Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՍՔԻԶ

Հունիս 03,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ երեսունհինգերորդ

ԷՍՔԻԶ

Եվ Վարուժը նայեց դիմանկարիս ու ժպտալով ասաց՝ «եթե մեկն ինձ էս մակարդակի պորտրետ աներ, ես ինձ շատ երջանիկ կզգայի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «բայց որ էդ պորտրետը քեզ նվիրեին, հաստատ ավելի երջանիկ կզգայիր», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ըտենց ղալաթ չեմ  անի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Հրանտի դեպքն ինձ լավ դաս էղավ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Հրանտի դեպքն էս դեպքի հետ ոչ մի կապ չունի» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «իմը լրիվ հակառակն ա», եւ Վարուժը հարցրեց՝ «ո՞նց ա հակառակը», եւ ես ասացի՝ «Հրանտի պորտրետը զոռով ես նվիրել, բայց ինքը հրաժարվել ա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հիմի էլ դու ես զոռում, բայց ես եմ հրաժարվում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ եմ զոռել», եւ Վարուժը ժպտալով ասաց՝ «զոռում ես, որ նկար նվիրեմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞րբ եմ զոռել», եւ Վարուժը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էսօր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «չէիր զոռո՞ւմ, որ էն կիսատպռատ նկարը քեզ նվիրեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էդ նկարն արդեն չկա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ նկարը չի էլ էղել» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «փաստորեն, զոռում էիր, որ չեղած բանը քեզ նվիրեմ», եւ ես նեղսրտած հարցրի՝ «կայֆ ե՞ս բռնում», եւ Վարուժը ժպտալով ասաց՝ «կայֆ չեմ բռնում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ուղղակի ուրախանում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «իրավունք չունե՞մ ուրախանամ», եւ ես հարցրի՝ «ինչի՞ վրա ես ուրախանում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուրախանում եմ, որ նույնիսկ իմ էդ կիսատպռատ նկարը հավանող կա» եւ մի քիչ էլ  մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «էնքան էիր հավանել, որ ստիպում էիր, որ էդ նկար կոչվածը քեզ նվիրեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դրա համար եմ ուրախանում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «փաստորեն, իմ հաշվին ես ուրախանում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «էս կյանքում ամենավատ բանն էդ ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա», եւ Վարուժը պատասխանեց ու ասաց՝ «համարյա միշտ մեկի ուրախությունը մի ուրիշի տխրության հաշվին ա տեղի ունենում» եւ մի քիչ  մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Աստված տա՝ ամենամեծ տխրությունդ էս ըլնի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «քո փոխարեն եմ տխրել», եւ Վարուժը  զարմացած հարցրեց՝ «ո՞նց ես իմ փոխարեն տխրել», եւ ես ասացի՝ «էդ ջնջածդ նկարի համար  դու ավելի շատ պիտի տխրեիր, քան՝ ես», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ խզբզոցը նկար չեմ համարում, դրա համար էլ չեմ տխրել» եւ մի քիչ էլ  մտածեց ու ավելացրեց՝ «որ նկար համարեի, չէի ջնջի», եւ ես ասացի՝ «շատ սխալ ես անում, որ նկար չես համարում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ամեն դեպքում՝ շատ զվարճալի ա», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչն ա զվարճալի», եւ Վարուժը ժպտալով ասաց՝ «զվարճալի ա, որ ինչ-որ մեկն իմ նկարն ինձնից պաշտպանում ա», եւ ես նեղացած ասացի՝ «էդ երբվանի՞ց դառա ինչ-որ մեկը» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «մի ժամանակ իմ մասին ասում էիր, որ շատ բարձր նկարչական ճաշակ ունեմ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էսօրվանից կարծիքս փոխում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե, իհարկե, շարունակես էդ հանգուցյալի մասին խոսել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ հանգուցյալ», եւ Վարուժն ասաց՝ «էդ հավանածդ խզբզոցն արդեն գոյություն չունի՝ մեռած ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «չնայած, ճիշտ ես անում, որ էդ խզբզոցը  գովում ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեռածների մասին կամ լավ, կամ՝ ոչինչ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «շատ զարմանալի մարդ ես», եւ Վարուժը ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ եմ զարմանալի», եւ ես ասացի՝ «մարդ է՞լ իրա ստեղծագործությունը փնովի ու ծաղրի», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ստեղծագործություն որ ասում ես, էդ ջնջածս նկատի ունե՞ս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ ջնջածս հեչ էսքիզ էլ չէր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ափսոս մեծահարուստ չես» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «էդ մակարդակի լիքը էսքիզներ ունեմ. որ շատ փող ունենայիր, դրանք բոլորը կնաղդեի վրեդ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930