Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բուդեսթագի ընդունած բանաձևի մտահոգիչ դրույթները

Հունիս 03,2016 13:47

Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը նպաստեց Էրդողանը:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը սա համարեց քաղաքական որոշում ու նշեց. «Սրան նպաստեց հենց Էրդողանը: Սա փախստականների առևտրում Գերմանիային և Եվրոպային շանտաժի ենթարկելու արդյունքն էր»:

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը վստահեցրեց, որ նման բանաձև հիմա ընդունվեց, քանի որ դա հիմա էր պետք Գերմանիային: Նա բանաձևից որոշ մտահոգիչ դրույթներ առանձնացրեց. «Հենց առաջին պարբերությունում խոսվում է հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունների մասին: Քրիստոնյա բառը վտանգավոր է: Չկա նման բան, որ Հայոց ցեղասպանությունը կատարվեց այն պատճառով, որ հայերը քրիստոնյա էին, այլ 1915-ին կատարվեց էթնիկ զտում: Բունդեսթագը նման բացթողում կատարելու իրավունք չուներ: Վատ դրույթ է նաև այն, որ ասվում է, թե պետք է խթանվի Թուրքիայի կողմից սկսված գործընթացը հայկական հուշարձանների և մշակութային ժառանգությունը վերականգնելու հարցը: Գերմանիան կուլ է տվել թուրքական քարոզչական խայծը, համաձայն որի`նրանք մի քիչ վերանորոգեցին Ախթամարը և Տիգրանակերտի եկեղեցին, որը հետո բռնագրավվեց: Սա դնել բանաձևում չափազանց անընդունելի է: Անընդունելի է հղումը ցյուրիխյան արձանագրություններին, որոնք մեռած են: Հստակ տարբերություն է դրվում Հոլոքոստի և մյուս ցեղասպանությունների միջև`համարելով, որ Հոլոքոստը առանձնահատուկ է: Բանաձևում կա համատեքստ, որ այսօրվա Թուրքիան պատասխանատվություն չի կրում 1915-ին կատարված իրադարձությունների համար, այդ դեպքում ինչո՞ւ է այսօրվա Գերմանիան ստանձնել պատասխանատվություն Հոլոքոստի համար: Սա ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե շառաչուն ապտակի, այլ թեթև կսմթոցի հետ, այն էլ մարմնի թիկունքի հատվածում: Գերմանիան ուղղակի այնպիսի բան է արել, որ երկու կողմն էլ գոհ մնան»:

Պարոն Մարտիրոսյանը շեշտեց, որ սա ընդամենը բանաձև է, ոչ թե օրինագիծ, ուստի պետք է պայքարեինք, որ օրինագիծ անցկացնեինք:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ սա մինչև այժմ ընդունված ամենալուրջ բանաձևն է. «Եթե Եվրամիության ամենաթելադրող երկրի պատգամավորների մեծամասնությունը  միանում է այս տեքստին, համաձայնեք, որ սա երկրի դիրքորոշում է: Հանձնարարականները աննախադեպ շատ էին, ինչը չեմ տեսել այլ բանաձևերում»: Արձագանքելով այն դիտարկմանը, թե բանաձևում նշված է, որ այսօրվա Թուրքիան պատասխանատվություն չի կրում 2015-ի իրադարձությունների համար` պարոն Սաֆարյանը նշեց. «Պետության մասին խոսք չի գնում, խոսվում է այսօրվա թուրքին չվիրավորելու մասին: Դուք Գերմանիայի Բունդեսթագից դատավճի՞ռ եք պահանջում»:

Թե ինչի՞ կարող է հանգեցնել թուրք-գերմանական հարաբերությունների համատեքստում այս բանաձևի ընդունումը, պարոն Իսպիրյանը նկատեց. «Հետևանքները Թուրքիայի համար ծանր կլինեն: Այդ երկիրը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ իր գլխավոր դաշնակիցը ընդունում է Հայոց ցեղասպանությունը և իր մեղսակցությունն է շեշտում: Գուցե դրանից հետո Թուրքիային հասկացնեն փոխհատուցում տալու անհրաժեշտության մասին, երբ իրենց համար դա կլինի շահավետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930