Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարմանալին այն է, որ գերմանացիները իրենց պարտականությունն են համարում հայերին ու թուրքերին հաշտեցնելը». Ժիրայր Քոչարյան

Հունիս 03,2016 08:15

Հունիսի 2-ի առավոտյան ժամը 10-ից գերմանահայերի մի ստվար զանգված Բունդեսթագի բակում էր հավաքվել և սպասում բանաձևի (վերնագրված է՝ 1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին) քվեարկության ընթացքին, իսկ մոտ երկու հարյուրն էլ շենքի ներսում` նիստերի դահլիճում էր: Այստեղ էին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, Առաջնորդարանից մի քանի հոգևոր այրեր, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի անդամները և մի շարք այլ կազմակերպության անդամներ ու տարբեր քաղաքներից Բեռլին ժամանած հայեր:

berlin-1

Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ պրոֆեսոր Նորբերտ Լամմերթը: Կանցլեր Անգելա Մերկելը բացակայում էր: Նա իր խոսքում նշեց, որ սա դատարան չի, ոչ մեկին չեն դատում, այլ խոսում են պատմական արդարության մասին:

Ելույթ ունեցան մի շարք քաղաքական գործիչներ տարբեր կուսակցություններից, այդ թվում, դր. Քրիստոֆ Բերգները, որը Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իր համախոհների հետ նախաձեռնեց բանաձևի շուրջ աշխատանքները, դր. Գրեգոր Գիսին, Ջեմ Օզդեմիրը և ուրիշներ:

Ելույթ ունեցողներից միակը Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդն էր, որ խոսեց ազատ` առանց թղթից ելույթ կարդալու: Վերջինս անդրադարձավ նաև իր հայկական արմատներին` նշելով որ մայրը հայուհի է (գյումրեցի` Ալինա Մարտիրոսյան) և իր համար մեծ պատիվ է, որ այս պահին Բունդեսթագի դահլիճում նստած սպասում է այս պատմական պահին:

Ջեմ Օզդեմիրն իր ելույթում նշեց, որ հաճախ են թուրքերն իրեն հայ համարում` իբրև վիրավորանք, իրականում ինքը չերքեզ է և իր նախնիներն էլ են ցեղասպանություն վերապրել:

Բանաձևի քննարկումներն անցան, ընդհանուր առմամբ, բուռն և տպավորիչ ելույթներով: Այն ընդունվեց 99 տոկոս կողմ քվեարկությամբ, գրանցվեց միայն մեկ դեմ և մեկ ձեռնպահ:

bundestag-1Բունդեսթագի շենքի բակում գերմանահայերը երգ ու պարով նշեցին բանաձևի ընդունումը, եղան նաև շնորհակալական խոսքով ելույթ ունեցողներ:

Րոպեներ անց պարզ դարձավ, որ Թուրքիան հետ է կանչում Գերմանիայում իր դեսպանին:

«Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» անդամ դր. Ժիրայր Քոչարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածի մեջ ամենակարևորն այն է, որ բանաձևի ընդունումը մեծ ապտակ էր Թուրքիային: «Ամոթ Գերմանիային, որ տեղի տվեց Էրդողանի ճնշումներին և կանցլերուհին չի մասնակցում նիստին, իր տեղակալներից մեկը չկա SPD-ից, արտգործնախարարն էլ, որ էն գլխից դեմ էր, մեկ շաբաթով գնացել է Լատինական Ամերիկա: Բայց զարմանալին այն է, որ գերմանացիները իրենց պարտականությունն են համարում հայերին ու թուրքերին հաշտեցնելը, կարծես թե, ցեղասպանությունից հետո մենք խռովել ենք… Պետք է հասնել այն բանին, որ Թուրքիան ընդունի, դատապարտի և հատուցի, հատկապես հողային, դա մեր երկարատև ծրագրի մասն է լինելու: Չպետք է աչք փակենք, որ Թուրքիայի մեծ ներդրումը կար Արցախյան այս չորսօրյա պատերազմին, սա ցեղասպանության շարունակությունն էր, պետք է իրար կապենք: Դատապարտելի էր, որ սա այսքան ուշ եղավ, որովհետև Գերմանիան այն ժամանակ Թուրքիայի դաշնակից էր և իր մեղքի բաժինն ունի»:

Բոլոր ելույթ ունեցողները միաբերան նշում էին, որ Հայոց Ցեղասպանությունը պետք է ընդունվի ու դատապարտվի, իսկ այսօրվա Թուրքիան, չնայած հենց ինքը չի ցեղասպանությունն իրագործողը, բայց դարձյալ մեղավոր կլինի, եթե շարունակի ժխտողական քաղաքականություն վարել: Նշվեց նաև, որ սա Գերմանիայի պատմության մի մասն է կազմում:

Նիստի ավարտին Ջեմ Օզդեմիրն իր գրասենյակում հայկական կողմի ներկայացուցիչների համար ընդունելություն էր կազմակերպել: Ներկաները քննարկել են տեղի ունեցածը` այն համարելով պատմական օր. «Խոսեցինք նաև այն մասին, որ դպրոցական դասագրքերում մտցվի Հայոց Ցեղասպանության մասին պատմության էջերը, նաև հնարավորություն ստեղծվի, որ երիտասարդները ավելի շատ զբաղվեն այս հարցի ուսումնասիրմամբ»,- մեզ հետ զրույցում նշեց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի անդամ Սամվել Լուլուկյանը:

Օրվա իրադարձության քննարկումը գերմանահայերը շարունակեցին հայկական դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ:

 

Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Շնորհակալություն հավեսին ռեպորտաժի համար:

  2. Տիգրան says:

    Էս պարի ու ոչ համապատասխան ոգեւորության իմաստը չհասկացա: Գուցե նաեւ Արագածի շուրջպա՞րը կրկնենք: Ֆուտբոլի խաղ եք կրել, ինչ եք արել, վեր-վեր եք թռնում: Շնորհակալություն կարելի էր հայտնել շատ զուսպ ու խոնարհ ձեւով, ոչ թե տրնգի պարելով: Ինչքան չլինի մարդկային կորուստի, միլիոնավոր մարդկանց կորուստի մասին էր բանաձեւը: Ինչներիդ համար եք էսքան ուրախացել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930