Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը 2017-ի ընտրապայքարի հայտ է ներկայացնում

Հունիս 03,2016 16:30

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանի կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահի դիրքերից դյուրին է միգուցե հեգնանքով, միգուցե իմաստունի պատմուճանով հանդես գալը:

ՀՀԿ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները որակում են որպես 2017-ի նախընտրական մարաթոնի սկիզբ:

Սակայն առանձնապես տեղյակ չէին Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններից: ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հովհաննես Սահակյանը «Առավոտին» ասաց, թե ողջ օրվա ընթացքում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով իր երեխաների հետ է զբաղված եղել ու չի հասցրել ծանոթանալ հարցազրույցին: ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Սուքիաս Ավետիսյանը եւս մինչեւ երեկո ծանոթ չէր Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, քանի որ «միջոցառումների մեջ էր»: ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը քաղաքում չէր եւ ասաց՝ «ամոթ ինձ, թե տեղյակ եմ՝ ինչ է խոսել Քոչարյանը»:

Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում որոշ դիտարկումներ էր կատարել ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականության, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակահատվածում իր լռության մասին: Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ կրճատումների, մենաշնորհի դեմ պայքարի վերաբերյալ հանձնարարություններին՝ ՀՀ երկրորդ նախագահը որոշակի հեգնանքով եւ թերահավատությամբ նշել էր. «Կոռուպցիայի, մենաշնորհների, ուռճացված պետական ապարատի մասին արդեն շատ տարիներ են խոսում բոլորը, իշխանությունը՝ այդ թվում: Ընդ որում, որքան շատ են խոսում, այնքան այդ խնդիրներն ավելի են խորանում: Դա այն է, ինչը քայքայում է երկիրը, եւ անհասկանալի է, թե ո՞վ է խանգարել կամ խանգարում իշխանություններին լուծելու այդ խնդիրները: Ճիշտ խոսքեր հասարակությունը լիուլի լսել է, այնքան, որ մարդկանց մոտ, ցավոք, լավատեսական ակնկալիքներ չկան կառավարության մտադրություններից: Այսօր ոչ թե ճառեր են պետք, այլ նպատակաուղղված եւ գրագետ քայլեր: Կապրենք, կտեսնենք»:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը «Առավոտի» հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի դիտարկումների եւ մեկնաբանությունների առիթով ասաց. «Կռվից հետո շատ հեշտ է ստրատեգ լինել»: Ըստ պարոն Դավթյանի՝ ՀՀ երկրորդ նախագահի հայտարարություններն աղերսներ չունեն ապրիլյան քառօրյա պատերազմի հետ: ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ պատահական չէ, որ հենց այժմ է հանդես գալիս Ռոբերտ Քոչարյանը: Նա մանրամասնեց. «Հայտարարություններ ենք լսում Սամվել Բաբայանի, այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի կողմից, որոշ նորաստեղծ քաղաքական ուժեր հավաք, համագումար են հրավիրում: Այս ամենը նոր Ընտրական օրենսգրքի հետ եմ կապում: Ապրիլյան պատերազմն անցավ, հանդարտվեցին բոլոր տեսակի կրքերը, եւ տեսնում ենք, որ սահմանին կրակոցներն էլ բավականին նվազել են, ուստի այսպիսի հայտարարությամբ հանդես գալու վերաբերյալ ասում են, թե կռվից հետո ստրատեգ լինելը շատ հեշտ է»: Արտակ Դավթյանն այս ամենը կապում է 2017-ին սպասվող ընտրությունների հետ: Նա նկատեց. «Սա համապետական ընտրություններին նախորդող մարաթոնի սկիզբն է: Չեմ կարծում, որ քիչ թե շատ քաղաքականության մեջ գտնվող մարդու համար դժվար է գալ այդ եզրակացության: Ուղղակի ապրիլյան ռազմական իրադարձությունները լավ առիթ էին»:

Մեր հստակեցմանը՝ փաստորեն Ռոբերտ Քոչարյանը 2017-ի ընտրապայքարի մասնակցության հա՞յտ է ներկայացնում, պարոն Դավթյանն այսպես արձագանքեց. «Ես համամիտ եմ բոլոր այն քաղաքական գործիչների ու վերլուծաբանների հետ, որոնք նշում են, թե նա երբեք էլ չի հեռացել քաղաքականությունից»:
Հետաքրքրվեցինք՝ Ռոբերտ Քոչարյանի հեգնանքը կառավարության՝ իր առջեւ դրված խնդիրների իրագործման հարցում որտեղի՞ց է գալիս, մանավանդ, որ գործող կառավարության կազմում կան մարդիկ, որոնց հետ ինքը՝ պարոն Քոչարյանն է աշխատել: Արտակ Դավթյանը պատասխանեց. «Նորից եմ կրկնում՝ կռվից հետո շատ հեշտ է ստրատեգ լինել եւ որոշ դիտողություններ անել, առավել եւս, երբ գործնականում ինքդ մասնակից չես լինում իրադարձություններին: Շատ դյուրին է այդ դիրքերից միգուցե հեգնանքով, միգուցե իմաստունի պատմուճանով հանդես գալը»: ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցնում է, որ ապրիլն անցել է, եւ այժմ այլ իրավիճակ է: Արտակ Դավթյանը վստահեցրեց, որ ինքը հակված է լսելու այն մարդկանց, որոնք անմիջական մասնակիցն են եղել ապրիլյան իրադարձությունների: Մեր այն դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահն էլ այդ օրերին այցելեց ԼՂՀ, պարոն Դավթյանն արձագանքեց. «Ես նկատի ունեմ այն մարդկանց, որոնք ապրիլի սկզբներին եղել են ԼՂՀ-ում եւ շփման գծում, մասնակցություն են ունեցել պատերազմին եւ առաջին ձեռքի տեղեկության կրողն են. օրինակ՝ Վիտալի Բալասանյանին եւ այն բոլոր զինվորականներին, որոնք մասնակցել են ռազմական գործողություններին»:

Արտակ Դավթյանից հետաքրքրվեցինք՝ մեր տպավորությո՞ւնն է այդպիսին, թե՞ Ռոբերտ Քոչարյանն իրոք խրատներ է տալիս ՀՀ իշխանություններին, պատգամավորը պատասխանեց. «Որեւէ խելացի դիտարկում, կարծում եմ, չպետք է թողնել անհետեւանք: Բայց մյուս կողմից էլ՝ հայտնի խոսք կա, թե չպահանջված խրատը քննադատությունից էլ վատ է»: Եզրափակելով թեման՝ ՀՀԿ-ական պատգամավորը շեշտեց, թե անկախ ամեն ինչից՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքն է հանդես գալ ցանկացած հարցի շուրջ:

 
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

02.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930