Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերմանիան այս բանաձեւով նաեւ Թուրքիային դատապարտեց որպես հիմնական մեղավոր». Արա Պապյան

Հունիս 03,2016 12:49

Գերմանիայի Բունդեսթագի` երեկ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը կարեւոր էր նրանով, որ Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունն ու ընդունեց իր մեղսակցությունը:

«Եթե բանաձեւի մեջ գրված է հանցակից, ուրեմն կա հանցանք, ուրիշ հանցագործ եւս: Գերմանիան այս բանաձեւով նաեւ Թուրքիային դատապարտեց որպես հիմնական մեղավոր»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Արա Պապյանը:

Ըստ նրա` Բունդեսթագի ընդունած բանաձեւում, ի տարբերություն Ֆրանսիայի ընդունած նման բանաձեւի, կարեւոր քայլեր են նախատեսվում.«Դպրոցներում ու ուսումնական հաստատությունների ծրագրերում Հայոց ցեղասպանության ներառումը: Բանաձեւում նաեւ նշվում է՝ Հայոց ցեղասպանությունը եղել է  օրինակ 20-րդ դարի մյուս ցեղասպանությունների համար:

Բացի հայերից նշվեց նաեւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը, սրանով կապ դրվեց 20-21-րդ դարերին Միջին Արեւելքում տեղի ունեցած ցեղասպանությունների միջեւ»:

Ըստ նրա` բանաձեւն անդրադարձ կունենա գերմանաթուրքական հարաբերությունների վրա, Թուրքիան հոխորտում է, սպառնում, բայց լուրջ լծակներ չունի. «Ինքն է տուժող կողմը, փոխհարաբերությունները շահավետ են, ու ամենից շատ Թուրքիան է օգտվում: Ինչ կարող է Թուրքիան անել Գերմանիային, ոչինչ, մի քիչ աղմուկ կանի, հետ կկանչի դեսպանի, հետո կվերականգնի: Հայոց ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի կողմից ազդեցություն կթողնի ԵՄ քաղաքականության վրա, եւ իմ կարծիքով` հիմնական դրդապատճառներից մեկը փախստականների հարցն էր, որով Թուրքիան փորձեց սպառնալ Եվրոպային, մասնավորապես Գերմանիային»:

Պարոն Պապյանի խոսքով, սակայն, ցեղասպանության ճանաչումը չպետք է լինի մեր պայքարի հիմնական ուղին, ճանաչումները ինքնանպատակ չեն, եթե սրան չհաջորդի տարածքային փոխհատուցումը: Ըստ նրա` հակառակ դեպքում իրադրությունը կնմանվի մի իրավիճակի, երբ գյուղացին ցանում է, բայց բերքը չի հավաքում:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ` բանաձեւը կարեւոր հումանիտար, միջազգային իրավունքի պայծառ էջերից մեկն է: Ըստ նրա, չի կարելի ասել, որ բոլորը ղեկավարվում են շահերով. «Կա աշխարհում նաեւ այն խավը, որը իրապես համարում է  այսպիսի գործընթացները հօգուտ մարդկությանը»:

Ինչո՞ւ այս փուլում բանաձեւն ընդունվեց, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Այս փուլն ավարտական փուլ է, այս գործընթացը սկսվել էր վաղուց,  եթե ուշադիր նայենք հիմնավորումը, մտածված լեզու է օգտագործված, հստակեցված են բոլոր ակցենտները»:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է Գերմանիան այս բանաձեւն ընդունեց, որ միջազգային հանրությունը ԼՂ հարցում կարեւոր զիջումներ կորզի, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «ԼՂ հարցով վտանգ չեմ տեսնում, որովհետեւ մեր իշխանությունը պետք է համաձայնի կամ չհամաձայնի զիջումներին, ցեղասպանության հարցը այն կարեւոր հարցը չէ, որ դնենք ԼՂ անվտանգության հարցի կողքին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930