Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Մնացական Ալեքսանյանը, որի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո՝ անցած տարվա հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի մոտ բողոքի դուրս եկած ցուցարարների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած բախումների պատճառով, այսօր Aravot.am-ին տեղեկացրեց, որ նախաքննություն որպես այդպիսին չի ընթանում, սակայն գործը չեն էլ կարճում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4 –րդ կետով, այն է խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:
Նշենք, որ ապրիլյան պատերազմը սկսվելուն պես Մնացական Ալեքսանյանը շտապել էր Արցախ՝ որպես կամավորական: Նրա հայրը՝ Մարտիրոս Ալեքսանյանը, եւս եղել է ազատամարտիկ: Հարցին, թե վերջին անգամ ե՞րբ են ձեզ կանչել քննչական, Մնացական Ալեքսանյանը չհիշեց:
«Ոչ մի լուր չունենք քրեական գործից, փաստաբանս՝ Հայկ Հարությունյանը, մշտապես հետաքրքրվում է, սակայն պատասխանը ինչպես որ միշտ՝ գործը դեռ քննվում է: Ոչ մի փոփոխություն չկա, ես Ղարաբաղ էլ գնացի-եկա, դա համարվում է երկրից դուրս գալ, բայց նույնիսկ դա հաշվի չեն առել: Ես ստորագրություն էի տվել երկրից չբացակայելու, բայց ես գնացել եմ Ղարաբաղ, հետ եմ եկել, ոչ մի ուշադրություն չեն դարձրել: Գիտեք, ես սպասում եմ կարճվելուն, ես 80 հազար դրամ աշխատավարձով Հայաստանում եմ մնացել, իսկ այս պահին ինձ իմ աշխատանքի վայրից՝ «Քարֆուրի» «Երեւան մոլի» մասնաճյուղից ուղեգրով Վրաստան են տանում, բայց ես երկրից դուրս գալու իրավունք չունեմ:
«Քարֆուրը» իր մասնագետներին տեղափոխում է Վրաստանի մասնաճյուղ, բայց ես չեմ կարող երկրից բացակայել, երկրից չբացակայելու մասին թուղթ եմ ստորագրել: Փաստաբանս անընդհատ միջնորդագիր է ներկայացնում, որ գործը կարճեն, նշում է, որ փաստեր չունեն, բայց դա էլ ոնց որ թե ուժը կորցնում է: Հարյուր անգամ միջնորդագիր ես ներկայացնում, ոնց որ ձեռ առնեն, ամեն անգամ ստորակետը ուրիշ տեղ դրված՝ նույն պատասխանը հետ են ուղարկում, թե գործը դեռ նախաքննության մեջ է», -ասաց Մնացական Ալեքսանյանը:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ Արցախ է մեկնել ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի հետ: «Գնացել եմ իմ պարտքը կատարելու հայրենիքիս առաջ, 35 օր մնացել եմ: Որպես կամավորական եմ գնացել ու մանվելական, շմայսական բրիգադների հետ ընդհանրապես գործ չեմ ունեցել ու ոչ էլ գործ կունենամ: Գնացել եմ ջանֆիդեցի Ռուստամի հետ, պապայիս հետ պիտի գնայի, բայց պապայիս առողջականը չներեց, գնացի Ռուստամ Գասպարյանի հետ: Ինքն էլ ոչ մի կուսակցական խաղեր այնտեղ չի տվել: Մեր գործողությունները կատարել, հետ ենք եկել»,- ներկայացրեց Մնացական Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ բախումների գործով մեղադրյալների քանակը շուրջ 20 են, նրանց մեջ կան նաեւ այնպիսի երիտասարդներ (օրինակ՝ գյումրեցի Անուշավան Հարությունյանը), որոնք տոմսերը ձեռքերին՝ չկարողացան մեկնել ՌԴ` արտագնա աշխատանքի հարուցված քրեական գործի պատճառով:
Շիրակի մարզի դատախազությունից մեզ փոխանցեցին, որ նախաքննությունը դեռ շարունակվում է:
Լուսանկարը՝ Մնացական Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ