նյութեր: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արձանը նման է Պետրոս Առաջինին` արվեստագետը պատասխանեց, որ որևէ մեկի հետ կապ չի տեսնում և արձանը շատ նման է հենց Նժդեհին:

«Ես պարտաճանաչ մոտեցում եմ ցուցաբերել: Նժդեհը երկար, գանգուր մազեր է ունեցել: Ես մազերն օգտագործել եմ կերպարն ուժեղացնելու, լեգենդ դարձնելու համար: Մտածել եմ, որ պետք է ստեղծեմ Գարեգին Նժդեհի հավաքական կերպարը` հանճարեղ զորավար, պետական և քաղաքական գործիչ, 20-րդ դարի առաջին կեսի համաշխարհային մեծագույն փիլիսոփա»,- ասաց նա:

«Նժդեհն ապրել է իր հայրենիքի համար: Մենք իսկապես պարտական ենք նրան և մյուս հերոսներին: Ես Գարեգին Նժդեհի մեջ տեսնում եմ լեգենդար ասպետի, որն, ինչպես Քրիստոսը, փրկեց իր ժողովրդին: Ես սովորական քաղաքացի եմ: Կարծում եմ, որ հուշարձան-կոթողը գեղեցիկ է, ներդաշնակ, չափի մեջ, արված է բարձր ճաշակով: Սրբությունը պետք չէ արժեզրկել»,- շեշտեց Գագիկ Ստեփանյանը:

Ասուլիսի մասնակից, ճարտարապետ Ասլան Մխիթարյանը շեշտեց, որ նույնիսկ լավագույն քանդակների դեպքում հնչել են քննադատություններ: Նրա համոզմամբ` այս արձանը հավանության արժանանալու տեղ ունի: «Քանդակագործն ավելի սուր է վերաբերվում քննադատություններին, ես` ավելի հանգիստ: Եթե չեն քննադատում, ուրեմն ոչինչ արած չէ: Ես չեմ հիշում որևէ քանդակ, որը չի քննադատվել»,-նշեց Ասլան Մխիթարյանը:

Մայիսի 28-ին տեղի է ունեցել Գարեգին Նժդեհի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այն բացվել է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության փողոցի վրա գտնվող պուրակում:

Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930