Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի կոնգրեսականները ողջունում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բունդեսթագի որոշումը. VOA

Հունիս 03,2016 01:12

«Ամերիկայի ձայն». Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի խորհրդարանի կողմից ճանաչելու փաստն այսօր ողջունել են ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ։

ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը եւ Ռոբերտ Դոլդը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասված է, որ իրենք ողջունում են Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի դեմ իրականացված ջարդերը Գերմանիայի Բունդեսթագի՝ խորհրդարանի ստորին պալատի կողմից «ցեղասպանություն» որակելու փաստը։

«Գերմանիայի ժողովուրդն իր մեջ է կրել պատմության ընթացքում մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների մեղքի զգացումը հաղթահարելու ներքին պայքարը։ Եվ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին խորհրդարանի այս որոշումը հզոր մի հայտարարություն է»,- ասված է կոնգրեսականների ուղերձում, որը նաեւ կոչ է անում ԱՄՆ-ի կառավարությանը ընդունել պատմական իրողությունը եւ «կայացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում»:

Փալոունի եւ Դոլդի ուղերձում ասված է նաեւ, թե ԱՄՆ-ը պետք է հորդորի Թուրքիային հաշվի նստել իր պատմության հետ եւ հրաժարվել աշխարհի պատմության մեջ ամենասարսափելի ողբերգությունը հերքող քաղաքականությունից։

Ուղերձով է հանդես եկել նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆը, ում խոսքերով, «Ցեղասպանությունը ճանաչելու այս քայլով Գերմանիան միանում է այն երկրներին, որոնք դատապարտում են 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում մեկ ես կես միլիոն հայերի սպանդը։ Գերմանիայում քվեարկությունը խիզախ քայլ է համարվում նաեւ այն պատճառով, որ այն Թուրքիայի հետ ներկայումս բանակցում է Եվրոպայից Թուրքիա փախստականներին տեղափոխելու հարցի շուրջ։ Այդ առումով, սա մի հստակ ուղերձ է, որ ցեղասպանության մասին ճշմարտության խոսքը չի կարելի լռեցնել, եւ որ ժամանակի շահը երբեք չի կարող արդարացնել Ցեղասպանության ուրացումը»:

Ադամ Շիֆի ուղերձն ավարտվում է հետեւյալ խոսքերով. «Մեր Կոնգրեսը եւս պիտի ցուցաբերի թուրքական սպառնալիքներն անտեսելու կամք եւ սկզբունքները հարգելու բարոյական քաջություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930