Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ. «Այդ բանաձևը խայտառակում է Բունդեսթագի հեղինակությունը»

Հունիս 03,2016 12:08

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է երեկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված` Հայոց ցեղասպանության մասին բանաձևին:

Տարածված հաղորդագրության մեջ Թուրքիայի ԱԳՆ-ն համարում է, որ Բունդեսթագի կողմից նման բանաձևի ընդունումը խայտառակում է այս կառույցի հեղինակությունը: Հայտարարության մեջ, մասնավորապես նշված է. «Այս բանաձևն արհամարհանք է օրենքի հանդեպ, այն օրինակ է պատմության քաղաքականացման, ինչը թույլ չի տալիս պատմական իրադարձությունների շուրջ ծավալել բանավեճ: Այսպիսով` փորձ է արվում հայերի կողմից հորինված տաբուն ներկայացնել որպես անվիճարկելի փաստ»:

Թուրքիայի ԱԳՆ-ն 1915-ի իրադարձությունները համարում է «վիճարկելի» և նշում, որ այդ հարցի շուրջ հաշտեցման կարելի է հասնել միայն երկխոսության և կարծիքների փոխանակման արդյունքում: Մասնավորապես ամրագրված է. «Այս գիտակցությամբ` Թուրքիան փորձ է անում հարգել Օսմանյան հայերի հիշատակը, կիսում է նրանց վիշտը, պահպանում է հայկական մշակութային ժառանգությունը և ձեռնարկում է լուրջ քայլեր երկու երկրների միջև հաշտեցման հասնելու համար: Այս առումով Թուրքիան ոչ մի դաս չունի քաղելու Գերմանիայի Դաշնային հանրապետությունից»:

Հայտարարությամբ ակնարկվում է, եթե Գերմանիան ցանկանում է իրոք վեր հանել այն, ինչ տեղի է ունեցել Օսմանյան Կայսրության գերիշխանության ժամանակաշրջանում, պետք է ստեղծի անկախ պատմաբանների հանձնաժողով, որի մասին Թուրքիան պահանջել է դեռ 2005-ից:

Գերմանիայի դիրքորոշումը թուրքական կողմի համար միակողմանի է, հայտարարության մեջ նշված է` «փոխանակ լույս սփռվի, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին,  բազմաթիվ գրքեր, ֆիլմեր են ստեղծվել, որոնք գերմանական հասարակության մեջ միակողմանի կարծիք են ձևավորել»:

Մեղադրականների շարքում Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մտահոգություն է հայտնվում, թե թրքատյացությունն ու իսլամատյացությունը հասել են ռասիզմի մակարդակի: Ըստ թուրքական կողմի` «Գերմանիայի` քաղաքականության առաջ ստելու պատճառ կարող են լինել վերջին ոճրագործությունները մարդկության դեմ`Նամիբիայից մինչև Հոլոքոստ»:

Ըստ թուրքական կողմի` Գերմանիան փորձ է անում ուծացնել գերմանական ծագման թուրքերին, որոնք մեծ ներդրում են կատարել Գերմանիայի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:

Թուրքիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնում, թե գերմանական երիտասարդ սերունդը դաստիարակվել է գաղափարներով, որոնց նա չի հավատում, որոնք թելադրված են ու հորինված հայկական կողմից:
Հայտարարության ամփոփիչ հատվածում կոչ է արվում Գերմանիային չքաղաքականացնել պատմական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 101 տարի առաջ: Այնուհետև հիշեցվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ուսումնասիրությունները, մասնավորապես այն մասին, թե հայկական կողմի ներկայացված պատմությունը վերջին ճշմարտությունը չէ, և որ չի կարելի զուգահեռներ տանել 1915-ի դեպքերի և Հոլոքոստի միջև:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարության եզրափակիչ հատվածում ամրագրել է. «Մենք ակնկալում ենք, որ Գերմանիան, որպես մեր դաշնակից երկիր և մի պետություն, որի հետ սերտորեն համագործակցում ենք  Եվրոպայի ապագայի համար, հաշվի կառնի մեր կարծիքը, զգայունությունը, որը մեզ համար ունի կենսական նշանակություն, հանուն մեր երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև հանուն Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների: Այս պայմաններում Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուն հետ է կանչվել խորհրդակցությունների»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930