«Առհասարակ, աշխարհում տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել է արտաքին հարաբերությունների գործիք, մասնավորապես` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու կամ վերջինիս պատժելու նպատակով»,- կարծում է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Հունիսին 3-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում նա գոհացուցիչ համարեց այն հանգամանքը, որ Գերմանիայի Բունդեսթագում երեկ ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող նախագծի որոշ հեղինակներ թուրքական ծագում ունեն. «Փաստաթուղթը հետաքրքիր է նրանով, որ մի շարք դիտարկումներ է ներկայացնում: Այլ է հարցը, երբ մեկ նախադասությամբ են ճանաչում, մեկ այլ բան է, երբ ասվում է, որ Գերմանիան ընդունում է իր նախնիների մեղքը: ՀՀ-ն պետք է խելացի լինի եւ հասկանա` ինչպե՞ս օգտագործել բանաձեւը հայկական շահերն առաջ տանելու համար: Այն կարելի է ներկայացնել այն երկրներում, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը»:
Թեւան Պողոսյանի համոզմամբ` նշյալ բանաձեւի ընդունմամբ հայ-գերմանական հարաբերություններում հերթական դրական էջն է բացվում, սակայն պետք չէ մոռանալ, որ բանաձեւի ընդունումը որոշակի հետեւանքներ կունենա. «Չլինի այնպես, որ Գերմանիան իր շահերն առաջ տանելու համար, օրինակ, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, որոշակի պահանջներ ներկայացնի ՀՀ-ին: Չմոռանանք, որ ամիսներ առաջ մի քանի անգամ համանախագահող երկրներն ասացին, որ ՀՀ-ն ստիպված է զիջումների քաղաքականություն վարել»:
Պատգամավորը նկատեց, որ փաստաթուղթը ենթադրում է նաեւ Հայոց ցեղասպանության շուրջ գերմանացի գիտնականների հետազոտական աշխատանք, եւ լավ կլինի, եթե այդ գործում ներգրավվեն նաեւ հայ մասնագետները:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից իր դեսպանին Գերմանիայից հետ կանչելուն, Թեւան Պողոսյանի խոսքով. «Գերմանիայի դեպքում այս իրավիճակը գուցե մի քանի օր այսպես մնա: Գերմանաթուրքական հարաբերությունները ներկախվածության խնդիր ունեն, եւ Թուրքիան ինքը քայլեր կձեռնարկի` իր իսկ կատարած հայտարարությունների դեմ: Թուրքիան պետք է գա ճնշման աստիճանի եւ գիտակցի, որ ժխտելն իր վրա ավելի թանկ է նստում, քան ընդունումը: Թուրքիան այն ժամանակ կընդունի Հայոց ցեղասպանությունը, երբ իր հաշվարկների մեջ կհասկանա` ժխտելով ավելի մեծ կորուստներ է կրում»:
Բանախոսը նաեւ նշեց, որ հայանպաստ բանաձեւի ընդունմամբ Գերմանիան հաստատեց ժողովրդավար երկիր լինելը. «Գերմանիան սեփական շահերն ունի ապացուցելու, որ արժեքների երկիր է եւ իր հետ չի կարելի շանտաժի լեզվով խոսել: Միաժամանակ, Մերկելը նշեց, որ Թուրքիան մնում է իրենց դաշնակիցը, բայց չմոռանանք ժողովրդավարության բաղկացուցիչ մասերից մեկի մասին: Այն է` դու միշտ կարող ես ունենալ այլ կարծիք եւ այն հանգիստ արտահայտել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ