Եվրասիական տնտեսական միության ձախողումների մասին, թերեւս, ամենաբացահայտ կերպով խոսվել է մայիսի 30-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, երբ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները հանդես են եկել ոչ լավատեսական եւ ոչ էլ ոգեւորված հայտարարություններով:
Միությունը միություն չէ
Եվրասիական տնտեսական միության, այսպես ասած, մեխը բաց սահմաններն ու ապրանքների ազատ տեղաշարժն է դրա անդամ երկրների միջեւ: Սակայն հիմնարար այս սկզբունքը ԵԱՏՄ-ում չի պահպանվել հենց սկզբից: Մասնավորապես` դեռ 2014 թվականին Մոսկվան մեղադրեց Մինսկին եվրոպական արգելված ապրանքները վերաարտահանելու, Բելառուսի տարածքից ՌԴ բերելու մեջ, ինչի արդյունքում կողմերը հնչեցրեցին կոշտ հայտարարություններ, իսկ ռուս-բելառուսական սահմանին հայտնվեցին մաքսակետեր:
ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցությունից հետո այդ երկիրը ոչ թե հայտնվեց ազատ տնտեսական գոտում, որում կարելի է բարեհաջող առեւտուր անել մյուս մասնակիցների հետ եւ զարգացնել տնտեսությունը, այլ ներքաշվեց կատաղի առեւտրատնտեսական պատերազմի մեջ իր հարեւանի` Ղազախստանի հետ: Ղազախստանում, որտեղ Ղրղզստանի անդամակցությանը սպասում էին գրեթե «սրած դանակներով» ու մտավախություններ հայտնում, թե Ղրղզստանից Ղազախստան կներխուժեն չինական ապրանքներ, իրենք առաջինն անցան գրոհի` հացահատիկային ապրանքներով ճնշելով ղրղզական արտադրողներին եւ էմբարգոներով ծնկի բերելով Ղրղզստանի գյուղատնտեսությունը (Ղազախստանն արգելել է կարտոֆիլի ներկրումը Ղրղզստանից): Ինչպես Աստնայում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հայտնել էր Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, թեեւ ղրղզա-ղազախական սահմանին վերացել են մաքսային կետերը, դրանց փոխարեն ի հայտ են եկել հարկային մարմիններ, որոնք ոչ միանշանակ միջոցներ են կիրառում չինական ապրանքների` Ղրղզստանից դեպի Ղազախստան վերաարտահանմամբ զբաղվողների նկատմամբ:
Կարդացեք նաև
Ղազախստանը, իր հերթին, ԵԱՏՄ, թերեւս, «ամենադուրս» երկիրն է, քանի որ Ղազախստանում ապրանքների 1/4-ի համար ներմուծման մաքսային դրույքաչափերը ավելի ցածր են, քան ԵԱՏՄ-ում: Այսպիսով, այն ապրանքները, որոնք Ղազախստանում մաքսազերծվում են այլ դրույքաչափով, քան գործում է ԵԱՏՄ-ում չեն ստանա «ԵԱՏՄ ապրանքի» կարգավիճակ, ուստի չեն կարող ներկրվել ԵԱՏՄ մյուս երկրներ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ԵԱՏՄ-ին Երեւանի անդամակցության անհեթեթությունը, պայմանավորված անմիջական սահմանների ու անգամ երկաթուղային հաղորդակցության բացակայությամբ, ոչ մի կերպ չի արդարացվում: Նույն Ղազախստանի ու Ղրղզստանի հետ Հայաստանը գրեթե առեւտուր չի անում, իսկ Ռուսաստանի հետ առեւտուրը պարբերաբար բախվում է խոչընդոտների: Մասնավորապես` ռուսական կողմը պարբերաբար սահմանափակումներ է սահմանում հայկական գյուղամթերքների ներկրման նկատմամբ` կապված ֆիտոսանիտարական նորմերի հետ: Բելառուսի դեպքում, թեեւ սահմանափակումներ չկան, բայց առեւտրաշրջանառության ծավալները հեռու են նույն տնտեսական գոտում գտնվող երկրների առեւտրաշրջանառության սպասելի մակարդակից:
Փաստացի, Հայաստանը, որը ի սկզբանե հայտարարում էր, որ ԵԱՏՄ մտնելու իր հիմնական շարժառիթն անվտանգության նկատառումներն են, հայտնվել է ամենաանհեթեթ իրավիճակում: Ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ցույց տվեց, որ անվտանգության հարցով ԵԱՏՄ երկրների միջեւ, որոնք նաեւ ՀԱԿՊ անդամներ են, ոչ մի կոնսոլիդացիա չկա, ավելին` ԵԱՏՄ-ական երկու երկրներ` Բելառուսն ու Ղազախստանը, ակնհայտորեն պաշտպանում են Ադրբեջանին: Հայաստանի ղեկավարության` ԵԱՏՄ-ին միանալու հիմնական փաստարկը, թե այդպիսով Երեւանը կկարողանա Մոսկվայից էժան զենք գնել` առանց մաքսատուրքերի ու գործարանային գներով, նույնպես չարդարացավ: Ինչպես հայտնի է, Հայաստանը Ռուսաստանից 200 միլիոն դոլարի զենք է ձեռք բերել, որը, սակայն, այդպես էլ տեղ չի հասնում այն դեպքում, երբ հենց հիմա դա կենսական նշանակություն ունի Հայաստանի համար:
Տնտեսությունը տնտեսություն չէ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ փաստվեց նաեւ, որ ԵԱՏՄ տնտեսական ցուցանիշները հեռու են բավարար լինելուց:
Եթե 2015 թվականին, նախորդ տարվա համեմատ, կառույցի անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել էր 20 տոկոսով, ապա 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, համեմատած 2015-ի նույն ժամանակահատվածի հետ, ապրանքաշրջանառությունը նվազել է եւս 30 տոկոսով (ցանկալի է լինկ): Այսպիսի արդյունքները ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ն չի գործում որպես ազատ եւ բարենպաստ առեւտրային գոտի, որովհետեւ անհնար է, որ երկրները լինեն միեւնույն մաքսային միության կազմում, ունենան միեւնույն կանոններն ու սկսեն ավելի ու ավելի քիչ առեւտուր անել միմյանց հետ:
Կոնկրետ Հայաստանի ակնկալիքները ԵԱՏՄ-ից հեռու են իրականացած լինելուց: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը մոտ 4 միլիարդ դրամով ավելի քիչ մաքսատուրք է ստացել ԵԱՏՄ ընդհանուր զամբյուղից, քան ակնկալում էր, ինչը, սակայն, հիմա անհնար է պատճառաբանել ՌԴ-ում տիրող ճգնաժամով, քանի որ ի տարբերություն նախորդ տարվա, ռուսական տնտեսությունը սկսել է կայունության որոշակի միտումներ ցույց տալ:
Հատկանշական է նաեւ, որ եթե մինչեւ 2016 թվականի մայիսի 30-ին Աստանայում կայացած նիստը ԵԱՏՄ երկրների ղեկավարները հանդես էին գալիս ընդհանուր առմամբ լավատեսական, հուսադրող ու դրական տոներով, ապա այժմ Աստանայից հետո տպավորությունն այնպիսին է, ԵԱՏՄ առաջնորդները եւս գիտակցում են դրա անգործունակությունն ու անմխիթար վիճակը` բաց տեքստով հայտարարելով, որ կառույցի նպատակները չեն իրականացվել:
Վահե Ղուկասյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»