Քառօրյա պատերազմում հրազենային ծանր վիրավորում ստացած Ռուբեն Առաքելյանը առաջիկա օրերին կմեկնի Գերմանի՝ բուժվելու:
Նրա մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, այսօր «Հայելի» ակումբում պատմեց, որ Ռուբենն անշարժունակ է, հրազենային վնասվածքը վնասել է ողնուղեղը: «Վերջույթները չեն գործում, չի կարողանում շարժել ոտքերն ու ձեռքերը»:
Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն էլ ասաց, որ Հայաստանում բոլոր բժիշկներն իրենց հնարավորությունների սահմանում ամեն ինչ արել են, բայց դա բավարար չէ այս տղաների ֆիզիկական հնարավորությունները վերականգնելու համար:
Գերմանիայում էլ Ռուբենին հարյուր տոկոսանոց վերականգնում չեն խոստացել. «Կվերականգնվի առողջության 70 տոկոսը: Բուժման համար արդեն փոխանցվել է անհրաժեշտ գումարը, տոմսերը պատվիրվել են»:
Կարդացեք նաև
Տիկին Բախշյանը դժգոհեց նաեւ զինվորների համար ստեղծված «Մարտիկ» հիմնադրամից. «Մեկ միլիոն դրամ Արման Լազգիյանին է փոխանցել (խմբ. Արմանն էլ էր ողնուղեղի վնասվածք ստացել քառօրյա պատերազմում ու այժմ մեկնել է Գերմանիա) մեկ միլիոն դրամ էլ Ռուբենին է տրամադրել, այն դեպքում, երբ հիմնադրամի 2015 թվականի մայր գումարից ստացված տոկոսը մոտ 49 միլիոն դրամ է կազմում:
Ես առաջարկեցի հիմնադրամի ղեկավար Աղաբեկյանին՝ առաջին հինգ ամսվա տոկոսը տալ տղաներին, այն կազմում էր քսան միլիոն դրամ, բայց չտվեց՝ մեկ միլիոնը տվեց: Դե թող պարոն Աղաբեկյանն ինձ ասի, ուզում եմ «Մարտիկ» հիմնադրամ ներդրումներ անեմ, կա՞ հաշվեհամար, ինչքան հետաքրքրվել եմ՝ հաշվեհամար չեմ գտել, հետեւաբար, իրավունք ունեմ հարցնել՝ ուր են «Մարտիկի» գումարները»:
Ի դեպ, եթե Արման Լազգիյանին ծնողներն են սեփական միջոցներով Գերմանիա տարել, ապա Ռուբենի դեպքում ՊՆ-ն է արտաբյուջետային հաշվից միջոցներ տրամադրել, վարչապետն ու այլ պաշտոնյաներ՝ սեփական միջոցներից: Ընդհանուր գումարը կազմել 43.000 եվրո:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ