ՀՀԿ գործադիր մարմնի նիստում այսօր քննարկվել է նաեւ Սերժ Սարգսյանի այցը Ղազախստան եւ Լյուքսեմբուրգ:
«Դուք տեղյակ եք, որ նախագահը մասնակցել է ԵԺԿ քառասնամյակի միջոցառումներին, մասնակցել է ԵԱՏՄ գագաթաժողովին, հանդիպումներին… եւ եւս մեկ անգամ հաստատել, որ Հայաստանը հանդիսանում է ԼՂ եւ ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավոր եւ ոչ խաղաղ սցենարի դեպքում, բնականաբար, Հայաստանը կիրականացնի այն պարտավորությունները, որ ունի»,- այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Պարոն Շարմազանովը միաժամանակ հիշեցրեց, որ հայկական կողմի դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանը կողմնակից է խաղաղ կարգավորմանը. «Առանցքում ունենալով ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»:
Կրկին վերադառնալով հայոց ցեղասպանությունը դատապարտող Բունդեսթագի ընդունած բանաձեւին՝ պարոն Շարմազանովը պատասխանեց դիտարկմանը, թե հայ-թուրքական հարաբերություններն ավելի կվատանան. «Հայաստանի Հանրապետության կարծիքը հստակ է՝ հայ-թուրքական արձանագրությունները պատմության խորքային դարակ է մտցրել Թուրքիան, վերջինս է հանդես եկել նախապայմաններով, ուստի, հաշտեցման համար հենց Թուրքիան պետք է քայլեր կատարի:
Կարդացեք նաև
Բայց Թուրքիան հետ քայլ է կատարում, ավելին՝ հետ է կանչում Գերմանիայից Թուրքիայի դեսպանին, շարունակվում են շանտաժները Բունդեսթագի պատգամավորների հետ, որովհետև Թուրքիայի քաղաքական վերնախավը պատրաստ չէ առերեսվել պատմության հետ, գրեթե ոչինչ չի սովորել:
«Խնդիրը Թուրքիայի մեջ է: Պատասխանատուն Թուրքիան է՝ իր քաղաքական իշխանության հետ միասին: Ուշ թե շուտ միջազգային քաղաքականության բոլոր դերակատարները պետք է ճանաչեն, եթե ուզում են, որ նոր ցեղասպանություններ չկրկնվեն: Բունդեսթագի բանաձեւի ընդունումը նոր դռներ է բացում դեպի նոր ճանաչումներ, դռներ է փակում դեպի ժխտողականություն, նորանոր հանցագործություններ մարդկության նկատմամբ: Դժբախտաբար, Թուրքիայի ղեկավարությունը պատրաստ չէ առերեսվել սեփական պատմության հետ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ