Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուջեի փողերը խնայելու համար պաշտոնյաների համար կանաչ-կարմիր տոմսեր կգնեն

Հունիս 02,2016 20:33

Պաշտոնյաների համար կառավարությունը որոշել է կանաչ-կարմիր տոմսեր գնել՝ բյուջեի փողերը խնայելու նպատակով: Երեկ այս մասին կառավարության նիստում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Սկզբնական փուլում մի քանի գերատեսչություններում ստեղծվելու է էլեկտրոնային հարթակ, որի միջոցով ամրագրվելու են ավիատոմսերն ու գնվելու են:

Առաջարկվում է, որ բյուջետային միջոցներից ցանկացած ավիատոմս ձեռք բերելու համար լինեն հետեւյալ կանոնները: Կանոն առաջին՝ հենց որ պաշտոնական մակարդակով ստացվում է գործուղման մեկնելու թույլտվություն, 24 ժամվա ընթացքում պետք է էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացվի ամրագրումը: Դրանից հետո յուրաքանչյուր մարմնում պատասխանատու անձը պետք է հաստատի ու թույլ տա այդ տոմսի գնումը:

Ըստ Դավիթ Հարությունյանի. «Առանձնահատկությունն այն է, որ այդ համակարգը թույլ է տալու էկրանին տեսնել առավել էժան տոմսերը, ամենաէժան տոմսը եւ նրանից առավելագույնը 8 տոկոս ավելի թանկ տոմսերը, այդ տոմսերն անվանում ենք կանաչ տոմսեր, այդ տոմսերից յուրաքանչյուրը համապատասխան անձը կարող է գնել:

Բայց կան բացառիկ դեպքեր, երբ հնարավոր է գնել ոչ միայն կանաչ, այլ նաեւ կարմիր տոմս: Խոսքը գնում է այսուհետ միայն էկոնոմ դասի տոմսերի մասին: Ո՞ր դեպքերում է հնարավորություն ընձեռվում, որպեսզի գնվի կարմիր տոմսը: Մի քանի կանոններ կան, որոնցից առաջինը ուղիղ չվերթի կանոնն է»:

Նա նաեւ ասաց, որ կանաչ տոմսերը բոլորը նախատեսում են տարանցիկ թռիչք, կարմիր տոմսերը, որոնք նախատեսում են ուղիղ թռիչք՝ մի պայմանով, եթե այդ կարմիր տոմսն ամենաէժան տոմսից իր գնով տարբերվում է ոչ ավելի, քան 15 տոկոսով: Երկրորդ կանոնն, ըստ Դավիթ Հարությունյանի, առավելագույն տարանցիկ ժամանակի կանոնն է: Եթե բոլոր կանաչ տոմսերը նախատեսում են տարանցիկ թռիչք, եւ տարանցիկ օդանավակայաններում անձը պետք է ավելի քան 6 ժամ անցկացնի, բայց կա ոչ ավելի, քան 15 տոկոսով ամենաէժան տոմսից թանկ կարմիր տոմս, որը նախատեսում է 6 ժամից պակաս ժամանակի անցկացում օդանավակայանում, ապա իրավունք է տրվում գնել այդ տոմսը:

Մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930