Ըստ պաշտոնական տվյալների՝ 2002 թվականից մինչեւ 2014 թվականի սեպտեմբերը Հայաստանի դեմ ՄԻԵԴ է ներկայացվել ավելի քան 2000 գանգատ։ 2014 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության դեմ կայացվել է 49 վճիռ։ Հայաստանի մասնակցությամբ ՄԻԵԴ-ի ընդունած վճիռներով դիմումատուների կողմից 2014 թվականի նոյեմբերի 1-ի տվյալներով ներկայացվել է շուրջ 15 մլն 260 հազար եվրոյին համարժեք փոխհատուցման պահանջ, որից բավարարվել է շուրջ 574 հազար եվրոն կամ ընդհանուր պահանջի 3,8 տոկոսը։
Ժամանակը չէ՞, որ դատավորները սեփական գրպանից վճարեն իրենց իսկ կողմից կայացրած ոչ օրինական վճիռների համար։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ։
– Պարոն Մկրտումյան, մինչեւ ե՞րբ պետք է դատավորների ոչ օրինական, անբարեխիղճ, որոշումների համար վճարի ՀՀ քաղաքացին։
– Եթե ուսումնասիրեք մինչ օրս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացված 69 վճիռները, ապա կնկատեք, որ, օրինակ, 35 վճիռ վերաբերում է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների .պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածին («Ազատության իրավունքը»), 10 վճիռ՝ 3-րդ հոդվածին («Խոշտանգումների արգելք»), 4 վճիռ՝ 8-րդ հոդվածին եւ այլն։
Կարդացեք նաև
Նշված վճիռների մեծ մասը կայացվել է ավելի քան տասը տարի առաջ, եւ դրանց հիմքում ընկած են առավելապես մինչ 2007-2008 թվականները ՀՀ քրեադատավարական, քրեական եւ վարչական օրենսդրության մեջ առկա կարգավորումները (օրինակ՝ վարչական կալանք, ձերբակալվելուց հետո դատավորի մոտ տարվելու երաշխիքի բացակայություն, գրավի սահմանափակ կիրառություն, խոշտանգումների վերաբերյալ վստահելի հայտարարությունների քննության երաշխիքների բացակայություն եւ այլն)։
Եվրոպական դատարանում քննության առարկա դարձած վերոնշյալ ակտերը կայացվել են այն ժամանակ գործող օրենսդրությանը համապատասխան, դրանք ապօրինի կամ անհիմն չեն եղել։
Խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշյալ ակտերով կիրառված օրենսդրությունը եւ այդ օրենսդրության հիման վրա ձեւավորված դատական պրակտիկան չի համապատասխանել Եվրոպական կոնվենցիայի պահանջներին եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին։ Թերեւս հենց այս հանգամանքն էր ընկած 2005 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանին վերապահված օրենքի միատեսակ կիրառության ապահովման եւ իրավունքի զարգացման լիազորության հիմքում։
Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում