Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հայրիկները գալիս կանգնում, մեզ բալետ են անում». աշակերտուհի

Հունիս 03,2016 08:55

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) հունիսի 2-ին մանկական մեծ տոնակատարություն էր կազմակերպել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի մոտ, որին մասնակցում էին Արմավիրի և Արագածոտնի մարզերի հարյուրավոր երեխաներ:

Արդեն երրորդ տարին հիմնադրամը նախաձեռնում և իրագործում է համընդհանուր միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի արտադասարանային խմբակների սաները ներկայացան ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսով, տարբեր խաղերով, երգ ու պարով:

«Ավանդույթ դարձած տոնակատարության նպատակը երեխաների պաշտպանության օրն ավելի ուրախ դարձնելն է: Համոզված եմ, որ նրանք երկար տարիներ կհիշեն այն, կհիշեն՝ ինչով են ներկայացել, ինչն է իրենց համար նշանակալից եղել: Կարևոր օր է թե´ երեխաների, թե´ մեզ համար: Ոգևորությունը տարեցտարի մեծանում է, արտադասարանային խմբակների մասնակիցները գնալով շատանում են»,- ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամի արտադասարանային խմբակների համակարգող Մելինե Գրիգորյանը:

Հիմնադրամի շահառու մարզերի մի քանի տասնյակ դպրոցահասակ կամավորներ ևս միացել էին միջոցառման կազմակերպման աշխատանքներին:

Լեռնագոգի (Արմավիրի մարզ) Օնիկ Փակումեանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Նարե Գալստյանը նրանցից մեկն է. «Եկել ենք, որ բոլորիս օրն ուրախ ու հիշարժան դարձնենք, որ մյուս տարի էլ ասեն՝ էլի ենք ուզում նույն միջոցառումից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նարեն:

Նա վստահեցրեց, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամը շատ բան է տվել իրեն. «Իմ մտածողությունն ամբողջապես փոխվել է: Առաջ, օրինակ, մտքովս էլ չէր անցնում, որ աղջիկները նույնպես կարող են ֆուտբոլ խաղալ, և որ դա շատ նորմալ է: Հիմա արդեն մենք գյուղում աղջիկների թիմ ունենք ու հանդիպումներ ենք կազմակերպում այլ թիմերի հետ:

Երբ ասացի, որ ուզում եմ թիմ ունենանք, տղա ընկերներս ծիծաղեցին, թե՝ խաղալիս ասելու եք՝ վայ, եղունգս կոտրվեց և այլն: Հետո, երբ թիմն ստեղծվեց (շատ լավ եմ հիշում այդ օրը), առաջին խաղը տասներկու-զրո հաշվով հաղթեցինք աղջիկների՝ Քարակերտի թիմին: Մեր տղաները մոտեցան, ասացին, որ աղջիկները խաղն այլ կերպ են զգում, ու որ իրենք երբեք այդպիսի գոլեր չեն խփել գլխով: Մեծ բան է, որ մի խաղից հետո այդքան տղայի մտածելակերպ փոխվեց: Մեր հայրիկները գալիս կանգնում, մեզ բալետ են անում»,- ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ հունիսի 6-ին Դսեղում՝ Թումանյանի արձանին հարող հրապարակում, այսպիսի մի տոն կկազմակերպվի նաև լոռեցի մանուկների համար:

PrevPhoto
NextPhoto

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930