«Ռուս-հայկական համագործակցության» նախագահը ռուսաստանյան «Նորությունների ազգային ծառայությանը» բացատրել է, թե ինչու Գերմանիան որոշեց ճանաչել Թուրքիայի կողմից 1915 թ. կատարած հայերի ցեղասպանությունը:
Գերմանիայի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Օսմանյան Թուրքիայում 1915 և 1916 թթ. հայերի ցեղասպանությունը: Համապատասխան բանաձևը հունիսի 2–ին ընդունվեց ձայների մեծամասնությամբ: Գերմանիայի որոշմանն ի պատասխան Թուրքիան Բեռլինից հետ կանչեց իր դեսպանին:
«Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը ռուսաստանյան «Նորությունների ազգային ծառայությանը» տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է Գերմանիայի որոշումը կարևոր ոչ միայն Հայաստանի, այլ նաև համաշխարհային քաղաքականության համար:
– Ինչպե՞ս Հայաստանում վերաբերվեցին Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը:
Կարդացեք նաև
– Բնականաբար, մենք ողջունում ենք այս որոշումը: Այն տրամաբանական է, քանի որ Գերմանիան դրական օրինակ է համարվում Թուրքիայի համար. նա կարողացել է պետական մակարդակով շրջել իր պատմության խայտառակ էջը: Գերմանիան ոչ միայն ճանաչել է նացիստների կողմից իրագործված ցեղասպանությունը, այլ նաև հրեա ժողովրդի նկատմամբ փոխհատուցման քաղաքականություն է վարում:
– Ինչու՞ է ցեղասպանության ճանաչումը հենց Գերմանիայի կողմից կարևոր Հայաստանի համար:
– Գերմանիան Առաջին աշխարհամարտի ժամանակ Թուրքիայի դաշնակիցն էր: Նա քաղաքական և ռազմական միջոցներով աջակցություն է ցուցաբերել վարվող քաղաքականությանը, դրա համար էլ ինչ-որ իմաստով դրա մասնակիցն է եղել: Գերմանական խորհրդարանի այսօրվա բանաձևը շատ կարևոր է հենց այս տեսանկյունից: Առաջին աշխարհամարտում Գերմանիայի դաշնակիցը ճանաչում է հայերի ցեղասպանության փաստը և այդ ակտով ընդունում է նաև իր մեղքը: Կարծում եմ, որ Թուրքիան պետք է օրինակ վերցնի Գերմանիայից: Գերմանիայի այսօրվա որոշումը կարևոր է նաև եվրոպական և համաշխարհային քաղաքականության համատեքստում, որովհետև հայերի ցեղասպանությունը միջազգային իրավունքի, բարոյականության և արդարության հարց է: Այն ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի քաղաքական հարցն է, այլ նաև կարևոր տեղ ունի համաշխարհային քաղաքականության օրակարգում: Սա որոշակի քաղաքական ազդանշան էր Թուրքիային:
– Հայերին բավարարու՞մ է ցեղասպանության փաստի ընդունումը: Ինչպիսի՞ հետագա քայլերի են նրանք սպասում:
– Այսօրվա որոշումը ես ընդունում եմ իբրև ազդանշան, որ վերջապես հայերը և նրանց դաշնակիցները կարող են միջազգային մակարդակով հասնել ցեղասպանության հետևանքների վերացմանը: Միայն ցեղասպանության փաստի ճանաչումը բավարար չէ: Սա հայ ժողովրդի համար կենսական հարց է, որովհետև հենց ցեղասպանության հետևանքով է, որ նրա մեծ մասը զրկվել է իր պատմական հայրենիքից և ցրվել աշխարհով մեկ: Այդ դրությունը շարունակվում է մինչ օրս: Փաստորեն, ամեն մի հայ մինչև այժմ կրում է ցեղասպանության հետևանքները: Կարծում եմ, որ սարերի հետևում չէ ցեղասպանության հետևանքների վերացման իրավական ու քաղաքական որոշումը և փոխհատուցումը ժողովրդին:
– Թուրքական կողմը Բեռլինից հետ է կանչել դեսպանին: Ինչի՞ է ուզում հասնել Անկարան:
– Դա թուրքական ղեկավարության սովորական գործելաոճն է: Հիշում ենք, որ նա այդպես վարվեց նաև Ֆրանսիայի նկատմամբ, երբ Փարիզը համապատասխան բանաձև ընդունեց: Սա Թուրքիայի արագ արձագանքն է, որը շանտաժի որոշակի տարրեր է պարունակում: Կարծում եմ, որ մի քանի ամսից Թուրքիան կվերադարձնի իր դեսպանին և կշարունակի միջպետական հարաբերությունները:
– Հայերը Գերմանիային երախտագիտության ինչ-որ ձեռնարկներ կանե՞ն:
– Դրանք արդեն արվում են: Մի շարք հայկական կազմակերպություններ քվեարկության պահին գտնվում էին Գերմանիայի խորհրդարանի մոտ: Այնտեղ շնորհակալական ելույթներ և կարգախոսներ կային, բայց նաև կային բողոքի ցույցեր թուրքական համայնքի կողմից: Հայերի ձեռնարկները բնական են, քանի որ նրանք ողջ աշխարհում շարունակում են արդարության հասնելու պայքարը: Նախորդ տարի ողջ աշխարհը հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ևս մեկ անգամ լուրջ ուշադրություն դարձրեց այս փաստին: Եվ այսօր Հայաստանը պետական մակարդակով դարձել է նման դեպքերի կրկնության դեմ պայքարի որոշակի կենտրոն: Աշխարհի մի շարք երկրների ղեկավարներ` այդ թվում և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, 2015 թ. ապրիլի 24–ին գտնվում էին Երևանում և մասնակցեցին ոգեկոչման միջոցառումներին: Իսկ Թուրքիան շարունակում է ժխտման քաղաքականությունը: Դա ճիշտ քաղաքականություն չէ:
– Ինչու՞ Գերմանիան միայն հիմա ճանաչեց հայերի ցեղասպանությունը:
– Նրա համար ակնհայտ դարձավ, որ Թուրքիան շարունակում է տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականությունը: Նա իրեն ագրեսիվ է պահում հարևան պետությունների և որոշակի ժողովուրդների նկատմամբ: Թուրքիայի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ շանտաժ է կիրառել նաև Գերմանիայի նկատմամբ: Փաստորեն, Թուրքիան շարունակում է այն քաղաքականությունը, որը եղել է հարյուր տարի առաջ: Եվրոպական քաղաքական գործիչները արդեն գալիս են այն եզրակացությանը, որ քաղաքական միջոցներով պետք է զսպել այդ ագրեսիան, որպեսզի թուրքական հասարակությունն ու պետությունը կարողանան հարակից երկրների հետ բոլորովին այլ հարաբերություններ կառուցել:
Այն, որ ներկայումս Անկարայի և Մոսկվայի միջև սառը հարաբերություններ են, նույնպես Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության հետևանքն է: Ռուսաստանը երկար ժամանակ տնտեսական հարաբերություններ էր զարգացնում Թուրքիայի հետ, թեև Հարավային և Հյուսիսային Կովկասում, Միջին Ասիայում Անկարան ապակառուցողական դեր ուներ: Հավանաբար Մոսկվան կարծում էր, որ տնտեսական հարաբերություններով կկարողանա ազդել Թուրքիայի վրա: Այն, որ թուրքերը խոցեցին ռուսական ինքնաթիռը և մինչև այժմ ներողություն չեն խնդրել, ապացուցում է, որ Անկարան բոլորի համար է քաղաքական խնդիրներ ստեղծել: Այստեղ որոշումը թուրք ժողովրդինն է: Բայց նման քաղաքականությունը շատ վտանգավոր է: