Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ խնդիր լուծեց Գերմանիան

Հունիս 02,2016 23:33

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով` այն ոգևորությունը, որը տիրում է Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո, ապացուցում է, որ դեռ շարունակում ենք մնալ բարոյական հաղթանակների տիրույթում:

Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանն ընդունեց  Հայոց ցեղասպանության մասին բանաձև, որը մեկ դար առաջ հայերի սպանությունները բնորոշում է որպես ցեղասպանություն:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մելքոնյանը նշեց, որ իր համար ընկալելի չէ ավելորդ այս ոգևորությունը: Շնորհակալությունների շարքը նա ևս տեղին չի համարում. «Գուցե դիվանագիտական էթիկան պահանջում է որոշակի արձագանք տալ, օրինակ` ԱԳՆ-ի արձագանքը անհրաժեշտ էր, բայց ընդհանուր այս էյֆորիան և ոգևորությունը տեղին չեն:  Բունդեսթագի որոշումը քաղաքական առումով հետաքրքիր է, բայց այն չի ենթադրում փոխհատուցում, Հայոց ցեղասպանության պատճառով հասցված վնասների համար որոշակի ֆինանսական պարտավորություն»: Զուգահեռ տանելով հրեաների հետ` պարոն Մելքոնյանը նշեց` չի կարծում, որ հրեաները կարող էին ոգևորվել ոչ կոնկրետ իրավական հետևանքներ ունեցող նման փաստաթղթի ընդունմամբ:

Հիշեցրինք Ռուբեն Մելքոնյանի` մեկ օր առաջ արված այն կանխատեսումը, թե քիչ հավանական է, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձև կընդունվի: Պարոն Մելքոնյանն արձագանքեց` «թող որ ես սխալված լինեմ»: Անդրադառնալով այն հարցին` արդյոք անակնկա՞լ էր Բունդեսթագում այս որոշման ընդունումը, թուրքագետը պատասխանեց. «Եթե նայենք ռեալ քաղաքական շահերի տեսանկյունից, ապա որոշումը իրոք անակնկալ պարունակում էր: Գերմանիայի խորհրդարանում ներկայացված 630 պատգամավորներից ներկաներն իրենց հավատարմությունը հայտնեցին ժողովրդավարական արժեքներին, բայց ամբողջ խորհրդարանն այնտեղ ներկայացված չէր:  Երկրորդ հանգամանքն այն է, որ Հռոմի պապի` 2015-ին արված հայտնի հայտարարությունը շարունակում է որոշակի ազդեցություն ունենալ: Փաստենք, որ Բունդեսթագում կան կաթոլիկ խորհրդարանականներ, որոնց համար Հռոմի պապի դիրքորոշումը որոշիչ է»:

Գնահատելով գերմանացի խորհրդարանականների խիզախությունը` պարոն Մելքոնյանը կոչ է անում ավելի զուսպ լինել ու այս հարցը դիտարկել Գերմանիայի` մարդկության հետ առերեսվելու, ժողովրդավարության նկատմամբ իր հավատարմությունն ապացուցելու հարցի համատեքստում, հետո դրանում տեսնել  հայանպաստ ուղղվածություն:

Ըստ թուրքագետի` այս ամենի համատեքստում ավելի շատ թուրքական ծայրահեղ ագրեսիվ նկրտումները զսպելու ցանկությունն է, փախստականների խնդիրն ու Էրդողանի և նրա իշխանության` օր օրի ավելի ագրեսիվ դարձող պահվածքը: Ռուբեն Մելքոնյանի մեկնաբանությամբ` Հայոց ցեղասպանությունը դարձավ այն խաղաթուղթը, որը գերմանական իշխանությունները կիրառեցին:

Հարցին` ի՞նչ խնդիր լուծեց Գերմանիան, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Առաջին հերթին Սիրիայի փախստականների հետ կապված խնդիրն է, քանի որ գաղտնիք չէ, որ ԵՄ-ի անունից Գերմանիան է բանակցում այդ փախստականներին Թուրքիայում պահելու և դրա դիմաց գումար տալու առումով: Մյուս կողմից, Գերմանիան, լինելով ԵՄ առաջատար պետություն, անհանգստացած է Թուրքիայում օրեցօր ավելացող ագրեսիվ քաղաքական պահվածքից ու նկրտումներից, որոնք կապված են Էրդողանի անձի ու իշխանության հետ: Ուստի Գերմանիային ու աշխարհին պետք էին Թուրքիային զսպող որոշակի մեխանիզմներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Марине says:

    Германия решила этим освободить ЕС от турецкого шантажа, по поводу беженцев. А во вторых, Германия признала поскольку Армения 2 года назад признала границу с Турцией и этим добровольно, для сотрудничества с ЕС, отказалась от исторических территорий. Этим освободили и Германию от ответственности.

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Թուրքագետի» սխալ վերլուծությունները: Հայաստանում թուրքագետներն իրենց դրել են քաղաքագիտության պրոֆեսորների տեղ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930