Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանի նշած` «զոնտիկը» ո՞վ է տրամադրելու

Հունիս 03,2016 12:00

Գուցե Սամվել Բաբայանը կրկին ԼՂ խնդրի պատրվակով 1998-ի նման հեղաշրջումներ իրականացնելու ցանկությո՞ւն ունի «գաղափարակիցների» հետ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը երկարատեւ բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել:

Նախ` ամենահետաքրքրական հարցը, որ ծագում է մարդու ուղեղում, մեկն է` ինչո՞ւ Սամվել Բաբայանը ապրիլի 2-ին Ղարաբաղում չէր… Եթե նրան Արցախից չզանգեին, չկանչեին` նա չէ՞ր գնալու Ղարաբաղ:

Սամվել Բաբայանն այժմ որոշակի ուղղվածության լրատվամիջոցներին հարցազրույցներ է տալիս` ԶԼՄ-ների ընտրությամբ արդեն իսկ իր քաղաքական ուղերձը հղելով հանրությանը: Նա կոշտ քննադատում է իշխանություններին՝ ապրիլյան քառօրյա պատերազմում տարածքային կորուստներ թույլ տալու համար։

Այսպես, «Սիվիլնեթին» տված հարցազրույցում Ս. Բաբայանը նախ արձանագրել է, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ոչ թե պատերազմ էր, այլ դիվերսիոն գործողություն` Բաքվի համար անսպասելի հաջողություններով:

Ռազմական կրթություն ունեցողները ու ինչպես ասում են` գործից հասկացողները պետք է գնահատական տան, թե ինչ էր Ադրբեջանի նախաձեռնածը: Բայց գոնե այն, ինչ հրապարակվել է մինչ այժմ, նույնիսկ ռազմական կրթություն չունեցողների համար էլ է, կարծես, ակնհայտ, որ Ադրբեջանը բավական մանրազնին նախապատրաստվել էր՝ Արցախի նկատմամբ հզոր հարձակում գործելով, եւ նպատակ էր ունեցել մի քանի շրջաններ գրավելով` բլից-կրիգը մեծագույն հաղթանակ ներկայացնել, ինչը փաստացի ձախողվեց:

Ի վերջո, շփման գծի, դիրքերի փոփոխություն է տեղի ունեցել, ի՞նչ է դա, եթե ոչ՝ պատերազմական գործողություններում տեղի ունեցած փաստ: Ինչու ապրիլյան պատերազմում ավիացիա չի օգտագործվել հարցի պատասխանն այն չէ՞, որ Ադրբեջանը վախեցել է, որ Հայաստանը կարող է հեռահար հրթիռներ կիրառել…

Եվ ընդհանրապես` որքանո՞վ է բարոյական ապրիլյան ագրեսիայի հետեւանքով շուրջ հարյուր զոհերի հարազատներին «սփոփել» այն մտքով, թե` ձեր զավակները զոհվել են ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում, եւ հակառակորդը մեկ ժամում հաջողություն է գրանցել: Ալիեւի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում…

Այն, որ հասարակությանը չարժե ստել` միանշանակ այդպես է. «ոչ ռազմավարական» տարածքներ, դիրքեր չկան, եթե դրանք մինչ այժմ գոյություն են ունեցել ու ապահովել են հայկական կողմի անվտանգությունը:

Կարծես, արդեն բոլորի համար է պարզ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի կամ կարճատեւ, բայց ուժգին հարձակումների: Այն, որ Ալիեւը մեծ քանակությամբ սպառազինություն է գնում՝ կենտրոնանալով հրետանու, հրթիռային եւ օդային ուժերի վրա, սա եւս արդեն անվիճելի է, այստեղ էլ նորություն չի ասվում: Հայաստանը չի կարող մրցել Ադրբեջանի հետ ո՛չ ֆինանսական, ո՛չ մարդկային ռեսուրսներով, դա նույնպես շատ վաղուց է ակնհայտ:

Ս. Բաբայանը մատնանշում է, որ Ադրբեջանը Նախիջեւանում իսրայելական, ռուսական տարբեր ռեակտիվ համակարգեր է տեղադրում. «Հարց է ծագում՝ ո՞ւմ համար: Դնում ա Ղարաբաղի՞ն խփելու: Ղարաբաղին կարա Ղարաբաղի դիմացին դնի, ոչ թե Նախիջեւանում: Այսինքն` երբ որ մենք խոսում ենք, որ մենք պատրաստ ենք իբր հարձակումներ սկսելու, հակառակորդն անպայման օգտվելու ա ու խփելու ա մինչեւ անգամ Երեւան: Երեւանից Նախիջեւան 42 կիլոմետր ա: Էդ զենքերը, էդ ռեակտիվ հրթիռային համակարգը աշխատում ա 70-ից մինչեւ 150… Մենք պատրա՞ստ ենք պաշտպանվենք դրանից, մեր ժողովրդին, մեր քաղաքներն ու գյուղերը: Հո նրանով չի՞, որ Բաքու թեյ ենք խմելու: Կարաք Բաքու թեյ խմեք, բայց վախում եմ` իրանք ավելի շուտ հասնեն Երեւան՝ թեյ խմելու: Չի կարելի գեներալսկի հագուստներ հագնել, կոլխոզի նախագահի հայտարարություններ անել»:

Միանգամայն տեղին հարցադրումներ ու շեշտադրումներ են: Ապրիլյան պատերազմը նոր իրականություն է բացել` ցույց տալով բազմաթիվ խնդիրներն ու բացթողումները, որոնք տարիների ընթացքում ստեղծվել են իշխանությունների, մեղմ ասած` անգործության արդյունքում: Ավելին` երկու ամիս է անցել քառօրյա պատերազմից, բայց առայժմ պարզ չի, թե Հայաստանի իշխանություններն ինչ ուղղությամբ, ինչ նոր մոտեցումներով ու ռազմավարությամբ են պատրաստվում պաշտպանել Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը: Եվ միայն հիմնվել` «մեր զինվորի ոգին բարձր է», «մենք անհաղթ ենք» հայտարարությունների վրա, իսկապես, իրականությունը ոչ ամբողջապես տեսնելու ու գնահատելու բացահայտ դրսեւորում է:

Ս. Բաբայանն առաջարկում է շեշտը դնել օդային պաշտպանության վրա, քանի որ ադրբեջանական կողմի հեռահար հարվածները՝ հրետանային, հրթիռային, օդուժի են: «Առաջին հերթին օդը փակել եւ հնարավորություն չտալ հակառակորդին: Քանի որ սկսած արկից, հրթիռից, ինքնաթիռից, անօդաչու սարքից՝ օդով ա գալիս, մեզ խնդիր ունենք օդը փակելու… Ասենք, եթե հորդառատ անձրեւ ա գալիս, դու զոնտիկը վերցնում ես, դուրս գալիս, որ գլխիդ չթափվի: Էդ զոնտիկը պետք ա առաջին հերթին ապահովենք»,- ասում է նա:

Բայց այստեղ արժե հակադարձել: Ռուսաստանը դեռ մինչ օրս 200 միլիոն դոլարի վարկով զենք գնելու հնարավորություն չի տալիս Հայաստանին: Հետաքրքիր է, Ս. Բաբայանի նշած համակարգը` «զոնտիկը», ո՞վ է մեզ տրամադրելու… Հաջորդը, եթե ոչ Ռուսաստանը, ապա որեւէ այլ պետություն նման համակարգ Հայաստանին չի տրամադրի այն պարզ պատճառով, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է: Եթե անգամ պատկերացնենք, թե այլ երկրներից բավական թանկ գներով Հայաստանին ի վերջո հաջողվում է հզոր պաշտպանական համակարգ ձեռք բերել, մի՞թե պարզ չի, որ նույնը կարող է անել նաեւ Ադրբեջանը, որը պաշտպանության վրա միլիարդներ է ծախսում:

Հաջորդը. առհասարակ, բոլոր տեսակի արկերի, հրթիռների, ինքնաթիռների ու անօդաչու սարքերի համար «զոնտիկով» օդն ինչպե՞ս է հնարավոր փակել, ու ընդհանրապես՝ գոյություն ունի՞ համակարգ, որն, օրինակ, բոլոր տեսակի արկերից պաշտպանում է:

Սամվել Բաբայանը Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակներում, անկասկած, իր մեծ ավանդն է ունեցել, սա որեւէ մեկը կասկածի տակ դնել չի կարող: Ինչ վերաբերում է նրա վերադարձի քաղաքական դրդապատճառներին, ապա շատերին դուր է գալիս հիմնվել նրա այն մտքի վրա, որ նա չի պատրաստվում անդամակցել որեւէ կուսակցության, թեեւ նա բացահայտ ասում է, որ ունի գաղափարակիցներ, որոնք կարող են ազդել քաղաքական պրոցեսների վրա… Նա նման հնարավորություն անցյալում ունեցել է: 1998-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո նա իր գաղափարակից Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին չփայլեց համեստությամբ: Նա ուներ իր բիզնեսը, բնակարանը` Երեւանի կենտրոնում, իսկ 2000թ. ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ազատազրկման դատապարտվեց 14 տարով, սակայն 4,5 տարի անց նրան ներում շնորհվեց:

Ս. Բաբայանը Ռ. Քոչարյանի հետ կիսում է պատասխանատվության իր չափաբաժինը նաեւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում գործած սխալների` ԼՂ խնդիրը Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի առարկա դարձնելու ու ԼՂ-ին բանակցություններից դուրս մղելու համար: Ադրբեջանի նկատմամբ ռեսուրսային հավասարակշռության խախտման հիմքերը դրվել են հենց այդ տարիներից սկսած: Դրա մասին չխոսելը պարզապես ազնիվ չէ:

Բայց ո՞վ գիտե, գուցե Սամվել Բաբայանը կրկին Ղարաբաղի խնդրի պատրվակով 1998-ի նման հեղաշրջումներ իրականացնելու ցանկությո՞ւն ունի «գաղափարակիցների» հետ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 02.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ադրբեջանի ագրեսիվ դիվերսիոն գործողությունը կարելի է որակել որպես մարտով հետախուզություն (разведка с боем): Ս. Բաբայանը իրավացի է:
    Ռազմական կրթություն «ունեցողները» ստացել են իրենց գնահատականները գործից հասկացողների կողմից: Նայեք հաստափոր հրամանատարներին: Ինչպե՞ս են զրահամեքենա (танк, бмп, и т.д.) մտնելու…
    Հայաստանն իր վարչական տարածքից (29000քառակուսի մետր) Ադրբեջանի դեմ հեռահար հրթիռներ չի կիրառի, քանի դեռ Ադրբեջանը, (Թուրքիան, Վրաստանը) չեն խախտել սահմանը:
    Երեւանը դարձել է ղարաբաղցիների հայրաքաղաքը…

  2. Հ.Շ. says:

    Մէջբերում ՝ «Ինչու ապրիլյան պատերազմում ավիացիա չի օգտագործվել հարցի պատասխանն այն չէ՞, որ Ադրբեջանը վախեցել է, որ Հայաստանը կարող է հեռահար հրթիռներ կիրառել… »
    ……………………………………………………………………

    Ոչ, սիրելիս: Այդ – շատ յատկանշական – հարցի պատասխանն է՝ որովետեւ եթէ թուրքերը մեր վրայ ռազմական օդանաւներով յարձակին, Ռուսերը կը փճացնեն այդ օդանաւները:

    Որ Ռուսաստանը չստանձնէ Հայաստանի օդային տարածքը պաշտպանելու գործը, ո՞վ է այդ գործը կատարելու:

    Հայաստանի օդուժը քսան րոպէ անգամ չի դիմանար, թրքական-ադրբեջանական ռազմական օդանաւներու յարձակման դէմ: Հակաօդային զէնքերը անբաւարար են կասեցնլու համար այդպիսի յարձակում մը: Բաւարար է որ մէկ օդանաւ միայն իր թիրախին հասնի, եւ արդէն հսկայական աւեր կը գործէ, եղած-չեղածը պըճըլիկ երկիր մըն ենք, նուազագոյն բնակչութեամբ:

    Ուզում էք անվերջ Ռուսաստանի դէմ արտայայտվիլ, շատ բարի, այդ ալ ձեր իրաւունքն է: Սակայն եթէ մի քիչ աւելի տրամաբանական լինէք, թերեւս աւելի հետաքրքրական կը դառնայ խօսակցութիւնը: Քանզի ոեւէ մտածող միտք չի կարող, մեր շահերի տեսանկիւնից, կոյր ու բացարձակ վստահութեամբ արժեւորել Ռուսաստանի քաղաքական խաղերը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930